×

Ինչպես ընտրել որակյալ մսամթերք. խորհուրդներ հայկական արտադրողից

Մսամթերքը, տարբեր երշիկներն ու նրբերշիկները ցանկացած սեղանի անբաժան մասն են: Դրանք հարմար են տարբեր տեսակի ուտեստների, աղցանների պատրաստման եւ որպես նախուտեստ առանձին մատուցման համար ինչպես առօրյայում եւ կարեւոր առիթներին, այնպես էլ ճամփորդելիս: Այդ բազմազանության մեջ  որակյալ մսամթերքի ճիշտ ընտրությունը, իհարկե, ամենակարեւոր խնդիրներից է: Մսամթերքի շուրջ ձեւավորված միֆերի բացահայտման եւ առհասարակ որակյալ մսամթերք ընտրելու խորհուրդներ ստանալու նպատակով զրուցել ենք  մսամթերք արտադրող հայաստանյան  առաջատար ընկերության «Աթենք»-ի գլխավոր տեխնոլոգ Նարինե Երիցյանի հետ:

Եվ այսպես, ինչպե՞ս ընտրել որակյալ արտադրանք:

Խորհուրդ՝ կարողանալ ճիշտ «կարդալ» բաղադրությունը

«Առհասարակ, յուրաքանչյուր մթերք գնելիս առաջին քայլը պետք է լինի բաղադրությունն ուսումնասիրելը: Կան մի քանի պարզ կանոններ, որոնց շնորհիվ հնարավոր է հասկանալ, թե ինչպիսին է  պրոդուկտը:

Տեսեք, սննդամթերքի բաղադրամասերը ներկայացվում են ըստ իրենց պարունակության զանգվածային մասի նվազման կարգի. եթե առաջինը նշված է խոզի միսը, հետո խոզաճարպը կամ հավի միսը, ուրեմն բաղադրությունում գերակշռում է առաջինը:

Ի դեպ, շատերին վանում է բաղադրության մեջ խոզաճարպի առկայությունը, բայց սա այն բաղադրիչն է առանց որի նրբերշիկները եւ սարդելկաները չեն ունենա հյութալիություն, եփած երշիկները՝ նուրբ կազմություն, իսկ հում ապխտած եւ կիսաապխտած երշիկներում խոզաճարպն ապահովում է իրենց դասին բնորոշ կտրվածքի պատկերը: Շնորհիվ խոզաճարպի՝ մթերքում  բոլոր համեմունքներն ավելի արտահայտիչ են դառնում:

Սննդամթերքի հատկությունների, սննդային արժեքի, պատրաստման եւ օգտագործման մասին տեղեկությունները միայն տեքստային չեն. հաճախ հանդիպում են նաեւ պատկերներ եւ նշաններ: Ամենահաճախ հանդիպողները E սիմվոլներն են: Դրանք տարբեր են եւ ունեն թույլատրելի սահմաններ: Օրինակ՝ E300-ը ասկորբինաթթուն է՝ մեզ բոլորիս քաջ հայտնի վիտամին C-ն, որը մսամթերքի գույնը պահպանելու  համար է:

Մի փոքրիկ հուշում եւս. եթե մթերքի պիտանելիության ժամկետն այնքան էլ երկար չէ, ապա այդ մթերքում բացակայում են կոնսերվանտներն ու վնասակար հավելումները: Բայց այս դեպքում էլ պետք է ուշադիր լինել, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ այնպիսի փաթեթավորում, որը մթերքի թարմությունը պահպանում է բավականին երկար ժամանակ։


Այսինքն` առանց փաթեթավորման մթերքի պահպանման ժամկետն էականորեն տարբերվում է փաթեթավորվածից։ Երշիկների թաղանթների առկայությունը նույնպես նպաստում է պահպանման ժամկետի երկարությանը, օրինակ՝ եփած երշիկների բազմաշերտ պոլիամիդային թաղանթը ապահովում է 30 օրվա պահպանում։

Նկատած կլինեք, որ առանց փաթեթավորման նրբերշիկների վրա պահպանման ժամկետի մակնշում հաճախ չի լինում, եւ սպառողները նրբերշիկի թարմության մասին եզրակացություն են անում զուտ արտաքին տեսքով: Մեր դեպքում նույնիսկ առանց փաթեթավորման՝ շարանով նրբերշիկների վրա է մակնշված ժամկետը: Այս խնդիրը լուծել ենք՝ նրբերշիկի շարանների վրա ժամկետի մակնշում պարունակող ժապավեն կապելով։

Խորհուրդ՝ լինել ուշադիր մթերքի արտաքին տեսքի եւ գույնի նկատմամբ

Կան մի քանի պարզ կանոններ, որոնք օգնում են արտաքին տեսքի հիման վրա ընտրել որակյալ մսամթերք: Նախ պետք է ուշադիր լինել, որ երշիկի թաղանթը լորձապատ չլինի, չլինեն նաեւ բորբոսային հետքեր կամ գոյացություններ: Կիսաապխտած երշիկների գլանակները պետք է լինեն չոր, եթե դրանք առանց փաթեթավորման են, իսկ վակուումով փաթեթավորված մթերքը բացելուց հետո կարող է ունենալ մակերեսային խոնավություն, որը բնական երեւույթ է։

Ամբողջական մսակտորներից պատրաստված ուտեստները կտրելիս երբեմն կարող եք հանդիպել նաեւ ծիածանագույն երանգավորում․ դա ոչ թե մթերքի թերություն կամ տեխնոլոգիական ընթացքի խախտում է , այլ կապված է մկանային հյուսվածքների կտրման եւ լույսի բեկման անկյան հետ:

Մսամթերքի գունավորումը եւս կարող է հուշող հանգամանք լինել: Կախված տվյալ բաղադրության մեջ մսային հարաբերակցությունից՝ մթերքի գույնի երանգները կարող են տատանվել: Կամ դրա մեջ կարող է լինել որեւէ համեմունք, օրինակ՝ կարմիր պղպեղ, որը եւս ազդում է գույնի փոփոխության վրա:

Գունային երանգը տարբերվում է նախ ըստ մսի տեսակի. տավարի միսն ավելի մուգ է, խոզի միսն ունի վարդագույնին մոտ երանգավորում, հավի միսն ավելի բաց գույնի է: Մսերի գունավորումը տարբերվում է ոչ միայն ըստ կենդանիների տեսակի, այլեւ սեռի եւ տարիքի: Օրինակ՝ արուների միսն ավելի մուգ է:


Տարբեր են գունավորումները նաեւ մսի տարբեր կտորներով պայմանավորված: Օրինակ, աշխատող մկաններ պարունակող  հատվածները թթվածնի կարիք ավելի շատ ունեն, իսկ թթվածին  տեղափոխող սպիտակուցները կարմիր են , ինչով  էլ պայմանավորված է այդ հատվածի մսի ավելի մուգ գույնը:   Ուստի, օրինակ՝ հավի ազդրամիսն ավելի մուգ է, քան կրծքամիսը:  Նույնը նաեւ  խոզի մսի դեպքում է:

Խորհուրդ՝ գնահատել մթերքը շոշափելով

«Մսամթերքն ըստ կոնսիստենցիայի կարող է լինել չոր, կիսաչոր, նուրբ ու հյութալի կամ ձիգ: Դա կախված է կոնկրետ արտադրանքի տեսակից: Կա կարծրատիպ, որ եթե հում ապխտած երշիկը ձիգ չէ, ապա չի կարող լավը լինել, գուցե պատշաճ կերպով չի չորացվել: Օրինակ՝ արտերկրում նախապատվությունը տալիս են նուրբ ու հյութալի մսամթերքին, իսկ հայ սպառողները հիմնականում նախընտրում են չոր ու ձիգ կոնսիստենցիայով երշիկեղեն ու մսամթերք: Բայց ասեմ, որ ժամանակի ընթացքում պահանջարկը  փոխվում է, այստեղ եւս ցանկանում են փորձել նորույթներ, եւ այն ինչ հանդիպել են եվրոպական երկրներում, ուզում են հասանելի լինի նաեւ Հայաստանում:  Իհարկե, յուրաքանչյուր երկիր ունի մսամթերքի արտադրության ուրույն ոճն ու ավանդույթները: Ես միշտ նշում եմ, որ Հայաստանն ու հայերը տարածաշրջանում աչքի են ընկնում մսային ուտեստների եւ մսամթերքի պատրաստման յուրօրինակ մոտեցումներով, եւ մեր տեղական արտադրանքն իր որակով ոչնչով չի զիջում եվրոպականին թե´ որակի, թե´ համային ու հոտային հատկանիշների առումով մրցունակ է ինչպես  ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:   

Կարեւոր խորհուրդ սպառողներին, որ կիսաապխտած երշիկների ընտրության հարցում հատուկ ուշադրություն դարձնեն, որ սեղմելիս փափուկ չլինեն, իսկ եփած երշիկների մսային բաղադրության առկայությունը ստուգելու համար պետք է պարզապես երշիկից կտրել մի շերտ եւ ոլորել այն: Ոլորման արդյունքում երշիկը չպետք է կոտրվի։

Եվս մեկ հետաքրքիր փաստ նրբերշիկների վերաբերյալ. շատերը կարծում են, որ նրբերշիկները հում են եւ տաքացնելու նպատակը դրանք եփելն է: Իրականում նրբերշիկները լիարժեք պատրաստված մսամթերք են, ինչպես եփած երշիկներն ու  մսամթերքի  մյուս տեսակները, բացառությամբ  գրիլ տեսակի նրբերշիկներից ։

Նախապատվությունը պետք է տալ բնական ծխեցված մթերքներին: Ծխեցված մթերքները տարբերվում են արտաքին գույնով՝ ոսկեգույնից մինչեւ շագանակագույն երանգի եւ տիպիկ հոտով։  Բացի  հարուստ եւ հագեցած համ հաղորդելուց ծխեցումն ունի մսամթերքի համար շատ կարեւոր՝ մանրէասպան հատկություն։ Ծխեցման գործընթացի ապահովումը, իհարկե, բավականին ռեսուրսատար աշխատանք է, եւ ոչ բոլոր կազմակերպությունները կարող են իրենց թույլ  տալ նման տեխնոլոգիայի ներդրում։

Նարինե Երիցյանը


«Աթենք» ընկերությունն իր ստեղծման օրվանից ի վեր առաջնային կարեւորություն է տալիս  ծխեցման գործընթացին եւ  կատարելագործում է տեխնոլոգիան՝ օգտագործելով գերմանական սարքավորումներ եւ ներկրելով  կաղնու ու հաճարի փայտերի որակյալ թեփ:

Որպես տեղական մսամթերքի առաջատար ու խոշոր արտադրող, մենք մեծ նշանակություն ենք տալիս, իհարկե, ժամանակակից տեխնոլոգիաներին. անընդհատ ավելացնում ենք մեր արտադրական հզորությունները:

Բարձրորակ արտադրանք ստանալու համար առանձնակի կարեւոր է  հումքի  ձեռքբերումից  մինչեւ  սպառման եւ  վաճառքի  կետ հասցնելու գործընթացի վերահսկումը:Իսկ սպառողներին խորհուրդ կտամ օգտվել վստահելի եւ տարիների փորձ ունեցող արտադրողների մսամթերքից: Մի՛ թերագնահատեք տեղական արտադրանքը, այլ պարզապես եղե՛ք գիտակ սպառող»:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին