×

Պավել Կուրտեյեւը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Fabrica սթեյքի ռեստորանը վերաբացվել է նոր ճաշացանկով

Սարյան 9 հասցեում գործող Fabrica  ⦁ the steak restaurant ⦁ -ը 2021 թվականից ներկայանում է նոր ճաշացանկով, ինտերիերով ու տրամադրությամբ: Նոր ճաշացանկի հեղինակն է երկարամյա փորձ ունեցող շեֆ-խոհարար Պավել Կուրտեյեւը, որն այս խոհանոցի շեշտը դրել է սթեյքերի վրա. նա ներկայացնում է 21 աննախադեպ սթեյք 5 կատեգորիայում։ GastroVino-ի հետ զրույցում Պավել Կուրտեյեւը պատմել է նոր ուտեստների յուրահատկության ու ռեստորանի րեբրենդինգի մասին:

Շեշտը դրվել է սթեյքերի վրա

Արդեն մեկ ամսից ավելի է՝ մենք վերագործարկել ու րեբրենդինգ ենք արել Fabrica ռեստորանը՝ մենյուում ներկայացնելով 21 աննախադեպ սթեյք մի քանի կատեգորիայում՝ հայկական, հայկական հնեցված, ներմուծված մսից ու ձկնային սթեյքեր: Փոխել ենք մեր մոտեցումը՝ սպասարկումից մինչեւ խոհանոց, անփոփոխ ենք թողել միայն ռեստորանի անվանումը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մենք անվանում ենք մեզ սթեյքի ռեստորան ու գտնում ենք, որ անգերազանցելի ենք այս կատեգորիայում՝ թե որակով, թե ներկայացված տեսականիով:

Fabrica  ⦁ the steak restaurant ⦁ -ի նորացված ճաշացանկի տեսականին իրականում շատ մեծ է. սթեյքերից բացի ներկայացվում է շեֆ-խոհարարի կողմից ստեղծված տարատեսակ ճաշատեսակների յուրահատուկ միքս:

Ստեղծել եմ նաեւ մենյուի փոքրիկ բաժին՝ հատուկ առաջարկներ շեֆ-խոհարարի կողմից, որտեղ ներկայացնում եմ իմ հեղինակային սթեյքերը։

Տեղական միսը՝ յուրահատուկ սթեյք

Մենք գիտենք գաղտնիքը՝ ինչպես հատուկ մշակման արդյունքում տեղական մսից ստանալ որակյալ, համեղ, հյութալի ու բարձրորակ սթեյք. հենց դա է մեր խոհանոցի «մեխը»:

Լուսանկարը՝ Citron Agency


Տեղական մսից որակյալ սթեյք ստանալը բավականին դժվար է: Հայաստանում մսատու ցուլիկներին հիմնականում կերակրում են խոտով, ինչն ավելի բնական կեր է համարվում կենդանու համար: Այն մսին հիանալի համ է հաղորդում, բայց միսն ավելի պինդ է ստացվում, իսկ նման մսերի հետ աշխատելը հեշտ չէ: Մենք 30-ից 40 օր հնեցնում ենք մեր սթեյքերը՝ դրանք ավելի նրբահամ դարձնելով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բայց նաեւ հնեցումը կատարում ենք հատուկ եղանակով՝ սթեյքերը հնեցնում ենք ցլիկի ճարպի մեջ: Երկար ժամանակ ենք ծախսել, որպեսզի ստանանք ճիշտ ջերմաստիճանում եւ ճիշտ ժամանակում հնեցման տեխնոլոգիան:

Սթեյքից բացի

Ունենք նաեւ աղցանների, ճաշերի ու թեթեւ ուտեստների լայն տեսականի, այսինքն՝ այս հաստատությունը չի կարելի անվանել պարզապես «սթեյքհաուս»:

Լուսանկարը՝ Citron Agency


Առանձնահատուկ է մեր ծովամթերքի բաժինը՝ ծովախեցգետին, թունա, միդիաներ, սաղմոն, նաեւ ձկների սթեյքեր:

Ռեստորանի կարեւոր մաս են կազմում մեր շոու-ուտեստները, որոնք հատուկ սեղանի վրա են պատրաստվում՝ ֆլամբե սեղանի վրա:

Լուսանկարը՝ Citron Agency


Ես ճաշացանկը կազմել եմ՝ հիմնվելով իմ փորձի վրա: Փորձել եմ ներառել այնպիսի ուտեստներ, որոնք մարդիկ սիրում են, ուտելիս հաճույք են ստանում ու մեկ այլ վայր այցելելու ցանկություն չեն ունենում:

Մի քիչ էլ անձնականից

Իմ փորձից հասկացել եմ, որ Հայաստանում մարդիկ բավականին պահպանողական են ու անսովոր համեր ոչ հաճախ են սիրում, այդ պատճառով խոհանոցային փոփոխությունները Հայաստանում շատ դանդաղ են տեղի ունենում: Սակայն ես միանշանակ կարող եմ ասել, որ հայերը միս շատ են սիրում:

Լուսանկարը՝ Citron Agency


Իմ խոհարարական փորձը բավական մեծ է, տարբեր երկրներում ապրելու արդյունքում տիրապետում եմ տարբեր խոհանոցների: Ինձ հոգեհարազատ է սլավոնական խոհանոցը, եվրոպականը նույնպես սիրում եմ, որովհետեւ աշխատել եմ մի շարք եվրոպական խոհանոցներում: Ծովամթերքի պատրաստման փորձ եւս ունեմ:

Պավել Կուրտեյեւը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ոլորտում աշխատում եմ 16 տարեկանից, հիմա 41 տարեկան եմ: Սկսել եմ աշխատել Ղազախստանում, Ալմաթի քաղաքում մի քանի ռեստորաններ եմ բացել, որոնք մշտապես առաջին մրցանակներ են ստացել:

Առաջին անգամ այստեղ եմ եկել 2014 թվականին, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի «Սլավյանսկի» ռեստորանում աշխատելու համար: Հայաստանում բացել եմ նաեւ հայտնի «Վերանդա» ռեստորանը, իսկ մինչեւ անցած տարի MBG ընկերության ցանցի ռեստորանների ցանցում եղել եմ բրենդ-շեֆ:

Տրամադրող մթնոլորտը

Fabrica  ⦁ the steak restaurant ⦁ -ում աշխատում եմ վերաբացումից սկսած: Երբ առաջին անգամ մտա այստեղ, մթնոլորտն ու աուրան շատ հավանեցի: Ռեստորանի դիզայնը հիմնականում մուգ գույների մեջ է, բայց հետաքրքիր է, որ այն խիստ ու մռայլ չէ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ներսում շատ լուսավոր է. Երեւանում քիչ ռեստորաններ ունեն այս քանակի պատուհան: Ռեստորանի կեսը ֆրանսիական պատուհաններ են, որոնք նայում են այգուն կամ Սարյան փողոցին: Այս ամբողջի համակցությունն է Fabrica  ⦁ the steak restaurant ⦁ -ին դարձնում եզակի:

Լուսանկարը՝ Citron Agency


Վերաբացման արդյունքում մենք նաեւ ինտերիերն ենք փոփոխել: Այս փոքր ռեստորանը բաժանել ենք չորս գոտիների, որոնց մեր մեջ պայմանականորեն անվանում ենք «VIP գոտի», «փափուկ գոտի», «ռոմանտիկ գոտի», «բար գոտի»: Այս բաժանումով մեր հաճախորդներին առաջարկում ենք այցելել Fabrica` տարբեր տրամադրությունների ու տարբեր առիթների համար:

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Fabrica-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին