Արդեն 3 ամիս է, ինչ Աբովյան 10 հասցեում գործում է Bar Phoenix-ը: Այն տարբերվում է իր մոնոբրենդային հայեցակարգով՝ առաջարկելով բացառապես «Արարատ» կոնյակի հիմքով կոկտեյլներ, որոնք սակայն, երբեք չեն կրկնում մեկը մյուսին:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
GastroVino-ն զրուցել է բարի համահիմնադիրներ Տիգրան Ավետիսյանի եւ Արկադի Սահակյանի հետ, որոնք պատմում են հայեցակարգի առանձնահատկությունների եւ վերածննդի գաղափարի մասին:
Վերածնունդ «կրակից»
Տիգրան Ավետիսյան՝ Բարմենների հայկական ասոցիացիայի նախագահ, Bar Phoenix-ի համահիմնադիր. Երկար ժամանակ է, ինչ մտածում էի սեփական բար հիմնելու մասին ու դրա համար ճիշտ գործընկեր էի փնտրում: Արկադիին վաղուց էի ճանաչում, հաճախ ենք համագործակցել: Որոշեցինք միավորել երկուսիս փորձը՝ համատեղ բար հիմնելով: Բավականին երկար ժամանակ համապատասխան տարածք էինք փնտրում եւ, ի վերջո, որոնումները կանգ առան Աբովյան 10 հասցեում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Արկադի Սահակյան՝ «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ աշխատակից, Simona բարի սեփականատեր, Bar Phoenix-ի համահիմնադիր. Մեզ համար պարտադիր պայմաններից մեկն այն էր, որ բարը լինի հին երեւանյան շենքում՝ ինչպես կոլորիտի եւ կուտակված ներքին աուրայի, այնպես էլ պատմության համար:
Այս շենքի հետ կապված պատմությունները շատ են: 80-90 տարի առաջ, երբ շենքը ծառայել է որպես հյուրատուն, բազմաթիվ հայտնի ռուս գրողներ են գիշերակաց են անցկացրել այստեղ, եւ նրանց նաեւ կոնյակ են հյուրասիրել: Շենքը նախորդ 60 տարիներին 4 անգամ հրդեհվել է, վերջինը 2019 թվականի նոյեմբերի 21-ին էր: Թեեւ խորհրդանշական զուգադիպություն է, այնուամենայնիվ, Phoenix անվանումը հրդեհների հետ կապված չէ: Ֆենիքս թռչունն (հայերեն՝փյունիկ, հեղ.) «Արարատ» կոնյակի սիմվոլն է, որ խորհրդանշում է ապրանքանիշի նոր վերածնունդը:
Արկադի Սահակյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Իհարկե, հրդեհների էջն արդեն փակված է, քանի որ շենքի փայտային համակարգը փոխարինվել է բետոնով եւ մետաղով:
Տիգրան. Բարի բացումը նախատեսված էր 2019 թվականի դեկտեմբերի 1-ին, սակայն նոյեմբերի հրդեհի վնասները շատ էին: Չնայած 2020 թվականի բոլոր դժվարություններին՝ մեր մեջ ուժ գտանք ծրագիրը վերսկսելու, ու բարը բացեցինք հենց պատերազմի օրերին՝ այդ բարդ իրավիճակում աշխատանքի հնարավորություն տալով նաեւ մեր անձնակազմին: Սա մեծ ռիսկ էր մեր կողմից, բայց կարծում եմ՝ հաջողել ենք: Իհարկե, բացման այս ողջ ընթացքը խորհրդանշական է, եւ շատերը կատակում են՝ ասելով. «Ինչպես անունն էիք որոշել, այնպես էլ իրադարձությունները դասավորվեցին»:
Հայեցակարգը՝ մարտահրավեր
Տիգրան. Հատկապես վերջին տարիներին «Արարատ» կոնյակի գործարանը մեծ աշխատանք է տանում կոնյակի նորովի մատուցման ուղղությամբ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր նպատակը եւս կոնյակի նոր վերածնունդն է՝ ավելի երիտասարդ սպառողներին հասցնելու ու ազգայինը նորովի ներկայացնելու առումով: Bar Phoenix-ը գեր մոնոբրենդային հայեցակարգով բար է, որտեղ չես գտնի որեւէ այլ ալկոհոլային խմիչքի հիմքով կոկտեյլներ, բացի «Արարատ» կոնյակից:
Տիգրան Ավետիսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Արկադի. Նմանատիպ հայեցակարգն աշխարհում շատ դժվար փորձ է համարվում: Այն մեծ մարտահրավեր է հիմնադիրների համար, քանի որ ամեն օր մարդկանց առաջարկում ես մեկ տեսակի խմիչքի հիմքով կոկտեյլներ ու յուրաքանչյուր անգամ պետք է հյուրի համար նոր փորձառություն ապահովես:
Գոռ Ղազարյանը | Լուսանկարը՝ Bar Phoenix
Սա շատ դժվար է նաեւ աշխատակիցների համար, որ ստեղծագործում են հիմնվելով միայն մեկ խմիչքի վրա: Այնուամենայնիվ, մեր կոկտեյլներն այնպես են պատրաստված, որ շատ հաճախ փորձագետն անգամ կդժվարանա գուշակել տվյալ կոկտեյլի կոնյակի հիմքով լինելը:
Կոկտեյլների ալքիմիա եւ «արբած» խոհանոց
Արկադի. Աշխարհի բոլոր լուրջ բարերն իրենց մենյուն storytelling-ի հիմքով են կազմում: Այսինքն՝ կա ընտրված հատուկ թեմա, որին համապատասխանեցված են առաջարկվող կոկտեյլները:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Bar Phoenix-ի դեպքում դա ալքիմիան է՝ աշխարհաստեղծման իր 12 տարրերով: Կոկտեյլները համապատասխանում են ոչ միայն տարրերի անվանումներին՝ Nigredo, Albedo, Rubedo եւ այլն, այլեւ տարրերին բնորոշիչ հատկություններով:
Albedo կոկտեյլը | Լուսանկարը՝ Bar Phoenix
Օրինակ՝ Albedo կոկտեյլը, որի անունը նշանակում է թափանցիկ, հենց թափանցիկ է, թեեւ պատրաստված է կաթից: Մենք դրանից հանում ենք լակտոզան ու գունանյութը եւ պատրաստում կոնյակով ու լիմոնչելոյով խառնուրդ:
Rubedo կոկտեյլը | Լուսանկարը՝ Bar Phoenix
Rubedo կոկտեյլի պարագայում ամենահետաքրքիրն այն է, որ կոնյակն ու մյուս բաղադրիչներ թրմում ենք կակաոյի հատիկներով: Այն մատուցվում է սեւ շոկոլադի մեջ թաթախված բաստուրմայով:
Hermes կոկտեյլը | Լուսանկարը՝ Bar Phoenix
Բարում կարելի է գտնել ինչպես մեյնսթրիմ կոկտեյլներ, այնպես էլ ավելի անհատական նախընտրության: Վերջին տեսակին է պատկանում, օրինակ, Sulphur-ը, որ 10 տարեկան «Ախթամար» կոնյակի, Campari-ի եւ Խոսրովի անտառից հավաքած վայրի ընկույզի լիկյորի խառնուրդ է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Տիգրան. Կոկտեյլները բոլորը հեղինակային են եւ գաստրոնոմիկ, այսինքն՝ ձեւավորումը ոչ թե դեկորատիվ է, այլ ուտելի, ինչը համային ավելի մեծ հարստություն է հաղորդում:
Ծովախեցգետնով և բանջարեղենով խրթխրթան տակիտոս գուակամոլեով | Լուսանկարը՝ Bar Phoenix
Ուտեստների մենյուն եւս հեղինակային է, որը ստեղծելիս ոգեշնչվել ենք տարբեր երկրների խոհանոցներից՝ իսպանական, արգենտինական, ամերիկյան, որոշ տարրեր կան նաեւ արեւելյան խոհանոցից:
Շոգեխաշած տավարի այտամիս գյուղական կարտոֆիլով | Լուսանկարը՝ Bar Phoenix
Աշխատել ենք արտասահմանից հրավիրված անվանի շեֆ խոհարարի հետ՝ ձեւափոխելով ուտեստներն ու դարձնելով դրանք նաեւ հայ սպառողների քիմքին համահունչ: Շատ ուտեստներին ավելացրել ենք «Արարատ» կոնյակ, որով ցանկանում ենք ընդգծել, որ հայկական կոնյակը հրաշալիորեն համադրվում է ցանկացած երկրի խոհանոցի ուտեստների հետ:
Ֆիլե մինյոն կարագով, բուրավետ կանաչիներով և Արարատ կոնյակով | Լուսանկարը՝ Bar Phoenix
Ինտերիեր եւ մթնոլորտ
Արկադի. Գործընկեր ճարտարապետների հետ համատեղ ընտրել ենք այնպիսի գույներ եւ նյութեր, որ այցելուներին լիարժեքորեն կփոխանցեն ցանկալի մթնոլորտը: Ինտերիերում հիմնականում օգտագործել ենք բնական փայտ եւ պղինձ: Ընդհանուր առմամբ ճարտարապետական French chic ու դասական ոճերի խառնուրդ ենք ստացել՝ լիովին պահպանելով շենքի պատմությունը նաեւ ներսում:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Տարածքի ամբողջ լուսավորությունն առնվազն 80 տարեկան է, իսկ աթոռները՝ 40-50: Դրանք բերվել են Շվեդիայից եւ Դանիայից, Հայաստանում անցել ռեստավրացիա: Բոլորը դիզայներական աթոռներ են:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Միջավայրը հարմար է հյուրեր ընդունելու, ընկերների հետ հանգիստ զրուցելու, ընտանեկան հանդիպումների, ժամադրությունների համար: Ընտրել ենք նաեւ հանգիստ երաժշտություն՝ 90-ականների բոսանովա, 80-ականների ջազ, երեկոյան ժամերին՝ երբեմն նաեւ ֆանկ:
Տիգրան. Որոշեցինք սրահներից մեկում ունենալ խանութ-սրահ, որտեղից կարելի է գնել «Արարատ» կոնյակի ողջ տեսականին՝ համահունչ «Արարատ» թանգարանում առկա վաճառքի արժեքին: Հատկապես արտերկրից ժամանած հյուրերի համար շատ հետաքրքիր է նաեւ համտեսի հնարավորությունը՝ նախքան խմիչքը գնելը դրան ծանոթանալու նպատակով: Ունենք նաեւ հատուկ flight set box-եր, որոնք գնելով կարելի է 25 մլ չափաբաժնով համտեսել մի քանի տեսակի կոնյակ:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Քանի որ բարն այնքան էլ մեծ չէ՝ 50 նստատեղ ունի, անձնակազմը հյուրերի հետ շփվելու եւ դրական էմոցիաներ փոխանցելու ժամանակ է ունենում: Մեզ մոտ սպասարկող թիմը ոչ միայն պատվեր է ընդունում եւ մատուցում, այլեւ օգնում հյուրերին ընտրել իրենց քիմքին համահունչ կոկտեյլներ եւ համապատասխան ուտեստներ:
Երկրորդ հարկը՝ շուտով
Տիգրան. Կան միջազգային հայեցակարգեր, որ միեւնույն շենքում մի քանի տարբեր տիպի բարեր են նախատեսում: Կոչվում են Two/Three Stories bar: Մենք եւս որդեգրել ենք այդ մոտեցումը եւ առաջիկայում կբացենք նաեւ 2-րդ հարկում գտնվող նոր բար, որը կկոչվի The Bird Cage (թռչնի վանդակ):
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Արկադի. Ընդհանուր առմամբ, թռչունների թեման աշխարհում թրենդային է, այդ պատճառով էլ երկրորդ բարի հայեցակարգով առաջխաղացնելու ենք էնդեմիկ թռչունների թեման՝ առաջարկելով դրան համահունչ հigh-energy cocktail bar: Այն առանձնանալու է նաեւ բարի մեծ կանգնակով, որ կունենա մոտավորապես 25 նստատեղ: Վերեւում միջավայրն ավելի ակտիվ է լինելու՝ համապատասխան glamourous chic ոճին:
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: