×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բարեգործական տաղավարից ռեստորան դարձած Machar 44-ը

Իսահակյան 44-ում՝ ալ կարմիր դռների կողքին փոքրիկ սեղան է դրված՝ երկու աթոռով։ Այս տեսարանն արդեն հուշում է, թե ինչ միջավայր է սպասում ներսում։ Կարմիր դռների հետեւում վերջերս բացված Machar 44 բարեգործական ռեստորանն է։ Այն մեծ ու լուսավոր բնակարանի է նման. հնաոճ, բայց գեղեցիկ ու խնամքով պահված կահույքով, դաշնամուրով, ինտերիերի հետաքրքիր մասնիկներով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մուտքից ձախ առաջին սրահն է՝ նախատեսված չծխողների համար։ Աստիճաններով էլ հնարավոր է բարձրանալ երկրորդ հարկ, որտեղ ռեստորանի ավելի մեծ հատվածն է՝ նախատեսված ծխող այցելուների համար։ Ռեստորանն ունի նաեւ բաց պատշգամբներ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բարեգործական ռեստորանը գործում է շուրջ մեկ ամիս, «Ապագան հիմա» բարեգործական կազմակերպության համահիմնադիրներից մեկի եւ ՀԿ-ի համատեղ նախագիծն է։ Ռեստորանից ստացված շահույթն ուղղվում է կազմակերպությանը՝ Արցախից տեղահանվածներին, վիրավոր զինծառայողներին ու նրանց ընտանիքներին օգնելու համար։

«Ապագան հիմա» բարեգործական կազմակերպության նախագահ Ստեփան Ավագյանը GastroVino-ին պատմել է, թե ինչպես է արցախյան տաղավարը վերածվել ռեստորանի։

Մաճառը՝ շարունակականության խորհրդանիշ

Պատերազմի առաջին օրերից միավորվեցինք ու փորձեցինք մարդկանց օգնել հենց փողոցից՝ Սարյան 4 հասցեից, մեկ ամիս անց տեղափոխվեցինք Իսահակյան 44, գրանցվեցինք որպես հասարակական կազմակերպություն ու շարունակեցինք ավելի համակարգված աշխատել։ Հենց սկզբից նպատակ ունեինք Արցախից տեղահանված ու կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին ոչ միայն օգնել ֆինանսապես, տրամադրել սնունդ կամ հիգիենայի պարագաներ, ապահովել կացարանով, այլեւ ստեղծել հնարավորություն, որպեսզի նրանք կարողանան գումար վաստակել։

Այսպես՝ Իսահակյան 44-ի դիմաց սկսեց գործել մեծ, գեղեցիկ, արցախյան կոլորիտով տաղավար, ուր արցախցի կանայք պատրաստում էին ժենգյալով հաց, փախլավա, գաթա, թթու՝ արցախցիներն այն անվանում են «աղ դրած»։

Ստեփան Ավագյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Տաղավարի հայտնիության հետ նաեւ ավելացավ աշխատողների թիվը՝ հասնելով շուրջ 30-ի։

Ձմռան ընթացքում տաղավարը պահելու խնդիր առաջացավ։ Քանի որ մարդիկ գիտեին մեր տեղն ու հիմնականում առաքում էին պատվիրում, որոշեցինք այնպես անել, որ հենց տեղում էլ կարողանան ուտել: Այսպես գաղափարն ընդլայնվեց ու դարձավ ռեստորան։ Տաղավարը փակվեց, բայց առաքումները շարունակվեցին։

Լուսանկարը՝ Machar 44


Սկզբում ռեստորանի տարածքը դատարկ էր, խոհանոց չկար, բայց մեկ ամսում կարողացանք բացել Machar 44-ը։ Որեւէ հատուկ բան չենք մտածել, խմբի անդամների ճաշակը համադրելով՝ ստացել ենք ռեստորանի ներկայիս տեսքը։ Ինտերիերի համար մեծ գումարներ չենք ծախսել, ներդրումներն արել ենք նպատակային՝ որակ ստանալու, լավ խոհանոց, գեղեցիկ սպասք ունենալու համար։

Լուսանկարը՝ Machar 44


Նախ՝ գտանք մեր մատուցողին, հետո նրա միջոցով գտանք փորձառու եւ տարբեր խոհանոցների տիրապետող շեֆ խոհարար, ով ավանդական ու հայտնի շատ ուտեստներ կարողանում է ներկայացնել հետաքրքիր ձեռագրով, օրինակ՝ հատուկ ձեւով պատրաստած ղավուրմա ունենք, որը մատուցում ենք արիշտայով, կարտոֆիլի տապական՝ եւս ղավուրմայով է, սաղմոնի սթեյքը կամ անգուսի գրիլը՝ մեր հեղինակային սոուսներով։ Ստացվել է տարբեր խոհանոցների հետաքրքիր փունջ։

Լուսանկարը՝ Machar 44


Մեր մենյուի մաս են կազմում նաեւ արցախյան ուտեստները՝ կուրկուտ, կարմիր լոբով շուրվա, իսկ փախլավան ու ժենգյալով հացը տաղավարից տեղափոխվել են ռեստորան ու մեր այցեքարտերից են համարվում։ Հիմա նախաճաշին մեզ մոտ մատուցվում է նաեւ ժենգյալով ձվածեղ։

Ռեստորանի աշխատակիցներից հինգը Արցախից են, նրանք հիմնականում պատրաստում են արցախյան ուտեստները, օգնում խոհանոցում։

«44» by Machar

Machar 44 -ում մատուցվում է հատուկ մեզ համար եւ սահմանափակ քանակությամբ շշալցված արցախյան գինի։

Մի օր պատահաբար իմացանք, որ տակառներում մնացած Հադրութի խնդողնի տեսակի խաղողի օրգանական գինի կա, որը տեղափոխվել է Ստեփանակերտ։ Հանդիպեցինք գինեգործին, քանի որ գիտեինք, որ Արցախում իրացման խնդիր կա՝ առաջարկեցինք ամբողջությամբ գնել ու հենց Արցախում էլ շշալցնել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բրենդինգ արեցինք, անվանեցինք «44» by Machar, որը համընկնում է պատերազմի տեւողության եւ մեր ռեստորանի հասցեի հետ։ Լոգոն մշակեցինք մեկ գիշերվա ընթացքում։ Լոգոյի կարմիր երեք երանգով շրջանակները խորհրդանշում են գինու զարգացումը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այժմ քննարկումներ են ընթանում ռեստորանում արցախյան օղի ունենալու շուրջ, նաեւ խոզի միս եւ այլ բաղադրիչներ կբերենք՝ հենց արցախյան ուտեստների պատրաստման համար։

Ռեստորանը «խնամք» է ուզում

Մինչ Machar 44-ի բացվելը պատկերացնում էինք, թե ովքեր են լինելու մեր այցելուները եւ հենց այդպես էլ ստացվեց։ Մեզ այցելում են որակը, մեր ինտերիերը գնահատող մարդիկ, նրանք, ովքեր հասկանում են, որ իրենց ծախսած գումարը ծառայում է բարեգործության։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արդեն մեկ ամիս է, ինչ գործում է Machar 44-ը եւ հյուրերի պակաս չունենք, բայց այնպես չէ, որ ռեստորանը բացել ու գնացել ենք մեր գործերով։ Շատերս կիսել ենք մեր առօրյան, աշխատում ենք, լինում ռեստորանում, զբաղվում ՀԿ-ի գործերով, որովհետեւ նոր նպատակներ ունենք։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռեստորանում գործում է փոքրիկ վաճառակետ, ուր առաջնային տեղը տվել ենք մեր արտադրանքին՝ աղ դրած (թթու), փախլավա, գինի, բայց հայկական այլ ընկերությունների արտադրանք եւս ներկայացված է, մենք օգնում ենք նրանց, իրենք էլ օգնում են մեզ՝ հասույթը թողնելով ՀԿ-ին։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ռեստորանի սրահը ծառայում է նաեւ որպես ցուցասրահ, պատերից կախված նկարները եւս վաճառքի են, չորս հեղինակի գործեր են եւ դրանցից գոյացած հասույթը եւս կծառայի բարեգործության։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին