Աբովյան 8 հասցեում գտնվող 135-ամյա պատմություն ունեցող շենքում արդեն 3 տարի է, ինչ գործում է «Margaryan Business Group» ընկերությանը պատկանող «Ոստան» ռեստորանը: Ընկերության PR մենեջեր Աննա Սալոմեն GastroVino-ին պատմել է ռեստորանի առանձնահատկությունների եւ նոր անակնալների մասին:
Պատմական աուրա եւ ճարտարապետություն
«Ես երեւանցի եմ։ Ծնվել եւ մեծացել եմ Երեւանում ու փորձում եմ լավագույնն անել քաղաքիս համար։ Ցանկանում եմ այնպես անել, որ մեր խոհանոցի ու պատմության միջոցով մարդիկ սիրահարվեն Երեւանին,- ասում է «Margaryan Business Group» ընկերության հիմնադիր եւ սեփականատեր Կարեն Մարգարյանը,- Ասում են՝ մեր «Ոստան»-ը քաղաքին սիրահարվելու եւս մեկ հիմնավոր պատճառ է իր փայտե հին հայկական պատշգամբով, թոնրով, մառանով եւ իհարկե, համեղ, հայկական խոհանոցով։ Եվ դա ինձ երջանկացնում է»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
««Ոստան»-ը գրավում է զբոսաշրջիկների եւ տեղացիների ուշադրությունը, քանի որ յուրահատուկ է եւ´ իր առաջարկած հայկական խոհանոցով, եւ´ միջավայրով, որ պայմանավորված է շենքի պատմական լինելով, ռեստորանի ինտերիերով եւ ջերմ հյուրընկալությամբ»,- ասում է «MBG Hospitality» ընկերության PR մենեջեր Աննա Սալոմեն:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Երեւանյան բակի գրավչությունը
«Աբովյան փողոցում քայլողն անգամ չի էլ ենթադրում, թե ինչ է սպասում իրեն «Ոստան»-ի դռների հետեւում: Անցյալ տարի ամռանը երեւանյան սիրված բակը նորոգվեց, կառուցվեց մեծ հայկական պատշգամբ»,- ասում է Աննա Սալոմեն:
Լուսանկարը՝ Margaryan Business Group
Նա նշում է, որ սեզոնի բացվելուն զուգահեռ հյուրերը նախընտրում են բացօթյա հատվածում վայելել ժամանակը:
Լուսանկարը՝ Margaryan Business Group
Մայիսի 4-ից բացօթյա հատվածում, իսկ մայիսի 18-ից նաեւ փակ սրահներում «Ոստան»-ը նորից հյուրընկալում է իր հաճախորդներին՝ խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները:
Հայկական խոհանոցի զարգացում
Այն ընթացքում, երբ «Ոստան»-ի աշխատակիցները պատրաստվում էին միասին նշել ռեստորանի ծնունդը, գեղեցիկ առիթի մասին տեղեկացան նաեւ ռեստորանի հյուրերն ու շտապեցին շնորհավորելու:
«Մենք Ռուսաստանի Դաշնությունից ենք եւ 3 տարի է Հայաստանում ենք բնակվում՝ գործուղման շրջանակում: Այս երեք տարիների ընթացքում դարձել ենք ռեստորանի մշտական հաճախորդները»,- ասում է հյուրերից մեկը:
Լուսանկարը՝ Margaryan Business Group
Ռեստորանի հավատարիմ հաճախորդների թվում զբոսաշրջիկները զգալի մաս են կազմում, եւ նրանց մեծ մասը ռեստորանը նախընտրում է հենց յուրօրինակ երեւանյան մթնոլորտի եւ համեղ հայկական խոհանոցի համար:
Այն ունի նաեւ համագործակցության լայն շրջանակ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրից ժամանած հանրաճանաչ մարդկանց, բարձրաստիճան այցելուների հյուրընկալույթան կազմակերպման հարցում:
«Ոստան»-ը հայեցակարգային մոտեցում է ցուցաբերում հայկական խոհանոցին: Այստեղ հայկական մթերքներով ստացվում են բոլորովին նոր ուտեստներ, իսկ հին հայկական ավանդական ուտեստներին նոր շունչ է հաղորդվում:
Լուսանկարը՝ Margaryan Business Group
«Ռեստորանն իր առջեւ խնդիր է դրել հայկական խոհանոցի նկատմամբ նոր մոտեցում թելադրել: Առաջիկայում սպասվում են նոր համային համադրություններ, որոնք հավակնում են հայկական իրականությունում դառնալ խիստ թրենդային. հայկական խոհանոցը զարգանալու է ֆյուժն ուղղվածությամբ, կլինի նաեւ հետաքրքիր կոկտեյլ-մենյու»,- մանրամասնում է ընկերության PR մենեջերը:
Նրա խոսքով՝ ռեստորանի թիմը բաղկացած է մոտ 50 աշխատակցից, որ կարողանում են ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդունել մինչեւ 400 հաճախորդի:
Գայանե Ենոքյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: