Համաշխարհային համավարակի հետեւանքով տնտեսական ճգնաժամի պատճառով բիզնեսի տարբեր ճյուղեր կանգնեցին նոր մարտահրավերների առջեւ` կաթվածահար վիճակը գոնե որոշակի առումով մեղմացնելու ուղիներ փնտրելու անհրաժեշտության։
Սակայն այս իրավիճակում կան կազմակերպություններ, որոնք շնորհիվ իրենց ճկուն բիզնես մոդելի, օպերատիվ եւ արդյունավետ են արձագանքում առերեսվող ճգնաժամին: Արտակարգ դրության ու կարանտինի պայմաններում անկեղծորեն զարմանում ես, երբ լսում ես նոր բիզնես նախաձեռնության մեկնարկի մասին։
«Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը («Լիվինգսթոն», «Սմոքինգ շեֆ», «Պանդոկ Երեւան. գետափին», «Շերեփ», «Լավաշ», «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանց, «Երեւանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանց) գործարկում է Yeremyan Products սննդամթերքի արտադրությունը եւ շուտով շուկայում կներկայանա սեփական ֆերմայում արտադրվող կաթի վերամշակումից ստացված կաթնամթերքներով:
«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գործունեության նոր ուղղության ու կաթնամթերքի արտադրության մասին խնդրեցինք պատմել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանին, ընկերության գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանին եւ ընկերության ֆերմայի կառավարման գծով խորհրդատու, «ՍմարթԱգրո» կազմակերպության տնօրեն Արման Օհանյանին:
Ներուժն ուղղված է դեպի գյուղատնտեսական նախագծեր
Դավիթ Երեմյան, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն
Մենք առաջին ընկերությունն էինք Հայաստանում, որ մեր գործունեության հիմքում դրեցինք «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգը, որը լավագույն լուծումն էր մեր 11 ռեստորանների եւ զինծառայողների սննդի կազմակերպման ծրագրի համար մատակարարվող մթերքների որակն ապահովելու եւ վերահսկելու առումով։
2018-2019 թթ. գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ իրականացրեցինք եւ մեկնարկեցինք ֆերմերային տնտեսությունների 2 խոշոր նախագիծ՝ Դիլիջանում գործարկեցինք խոզաբուծական, իսկ Ջերմուկի տարածաշրջանում` տոհմային տավարաբուծական ֆերման:
Այդ հայեցակարգի շրջանակում բացեցինք նաեւ մեր կերախոհանոցը, ինչի շնորհիվ ֆերմաներ մատակարարվող կերն էկոլոգիապես մաքուր է, ճիշտ բաղադրիչներից ընտրված, հատուկ վերամշակում անցած եւ վերակառուցեցինք ու վերագործարկեցինք «Արցախ» մեծ խոհանոց-արտադրությունը կաթնամթերքի եւ մսամթերքի նոր արտադրամասերով։ Կաթնամթերքը, միսն ու երշիկեղենը եւ պահածոները հանձնվում են մեր ռեստորանների տաղանդավոր խոհարարներին, ինչպես նաեւ ուղարկվում Արցախի` մեր կողմից սպասարկվող զորամասերը։
Լուսանկարը՝ Yeremyan Projects
Ստեղծված իրավիճակում մարտի 16-ից սկսած մեր ռեստորանների գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է, եւ մենք ներուժն ուղղել ենք դեպի մեր գյուղատնտեսական արտադրանքի իրացումը, ինչն ավելի ուշ էինք նախատեսում կյանքի կոչել։ Դա այսօր ավելի կարեւոր եւ արդիական է դարձել՝ պարենային անվտանգության ու որակյալ սննդամթերքի անհրաժեշտ պաշարների ապահովման անհրաժեշտության տեսանկյունից։
Արդեն մայիսին սիրելի երեւանցիների դատին կհանձնվի մեր ֆերմայից ստացած կաթնամթերքը` ներկայացված «Yeremyan Products» ապրանքանիշի ներքո։
Կաթնամթերքի բավականին հարուստ ու լայն տեսականի ենք առաջարկում, որը ոչնչով չի զիջում եվրոպական որակային չափանիշներին. բնական մաքուր կաթ, մածուն, քամած մածուն, կարագ, թթվասեր, կաթնաշոռ, ռեժան եւ պանրի բազմազան տեսականի՝ լոռի, չանախ, իմեռուլի, թել, մոցառելա, սուլուգունի, հալած պանիր, էդամ:
Դավիթ Երեմյանը | Լուսանկարը՝ Yeremyan Projects
Եվրոպականին համապատասխանող որակն ապահովվում է նախեւառաջ նույնական մոտեցումների եւ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Որակի առաջնային երաշխիքներից են եվրոպայից ներկրված մաքրացեղ անգուս, ֆլեկվի եւ հոլշտեյն տոհմային բարձրարժեք գենետիկայով խոշոր եղջերավոր կենդանիները, որոնց բարեկեցության, խնամքի, կերակրման, վերարտադրության համար ստեղծել ենք արդյունավետ եւ առաջադեմ անասնապահական համալիր: Բարձրորակ կաթի արտադրության համար ներդրել ենք միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկա եւ սարքավորումներ, կովերի կերակրման եւ պահման առաջադեմ մեթոդաբանություն՝ կիրառելով եւ տեղայնացնելով արտերկրյա գործընկերների ու մեր հետ աշխատող խորհրդականների փորձը:
Առավելություններից մեկն էլ այն է, որ մեր ֆերմայի կթի սրահում իրականացվում է մեքենայացված կիթ, ինչը որակյալ կաթի արտադրության համար հիմնական երաշխիքն է: Կովերի մաքուր, ախտազերծված պտուկներից կաթն անմիջապես խողովակներով հոսում է դեպի փակ սառնարան՝ իսպառ բացառելով շփումն արտաքին միջավայրի հետ` արդյունքում պահպանելով համային եւ հոտային որակական հատկանիշները: Համապատասխան ջերմաստիճանը պահպանելով` հատուկ մեքենայով կաթը տեղափոխվում է «Արցախ» խոհանոց-գործարանի կաթի վերամշակման նորակառույց արտադրամաս, որտեղ անցնում է անհրաժեշտ մշակումները՝ պաստերիզացումից մինչեւ փաթեթավորում: Մեր գործարանն այժմ վերազինված է նաեւ բարձրորակ պանրի արտադրության սարքավորումներով։
Կենդանիների գենետիկան կարեւոր է, բայց ոչ միայն
Արծրուն Խաչատրյան, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գյուղատնտեսական նախագծերի ղեկավար
Երբ ծանոթացա «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Սերմից՝ սեղան» բիզնես հայեցակարգին, հաճելիորեն զարմացա, քանի որ նման բիզնես մոդելն այնքան էլ տարածված չէ, եւ աշխարհում շատ քիչ կազմակերպություններ են նման մոտեցմամբ առաջնորդվում: Ուրախ եմ, որ դարձա ընկերության թիմի անդամ. այս նախագիծը շատ գրավիչ էր եւ մասնագիտական ներդրում ու մեծ պատասխանատվություն էր պահանջում։
Մեր առջեւ դրված էր նպատակ՝ ստանալ պրեմիում որակի կաթ: Ու մեր թիմը արեց ամեն հնարավորն ու անհնարինը` նախեւառաջ ապահովելով կենդանիների համար արդի բոլոր պահանջներին համապատասխան հարմարավետություն: Համալիրը նախագծելիս եւ զինելիս` բազմաթիվ ուսումնասիրություններ ենք իրականացրել, հաշվի ենք առել յուրաքանչյուր մանրուք, որը կնպաստեր բարձրորակ արտադրանք ստանալուն: Նախագծումն իրականացրել ենք շվեդական առաջատար DeLaval ընկերության եւ ՔԱՐԴ ԱգրոՍերվիսի մասնագետների հետ համատեղ: Մեր ֆերման թեթեւ կոնստրուկցիաներով կառուցված շինություններ են, որտեղ մոնտաժված են անասնաշենքի միկրոկլիմայի արդյունավետ կառավարման ժամանակակից համակարգեր:
Մենք ուսումնասիրել ենք Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Հոլանդիայի եւ Շվեդիայի փորձը: Համալիրի ղեկավար անձնակազմն էլ անցել է վերապատրաստում եւ փորձի փոխանակում այդ երկրներում. մի շարք ճանաչողական այցեր ենք ունեցել առաջատար ֆերմաներ: Ընկերության ողջ թիմի եւ մասնագետների ջանքերի արդյունքում ստացել ենք մի անասնապահական համալիր, որն, ի դեպ, իր տեսակի մեջ եւ տեխնիկական հագեցվածությամբ եզակի է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Սա շատ ոգեւորիչ է, քանի որ Հայաստանում այժմ գործում է օրինակելի ֆերմերային տնտեսություն, որ մյուս տնտեսությունների զարգացման համար կարող է նոր խթան լինել:
Լուսանկարը՝ Yeremyan Projects
Նշեմ, որ ֆերման առանձնահատուկ է նրանով, որ այստեղ կենդանիները ոչ միայն կանոնավոր եւ առողջ սնվում են, այլեւ խնամվում են հիգիենայի պահանջներին համապատասխան կանոններով: Իրականացվում է կանոնավոր ախտահանում, կիրառվում են ջրամատակարարման ավտոմատ սարքեր, հանգստի ռետինե ներքնակներ, ավտոմոտ քորիչներ, ֆիլտրեր, օդափոխության հզոր համակարգ, կերակրման ավտոմատացված համակարգեր, գոմաղբի ավտոմատ հեռացման քերիչներ եւ այլն: Ֆերման ունի ամբողջությամբ մեքենայացված կթի սրահ։ Իրականացվում է նաեւ կրծի առողջության պարբերական ստուգում:
Արծրուն Խաչատրյանը | Լուսանկարը՝ Yeremyan Projects
Անասնապահական համալիրում կիրառվում է առանց կապի բոքսային պահվածք, որպես ցամքար օգտագործվում են ծղոտներ: Ինչ վերաբերում է կենդանիների ֆիզիոլոգիական իրավիճակի հաշվետվության-հաշվառմանը, ապա յուրաքանչյուր կենդանի ունի չիպ, որում առկա կյանքին վերաբերող տեղեկատվությունը յուրաքանչյուր օր թարմացվում եւ կառավարվում է հատուկ ներդրված համակարգչային ծրագրի միջոցով: ֆերմայում ներդրված է գենետիկական հատկանիշների բարելավման ծրագիր՝ կիրառելով արհեստական սերմնավորման տեխնոլոգիան:
Ալպյան մարգագետինների խոտ եւ սառնորակ աղբյուրի ջուր, որակյալ կերախառնուրդ՝ սննդարար կաթնամթերք
Արման Օհանյան, «Երեմյան Փրոջեքթս» ֆերմայի կառավարման գծով խորհրդատու, «ՍմարթԱգրո» կազմակերպության տնօրեն
Առաջին իսկ տպավորությունը, որ ստացա նախագծից, լուրջ բիզնես մոտեցումն էր ու հենց դա ինձ ոգեւորեց: Բացի դրանից, մասնագիտական մարտահրավեր էր տրված առաջադրանքը՝ առողջ կենդանիներից կաթի բարձրակարգ որակն ապահովելը։
Նշեմ, որ կաթի որակի ապահովման գործում մեծ դեր ունի կենդանիների կերակրման գործոնը եւ ուրախալի է, որ այդ հարցի արդյունավետ լուծումը եւս նախագծում հաշվի է առնվել: «Երեմյան Փրոջեքթս» ընկերության Ջերմուկում գտնվող անասնապահական համալիրում մեր մասնագետներն են ցանում սերմը, որից ստանում ենք բարձրորակ անասնակերի մի մասը, եւ այն, համապատասխան վերամշակում անցնելով կերախոհանոցում, մատակարարվում է ֆերմաներում պահվող կենդանիներին:
Արման Օհանյանը | Լուսանկարը՝ Yeremyan Projects
Շատ կարեւոր է կերախառնիչի միջոցով ստանալ օպտիմալ կերախառնուրդ, որի բաղադրիչներն են սարի խոտային խառնուրդը, հիդրոպոնիկ համակարգով աճեցված թարմ կանաչ կերն ու բարձրարժեք առվույտը: Սրանցից յուրաքանչյուրն իր դերն ունի արտադրված կաթի որակային եւ օգտակար հատկությունների ապահովման հարցում: Հիդրոպոնիկ համակարգով աճեցված թարմ կանաչ կերը հարուստ է վիտամիններով, ֆերմենտներով, որոնք, կենդանու սննդակարգի մեջ մտնելով, կատարում են կենսական կարեւոր ֆունկցիա: Ի համեմատ այլ կերերի՝ A, E, B եւ այլ խմբերի վիտամիններով եւ ֆոլիկ թթուներով հարուստ հիդրոպոնիկ կանաչ զանգվածի մարսելիությունն ավելի բարձր է։
Լուսանկարը՝ Yeremyan Projects
Խոսելով մեր կերախառնուրդում օգտագործվող լեռնային խոտի եւ առվույտի որակային հատկանիշների մասին, կցանկանայի մեջբերել մեր հոլանդացի գործընկերների՝ «Trouw Nutrition International» ընկերության մասնաճյուղի «Nutreco» կազմակերպության մասնագետների կողմից արված ՀՀ-ում տավարաբուծության մեջ կիրառվող անասնակերի լաբորատոր փորձաքննության եզրակացությունը:
Համաձայն ՀՀ-ից ուղարկված կերանմուշների լաբորատոր փորձաքննության եզրակացության, մեր լեռնային խոտն արդյունավետ է հում թաղանթանյութի եւ էներգիայի միջեւ տարբերակման եւ կառուցվածքի տեսանկյունից: Ծագման առումով սարից վերցված խոտի որակն ավելի բարձր է նույնիսկ մարգագետնային խոտի որակից:
Լուսանկարը՝ Yeremyan Projects
Սարից վերցված խոտով, անսահմանափակ կարելի է կերակրել մատղաշ կենդանիներին՝ համակցված կերի կիրառմանը զուգընթաց: Իսկ առվույտը պարունակում է մեծ քանակությամբ հում սպիտակուց: Այսպիսով` Հայաստանի լեռնային մարգագետինները հնարավորություն են տալիս բարձր որակային հատկանիշներով կաթ եւ կաթնամթերք ստանալ: Իսկ Ջերմուկի տարածաշրջանը բարենպաստ է ոչ միայն իր աշխարհագրական դիրքով, այլեւ հարուստ է եւ որակյալ ջրային ռեսուրսով:
Հատկանշական է, որ ֆերմայում կերակրումն ու կերի բաժանումը ավտոմատացված է, իսկ կերից օգտվելու համար նախատեսված անցուղիների լայնությունը հարմար է կովերի ազատ շարժման համար:
Կաթնամթերքի որակն անփոփոխ է տարին 12 ամիս՝ բարձր յուղայնությամբ, հարուստ սննդային արժեքներով, համեղ եւ օգտակար
Դավիթ Երեմյան, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն
Մեր ֆերմայում արտադրված բնական կաթի առաջին սպառողները եղել են մեր ռեստորանները, եւ կաթի որակի առաջին գնահատականը տրվել է մեր խստապահանջ ու պրոֆեսիոնալ խոհարարների կողմից: Կարծիքը միանշանակ էր՝ ստանում ենք նույն արդյունքը, ինչ մինչ այդ հնարավոր էր ապահովել միայն եվրոպական արտադրության բարձր արժեքով կաթնամթերքի օգտագործման դեպքում։ Բացի գնային լուրջ տարբերությունից, ամենամեծ առավելությունն այն է, որ կաթնամթերքի որակն անփոփոխ է տարին 12 ամիս՝ բարձր յուղայնությամբ, հարուստ սննդային արժեքներով, համեղ եւ օգտակար:
Լուսանկարը՝ Yeremyan Projects
Նշեմ, որ այս պահի դրությամբ դեռ չենք խոսում մեծածախ վաճառքների մասին: «Yeremyan Products» կաթնամթերքը, իսկ հետագայում նաեւ մսամթերքը ներկայացված կլինեն «Լավաշ» ռեստորանի խանութում, որը շուտով կգործարկենք հենց այդ նպատակով, եւ հնարավոր է ձեռք բերել անվճար առաքման ծառայության միջոցով մեր համեղ հեռախոսահամարով՝ 010 600 006: Եղե՛ք առողջ ու լավատես։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: