×

Gouroo Club & Garden ռեստորանում Լուսանկարը՝ Gouroo Club & Garden

Ռեստորատորները խոսել են հռչակագրի նպատակների մասին

Ռեստորանների հայկական միության ներկայացրած hանրային սննդի ոլորտի ընկերությունների հռչակագիրն արդեն հարյուրավոր կազմակերպություններ են ստորագրել։ Առաջարկում են վարձատուներին գնալ փոխզիջման ու մեկ տարով վերանայել վարձակալության պայմանագիրը՝ սահմանելով զեղչ մինչեւ 50 տոկոս։ Հռչակագրում սահմանված կանոնների, դրա կարեւորության ու հնարավոր կիրառելիության մասին զրուցել ենք նախաձեռնությանը մասնակից դարձած մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ։

-50%

Gouroo Club & Garden ռեստորանի սեփականատեր Նատալյա Անտոնյանը մեզ հետ զրույցում ասում է՝ ճգնաժամը լավ հնարավորություն է միավորվելու համար. եթե ռեստորանատերերի մեծամասնությունը ստորագրի հռչակագիրը, ապա դա լուրջ քայլ կլինի ոլորտի միավորման ու զարգացման համար։

«Թե որքանով կիրառական կլինի հռչակագիրը, կախված է նրանից, թե ինչքան ռեստորանատեր կստորագրի այն: Եթե զանգվածային բնույթ կրի, վարձատուները չեն կարողանա հաշվի չառնել հռչակագիրը։ Ոչ թե անհատական ռեստորանների, այլ ոլորտի արձագանք պետք է լինի, ինչի արդյունքում ռեստորաններին կհաջողվի կազմակերպել իրենց հարաբերությունները վարձատուների հետ»,-ասում է Gouroo Club & Garden-ի սեփականատերը։ 

Նատալյան կարեւորում է այս հռչակագիրն այն առումով, որ ռեստորանային բիզնեսը ուղիղ կապ ունի տեղանքի ու միջավայրի հետ, սա գրասենյակային գործ չէ, որ վարձը բարձրանալու դեպքում հեշտությամբ փոխեն տեղանքը։ «Վարձակալության պայմանագիրը վերանայելու եւ մինչ այդ գործող վճարի 50 տոկոսը ընդունելի շեմ համարելու նպատակն այն է, որ ռեստորանները գոնե հանգիստ կարողանան մեկ տարվա համար ինչ-որ բան պլանավորել»,- ամփոփում է Նատալյան։  


Նատալյա Անտոնյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Wine Republic Yerevan-ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը նույնպես վստահեցնում է՝ ներկայում ոլորտի ոչ մի կազմակերպություն ի վիճակի չէ տալ նույն վարձավճարը, ինչ նախկինում է վճարել, քանի որ հիմա ռեստորանները պայքարում են «ջրի երեսին» մնալու համար։ 

«Այս պահին ոլորտը բավականին տուժած վիճակում է. երեք մեծ հարված ենք ստացել։ Մեր շրջանառությունը կտրուկ ընկել է մոտ 60-70%-ով՝ անգամ բաց պայմաններում աշխատելու դեպքում, որովհետեւ մենք տարվա այս շրջանում տուրիստական մեծ հոսքեր էինք ունենում, որոնք այժմ չկան։ Ներքին սպառման խնդիր նույնպես կա, այստեղ էլ կան մարդիկ, որ ռեստորանների բացումից հետո խուսափում են այցելել։ Բացի այդ, խիստ պայմաններն իրենից հավելյալ ծախսեր են ավելացնում։ Այս դեպքում մեր ոլորտը լուրջ տուժել է՝ ի տարբերություն վարձատուների»,- ասում է Արսենը։ 

Ոլորտի ներկայացուցիչները այս հարցի շուրջ պետությունից այժմ արձագանք չեն ակնկալում. ենթադրում են, որ պետությունը կխուսափի միջամտել մասնավոր ընկերությունների հարաբերություններին։ Չնայած Արսենը նաեւ մեջբերում է՝ որոշ երկրներում նման ճգնաժամային իրավիճակներում երբեմն հատուկ որոշումներ են կայացվում պետության կողմից, ինչի արդյունքում վարձավճարները ուշացնելու կամ չվճարելու դեպքում վարձատուները չեն կարողանում խզել պայմանագիրը։ 

Չզբաղեցնել միմյանց տարածքները

Ըստ հռչակագրի՝ ոլորտի գործունեության վերականգնումից հետո 18 ամսվա ընթացքում այն ստորագրողները պարտավորվում են չքննարկել իրենց գործընկերների կողմից զբաղեցրած կամ արդեն իսկ ազատված տարածքների վարձակալության վերաբերյալ վարձատուի որեւէ առաջարկ, չբանակցել այդ ուղղությամբ, չկնքել համապատասխան պայմանագրեր եւ չզբաղեցնել միմյանց կողմից ազատվող վարձակալվող տարածքները։


Արսեն Հովհաննիսյանը Լուսանկարը՝ անձնական արխիվից

Wine Republic Yerevan-ի հիմնադիրը նշում է՝ ցավոք, կան որոշ վարձատուներ, որոնք մտածում են՝ եթե մեկը չլինի, հեշտությամբ մյուսին կտան տարածքը։ Համագործակցությունից հրաժարվող նման վարձատուների համար է այս հռչակագիրը ստեղծվում, այն ստորագրողները բացառում են տարածքի դիտարկումն ու համերաշխություն են հայտնում ոլորտի ներկայացուցիչներին։

«Եթե գտնվեն չհամագործակցող, ըմբռնումով չմոտեցող վարձատուներ, մենք 18 ամիս չենք դիտարկի այդ տարածքը վարձակալելու հնարավորությունը, ինչքան էլ գրավիչ առաջարկ լինի։ Այս դեպքում այն վարձատուները, որոնք չեն ուզում համագործակցել մեզ հետ ու չեն ըմբռնում իրավիճակը, մտածելու բան են ունենալու՝ պետք է հաշվի առնեն՝ արդյո՞ք 50 տոկոս կրճատեն, թե խզեն պայմանագիրը վարձը չվերանայելու պատճառով ու ընդհանրապես կորցնեն վարձով տալու հնարավորությունը, որովհետեւ նոր ռեստորան այդ տարածքը չի վարձակալելու. չէ՞ որ շուկայի հիմնական խաղացողները ստորագրել են հռչակագիրը։

Այս դեպքում գոնե ազնիվ կգտնվենք ու մեկս մյուսի՝ սնանկացմանը տանող ճանապարհին չենք նպաստի։ Մենք պարտավոր ենք մեր ոլորտը պաշտպանել, որովհետեւ եթե հիմա քայլեր չձեռնարկենք, ապա շատ մեծ քանակությամբ ռեստորաններ կսնանկանան»,-ասում է Արսենը։

Wine Republic Yerevan-ի հիմնադիրը տեղեկացնում է՝ այս շրջանում նաեւ քննարկումներ են ունեցել այլ ոլորտների ներկայացուցիչների հետ, որոնք նույնպես հնարավոր է ստորագրեն հռչակագիրը ու չդիտարկեն տարածքը վարձակալելու հնարավորությունը։ 

Մեկը մյուսով

Հռչակագիրը ստորագրողներն ակնկալում են, որ այն փոխադարձաբար պաշտպանելու է ոլորտի ձեռնարկությունների շահերը, սահմանելու է գործարար պարկեշտության նոր չափանիշներ եւ նպաստելու է հետճգնաժամային համեմատաբար արագ վերականգնմանը։

Margaryan Business Group ընկերության PR մենեջեր Աննա Սալոմեն վստահ է, որ հռչակագիրն արդյունավետ է լինելու, քանի որ փորձը ցույց է տվել, որ Ռեստորանների հայկական միության հետ նախորդ համագործակցությունը եւս արդյունավետ էր։ 


Աննա Սալոմեն Լուսանկարը՝ անձնական արխիվից

«Սահմանափակումների արդյունքում ռեստորատորները շատ ավելի միասնական սկսեցին գործել, քան երբեւէ։ Երբ պետությունը հրապարակեց աջակցության փաթեթները, այն առաջացրեց ռեստորանատերերի դժգոհությունը, նրանք համընդհանուր տեսակետ հայտնեցին, ինչի շնորհիվ որոշակի ընդառաջումներ եղան: Սկզբում վերանայվեց աջակցության 8-րդ փաթեթը, հետո քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատակիցները (երաժիշտներ, մատուցողներ), որոնք մինչ այդ աջակցություն չէին ստացել, նույնպես որոշակի օգնություն ստացան։ Հաջողված նախադեպ ունենք, ու այս հռչակագիրը կլինի երկրորդը, որին ռեստորանատերերը կկարողանան միասին հասնել»,-ասում է Աննա Սալոմեն։

Մեր զրուցակիցները կոչ են անում հանրային սննդի ոլորտի բոլոր ընկերություններին միանալ նախաձեռնությանը: Նրանք ընդգծում են՝ այս նախաձեռնությունը հիմնականում մյուս բոլոր ընկերությունների համար է, քանի որ առանց հռչակագրի էլ MBG Hospitality-ին եւ Wine Republic-ին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել իրենց գործընկեր վարձատուների հետ ու նվազեցնել վարձավճարի չափը։  

Աննա Սալոմեն հատուկ շեշտում է՝ hանրային սննդի ոլորտի ընկերությունների հռչակագիրը շատ կարեւոր է հատկապես Ռեստորանների հայկական միության զարգացման համար. սա մի նոր փուլ է միության ուժը, դերն ու կարեւորությունը ընդգծելու համար։ 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին