×

Շեֆ Ամինն ու իր թիմը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Շեֆ Ամինի եգիպտական սրճարանը, եզակի համերն ու մատչելի ճաշացանկը

Արդեն երկու ամիս է՝ Խորենացի 27/2 հասցեում եգիպտական սրճարան է գործում: Այստեղ թրենդային գույներն ու դետալային լուծումները ստիպում են քեզ առաջ շարժվել ու հարմարավետ մի անկյուն գտնել, ճաշացանկի ցածր գները գայթակղում են էլ ավելին պատվիրել, իսկ ուտեստների եզակի համերը հիշեցնում են կրկին այցելելու մասին:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


The Egyptian՛s Cafe-ն հիմնել է ութ տարի Հայաստանում բնակվող եգիպտացի շեֆ-խոհարար Ամինը: Նա Հայաստան է տեղափոխվել Marriott Tsaghkadzor-ում աշխատելու համար: Զուգահեռ մի շարք հյուրանոցների ռեստորաններ ղեկավարելուց հետո Ամինը, վերջապես, որոշել է սեփական սրճարանը հիմնել ու երեւանցիներին եգիպտական խոհանոցին ծանոթացնել: Մեզ հետ զրույցում շեֆ Ամինը պատմել է իր ավելի քան 30 տարվա խոհարարական կարիերայի, Հայաստանը շատ սիրելու եւ սրճարանային նոր մշակույթ բերելու մասին:

Resume

Անունս Ամին է, բայց բոլորն ինձ Շեֆ Ամին են ասում, ու դա ինձ շատ է դուր գալիս, որովհետեւ սիրում եմ իմ կոչումը, կարծես, «դոկտոր» լինի:

Շեֆ Ամինը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մինչեւ Հայաստան տեղափոխվելս ապրում էի Լոնդոնում, 2012-ին եմ եկել Marriott Tsaghkadzor-ի ռեստորանը բացելու համար. ես հենց այդ գործում եմ մասնագիտացած: Ի սկզբանե, տարբեր հյուրանոցներում խոհարար եմ եղել, տարիների ընթացքում դարձել եմ ղեկավար-շեֆ (executive chef), որը շեֆ-խոհարարը չէ: Մեծ հյուրանոցներում շեֆ-խոհարարներին կոչում են ավագ-խոհարար, մինչդեռ ես նրանց էլ էի ղեկավարում ու պատասխանատու էի ամբողջ խոհանոցի համար:

Շեֆ Ամինը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մինչ Marriott-ը Ստամբուլում, Ռիադում, Թաիլանդում ղեկավարել եմ Four Seasons հյուրանոցների ցանցի ռեստորանները, Լոնդոնում էլ՝ Shangri-La հյուրանոցի ռեստորանը: 30 տարի Եգիպտոսից դուրս եմ աշխատում, ութ տարբեր երկրներում եմ ապրել: Սակայն իմ կարիերայի ամենաբարձր պաշտոնը 1992-1995 թվականներին Սաուդյան Արաբիայի թագավորի անձնական խոհարարը լինելն էր. այդ ժամանակ իմ ենթակայության տակ ավելի քան 300 աշխատող ունեի:

Հայաստանի տեղը չգիտեր

Երբ Հայաստան գալու առաջարկ ստացա, չգիտեի՝ անգամ այն որտեղ է քարտեզի վրա, ընկերներիս էի հարցնում, ոչ մեկ տեղյակ չէր:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Զվարթնոց» օդանավակայանից մինչեւ Ծաղկաձոր ոչ մի տեղ չկանգնեցինք ու ճանապարհին ոչինչ չտեսա, միայն Արգավանդի կահույքի խանութներն եմ հիշում: Ուզում էի չշարունակել ճանապարհս ու հետ վերադառնալ, բայց հենց մտա Marriott Tsaghkadzor, փոխեցի միտքս: Այստեղ աշխատել եմ երեք տարի, որից հետո տեղափոխվել եմ «Գազպրոմ Արմենիա» ընկերություն ու զարգացրել իրենց ռեստորանները: Սակայն ինչ-որ պահից բոլոր աշխատանքներից դուրս եկա ու սկսեցի ազատ աշխատել, զբաղվել՝ անձնական ճաշկերույթներ ու խնջույքներ կազմակերպելով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Չգիտեմ էլ՝ ինչու եմ մինչեւ հիմա շարունակում Հայաստանում ապրել, գուցե պարզապես սիրում եմ այս երկիրը: Այստեղ ապահով է, հանգիստ, միակ խնդիրն այն է, որ մարդիկ շատ են խոսում ու փոքր բանից մեծ պատմություն սարքում (ծիծաղում է-հեղ.):

«Ոտքի վրա» սուրճ խմելու մշակույթը

The Egyptian՛s Cafe-ի տարածքը վարձակալել էի 2020-ի հունվարից, սակայն համաճարակի բռնկման պատճառով հետաձգեցի բացումը մինչեւ նոյեմբերի վերջ:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մինչ օրս չեմ հասցրել լիարժեք վերջացնել սրճարանի դիզայնը, շարունակում եմ մի նոր մասնիկ ավելացնել սրճարանում ու նոր գաղափարներ բերել, քանի որ ինձ համար շատ կարեւոր են նման պարզ ու դետալային լուծումները:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մենք The Egyptian՛s Cafe-ն համարում ենք թրենդային սրճարան: Սա ռեստորան չէ. այստեղ գալիս ես սրճելու եւ արագ մի բան ուտելու համար: Աշխարհում հիմա նման փոքրիկ սրճարաններն են թրենդային, որտեղ արագ պատրաստվող ուտեստներ են առաջարկվում: Ուզում եմ այս սրճարանային մշակույթը տարածվի Հայաստանով մեկ, քանի որ հայերը սուրճ հիմնականում տանն են խմում, իսկ շատ ուրիշ երկրներում մարդիկ սուրճը գնում են ու սկսում փողոցով քայլել:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պլանավորում եմ նման սրճարան բացել նաեւ Երեւանի այլ վայրերում:

Մենյու

Մեր ճաշացանկում միայն եգիպտական ուտեստներ չեն: Քանի որ ես մասնագիտացած եմ տարբեր խոհանոցներում, որոշել եմ The Egyptian՛s Cafe-ի խոհանոցը միջազգային սարքել, չնայած եգիպտական ուտեստների բաժինը հատուկ առանձնացրել եմ:

Եգիպտական հայտնի արագ ուտեստ Հավաուշին են մեզ մոտ շատ հավանում՝ աղացած մսով լցոնած հաց է: Նորություն է Հայաստանի համար:

Ամենասիրելի ուտեստներից է ֆալաֆելը, որի մեկ բաժինը լավ հագեցնող է:

Աղցանների հետ մատուցում ենք եգիպտական հաց, որովհետեւ մեր աղցանները հացով են ուտում (հումուս, մութաբալ…):

Կոշարին Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր հատուկ ուտեստներից է եգիպտական ազգային կերակուր Կոշարին: Սա մեզ մոտ միայն հատուկ օրերին է պատրաստվում, քանի որ բարդ ուտեստ է՝ ինը տարբեր բաղադրիչ է օգտագործվում:

Երիտասարդական-ուսանողական

Շեշտը դնում ենք երիտասարդների վրա, այդ պատճառով մեր գները մատչելի են ու հասանելի բոլորի համար: Ես ուզում եմ, որ մարդիկ հնարավորություն ունենան ավելի հաճախ սրճարան այցելելու:

Մեզ մոտ ամենաթանկ ուտեստը 1600 դրամ է, պիցցաներից «Տավարի մսովն» է այդ արժեքին: Պիցցանները 1200 դրամից են սկսում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Բոլոր ուտեստներն իմ ձեռագրով են պատրաստվում, իմ անհատական բաղադրատոմսերով: Ես միայն աղ, սեւ ու կարմիր բիբար եմ օգտագործում, քանի որ սիրում եմ զգալ մթերքի լիարժեք համերը:

Լուսանկարը՝ The Egyptian՛s Cafe


Ապագայում պատրաստվում եմ զարգացնել ճաշացանկը. հիմա ավելի շատ «տանելու» ուտեստներ են:

Դեռ ամեն ինչ նոր է

Շատերը չգիտեն The Egyptian՛s Cafe-ի մասին, այդ պատճառով էլ մեր այցելուները դեռեւս այդքան էլ շատ չեն: Հարազատներս կռիվ են անում հետս ու կանչում Եգիպտոս, քանի որ եթե ես նման վայր հիմնեի Եգիպտոսում, հենց առաջին օրվանից այն ընտիր կաշխատեր:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գիտակցում եմ, որ մեր սրճարանը նորություն է Հայաստանի համար ու մարդիկ մեզ աստիճանաբար պետք է ճանաչեն: Սակայն վստահեցնում եմ՝ այս տարվա ամռանը մեր սրճանում մուտքը միայն սեղանը նախօրոք ամրագրելու դեպքում է ստացվելու:

Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին