2020 թվականի ընթացքում, երբ ժամանցի շատ վայրեր չէին գործում կամ գործում էին խիստ սահմանափակումներով, Սարյան 24 հասցեում աշխատանքը եռում էր։ IMAGEMAN Interior & Architecture արվեստանոցի հիմնադիր ու ղեկավար Միքայել Կարսյանը դեռ չբացված «Կտուր» ռեստորանի համար փնտրում էր հին Երեւանին բնորոշ ինտերիերի դիզայներական լուծումներ։
Միքայել Կարսյանը, ով ստեղծել է ավելի քան 50 ռեստորանի եւ սրճարանի կոնցեպցիա, GastroVino-ին պատմել է «Կտուրի» հին ու նոր լուծումների ու Կոնդի նմանության մասին։
«Կտուր»-ը՝ կտուրի տակ
«Կտուր»-ը բարդ ֆորմատով ռեստորան է՝ դահլիճներ, մի կտոր պահեստ, մի կտոր պատշգամբ, հին լուսամուտ, տանիք։ Այն ամբողջությամբ իմ նախագիծն է։ Փորձել եմ ինտերիերում «համեղ» միքս ստանալ, որ մարդիկ զգան երեւանյան կոլորիտը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Խորհրդային տարիներին «Կտուր»-ի տեղում գաստրոնոմ է եղել։ Մենք աշխատանքը սկսեցինք զրոյական վիճակից։ Նոր ռեստորանը, բոլոր դեպքերում, ռիսկեր է ունենում։ Մեր աշխատանքների բուռն շինարարական շրջանն էլ համընկավ կորոնավիրուսի համավարակի սրացման ու սահմանափակումների հետ, երբ ռեստորանները չէին գործում։ Անչափ մեծ էներգիա էինք ծախսել, դրա համար որոշեցինք շարունակել աշխատանքները։ Եթե այդ ընթացքում պատրաստ լինեինք բացվել, ապա մեզ համար ֆիասկո կլիներ, որովհետեւ շատ մեծ ծախսեր էինք արել ու ռիսկեր կային։ Բարեբախտաբար, 2020 թվականի սեպտեմբերի 1-ին մեզ հաջողվեց՝ վերջին ուժերով, վերջին ֆինանսական միջոցներով ու մարդկային ռեսուրսներով, բացել այս ռեստորանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սկզբում այլ կոնցեպտի մասին էինք մտածում, հետո հասկացանք՝ Երեւանում ռեստորանային ոլորտին պակասում է հայկական, տեղական կոլորիտ։ Անվան հարցում համագործակցեցինք մի բրենդինգային ընկերության հետ, նրանք առաջարկեցին երեք տարբերակ, ամենաշատը մեզ դուր եկավ «Կտուր»-ը։ Այդպես սկզբում եղավ անունը ու սկսվեց գրվել «Կտուր»-ի պատմությունը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանի անունը մեզ բերեց շատ հետաքրքիր կարգախոսի՝ «Մեկ կտուրի տակ»՝ «եկեք ընթրենք մեկ կտուրի տակ»։ Կոնցեպտը նաեւ նոր թեմաներ, գաղափարներ, զգացմունքներ առաջ բերեց։
«Կտուր»-ը Կոնդն է ու Երեւանը
«Կտուր»-ի գլխավոր հերոսը Կոնդն է։ Կոնցեպտի հիմքում այդ թաղամասն է։ Մենք վերարտադրել ենք Կոնդի որոշ պատկերներ, քաղաքային ճարտարապետության էլեմենտներ, շերտավոր թաղամասի ու դարերի ընթացքում իրար վրա կառուցված շենքերի տիպը, պատշգամբներ, մաշված նյութեր, թափված ծեփեր, աղյուս։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանում ինտերիերի մաս կազմող դետալներ կան, որոնց բերվել են Կոնդից։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ժամանակին Կոնդը ասոցացվում էր եւ լավի, եւ վատի հետ, համարվում էր մաշված, փլված, «կրիմինալ» թաղամաս, մարդկանց մոտ նեգատիվ էր արթնացնանում, ես փորձեցի դրանից ստանալ դրական հեքիաթ։
«Ռեստորանում կարեւոր է նաեւ շոուն»
Մենյուն կազմելիս փորձեցինք խուսափել հայկական խոհանոց նկարագրից։ Քանի որ ժամանակին Երեւանում ապրել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ փորձեցինք նշանավորել որպես «երեւանյան խոհանոց», ստացվեց հետաքրքիր միքս, որը թույլ է տալիս էլ ավելի ազատ լինել ճաշացանկի հարցում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ցանկացած ռեստորանում շոուն շատ կարեւոր է։ Այդ պատճառով «Կտուր»-ի խոհանոցը բաց է, այցելուն կարող է կանգնել բուֆետի կողքն ու տեսնել, թե ինչպես է խոհարարը պատրաստում իր պատվերը կամ հետեւել, թե ինչպես է թխվում փիդեն, լահմաջոն, ինչպես են գրիլ սարքերում պտտվում մսային ուտեստները։ Խոհանոցի հատվածում տեղադրել ենք պարսկական կամարով վառարան, որի մեջ թխվում են տարբեր խմորային ուտեստներ։
Միքայել Կարսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Միսը կտրատելու համար, անգամ, հատուկ կացիններ ենք գնել եւ խոհարարներին խնդրել, որ պատրաստման ընթացքում հնարավորինս շատ «աղմուկ» լինի։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ռեստորանն անընդհատ մարդաշատ է, ամեն անգամ մարդիկ մեզ մոտ մի նոր բան են բացահայտում։ Դա իմ կարեւոր սկզբունքներից էր, ամենակարեւոր նպատակը, որպեսզի մարդը չհոգնի մի քանի անգամ այցելելուց հետո։ Ամեն անգամ այցելուն նոր բան պետք է բացահայտի՝ սկսած ուտեստներից, գինիներից, վերջացրած ինտերիերով։
«Ռեստորանը թատրոն է»
Ռեստորանը հեքիաթ է, պատմություն, նաեւ՝ թատրոն, որտեղ այցելուն հանդիսատես է, ինտերիերը դեկոր է, խոհանոցը հիմնական ներկայացումն է, խոհարարներն ու մատուցողներն էլ՝ դերասանները։ Եթե հաջողված ներկայացում է՝ հանդիսատեսը փորձում է մեկից ավելի անգամ դիտել, ռեստորանում նույնն է։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: