×

Անին եւ Գայանեն Լուսանկարը՝ Մեդիամաքս

Երեւան-Գյումրի ճանապարհը կտրող «Նուշ» ռեստորանը

Երեւան-Գյումրի տանող ճանապարհը կարելի է ընդմիջել գյուղմթերքներից պատրաստված հայկական ուտեստներով․ 2019 թվականից Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում բացվել է «Նուշ» ռեստորան-հյուրատունը։

«Նուշ» սննդի կայանը հիմնել են երկու ընկերուհիներ` Անի Հովհաննիսյանը եւ Գայանե Մալիշենկոն: 29-ամյա Անին, համաշխարհային տուրիզմի զարգացման էկոնոմիկա ուսումնասիրելով Սորբոնի համալսարանում, 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո վերադարձել է Հայաստան՝ գիտելիքները հայրենիքում ներդնելու նպատակով։ Ընկերուհու՝ չինարենի թարգմանիչ եւ զբոսավար 30-ամյա Գայանեի հետ Անին իր հայրական տունը վերափոխել է «Նուշ» հյուրատան։ Սա ընտանեկան բիզնես է, Անին եւ Գայանեն մատուցող են, Անիի մայրը, հորաքույրը պատրաստում են, իսկ հայրը խորովածի վարպետն է։

«Եթե գաթա են պատվիրում, ուրեմն միանշանակ հորաքույրս է պատրաստում, իսկ մնացած ճաշատեսակները պատրաստում են մայրս ու գյուղի կանանցից մեկը, որ մեզ մոտ խոհարար է աշխատում։ Այստեղ կարելի է ուտել գրեթե բոլոր հայկական կերակուրները՝ տոլմայից մինչեւ գյուղում աճող կանաչիներով տապականեր եւ աղցաններ։

Անին Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր հայտնի ճաշատեսակներից է Սասունի կլուլիկը, քանի որ Աշնակի բնակչությունը Սասուն գավառի գաղթականներն են։ Կլուլիկը ամենօրյա կերակուր է եղել, որն Աշնակում սեղանի շուրջ է հավաքել ընտանիքի բոլոր անդամներին՝ անկախ տարիքից եւ սեռից։ Չնայած այն խորհրդային շրջանում ձեւավորված սովորույթ է, որովհետեւ Սասունում տղամարդիկ եւ կանայք առանձին-առանձին էին ճաշում։ Հաշվի առնելով այս ճաշի համար օգտագործվող ոչ կենդանական մթերքը՝ (բացառությունը՝ սոխառածի յուղն է, որը կարելի է փոխարինել բուսական ձեթով) չի բացառվում, որ այն հատկապես մատուցվել է պահքի օրերին»,-պատմում են Անին եւ Գայանեն:

Խոհանոցում հիմնականում օգտագործվում է այգու բերքը, երբեմն գնում են նաեւ գյուղացիների մթերքը։ Ճաշացանկում ունեն նաեւ Արագածոտնի մարզի պասուց տոլմա եւ Սասունական ճմուռ, իսկ ամենայուրօրինակ ուտեստը Նուշելլոն է՝ հորինված հենց հիմնադիրների կողմից։

Գայանեն Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Աշնակ գյուղում, որը Սասունի նման հարուստ է պտղատու ծառերով, ստեղծել ենք նոր «մանանա»՝ խնձորից եւ նուշից պատրաստում ենք համեղ հրուշակ, եւ քանի որ այն Ռաֆաելլոյի նման պարունակում է Աշնակում տարածված նուշը, անվանել ենք Նուշելլո: Նուշից «կորիզով» գնդիկները չեն սահմանափակվում խնձորի քերուկով եւ նուշի փաթիլներով պատված Նուշելլոյով, կա նաեւ դրա աղցան տարբերակը, որն իր տեսքով ավելի շատ է Ռաֆաելլո հիշեցնում, քանի որ նուշի փաթիլների տակ կաթնաշոռից եւ թթվասերից պատրաստված սպիտակ զանգված է՝ նուշ միջուկով»,- պատմում են Անին եւ Գայանեն:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Զբոսաշրջիկների շրջանում բացարձակ «ֆավորիտը» Իմամ բայալդին է, Անին պատմում է, որ դեպք չի եղել՝ այս կերակուրը չհավանեն. մինչեւ վերջին կտորը ուտում են ու միշտ խնդրում կանչել խոհարարներին, որպեսզի հարցնեն բաղադրատոմսը։

Այս հյուրատան ռեստորանի գրեթե բոլոր ուտեստներում ավելանում է ամենակարեւոր բաղադրիչը՝ նուշը․ հյուրատան հիմնադիրները 20 հատ նուշի ծառ են տնկել այգում ու իրենց ընտանեկան բիզնեսը «Նուշ» անվանել։

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին