×

Վահե Գեւորգյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ռեստորատորները կոչ են արել վերացնել սահմանափակումները

Ռեստորանների Հայկական Միությունն այսօր հայտարարել է, որ «կարանտինային նորմերի նույնաբովանդակ պահպանումը չի կարող կրել ուղղակի արհեստական եւ ձեւական բնույթ, ամենեւին չնպաստելով խնդրի իրական լուծմանը եւ շարունակական վնասներ պատճառելով արդեն իսկ փլուզման եզրին հայտնված հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններին»։

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ․

«ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարել է ՀՀ-ում Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով կարանտինը եւս 6 ամսով երկարաձգելու իր մտադրության մասին։

Այս առումով Ռեստորանների Հայկական Միությունը հայտարարում է՝

Միության անդամ կազմակերպությունները համավարակով պայմանավորված ճգնաժամի առաջին օրվանից կոչ են արել պահպանել սահմանված կանոնները եւ ապահովել դրանց կատարումը սեփական ձեռնարկություններում, այսպիսով նպաստելով համավարակային իրավիճակի կարգավորմանը եւ դեպքերի նվազեցմանը։

Գոհունակություն հայտնելով պատկան մարմինների հետ ոլորտի աջակցության իրագործվող ծրագրերով, միաժամանակ նորից կարեւորում ենք ընդունվելիք որոշման վերաբերյալ նախապես մեր բնագավառի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը՝ հատկապես Առողջապահության նախարարության կողմից։

Ընդգծում ենք, որ կարանտինային նորմերի նույնաբովանդակ պահպանումը չի կարող կրել ուղղակի արհեստական եւ ձեւական բնույթ, ամենեւին չնպաստելով խնդրի իրական լուծմանը եւ շարունակական վնասներ պատճառելով արդեն իսկ փլուզման եզրին հայտնված հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններին։

Ելնելով նշյալից առաջարկում ենք՝

1. Վերացնել հանրային սննդի ոլորտին առնչվող ժամանակավրեպ սահմանափակումները։

2. Դյուրացնել օտարերկրյա հյուրերի, գործարարների եւ զբոսաշրջիկների մուտքը Հայաստան՝ ապահովելով առողջապահական անվտանգության միջոցառումները։
Վերականգնել արտոնագրերի տրամադրման արագացված ռեժիմը։

3. Նշյալ խնդիրները եւ ոլորտին առնչվող հընթացս ծագող այլ հարցերը կարգավորելու համար ձեւավորել մշտական գործող աշխատանքային խումբ»։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին