Gouroo Club & Garden ռեստորանը 2020 թվականի մայիսի 1-ին դարձավ երկու տարեկան։ Gouroo Club & Garden-ի սեփականատեր Նատալյա Անտոնյանը GastroVino-ի հետ զրույցում վերհիշել է ռեստորանի ստեղծման պատմությունը, նշել է այս տարիների ձեռքբերումներն ու պատմել, թե ինչպես է թիմը հաղթահարում կարանտինն ու ինչ նոր գաղափարներ են ծնվում այս օրերին։
Այգին արդեն բացվում էր
Շատ ակտիվ պատրաստվում էինք ամառային սեզոնին: Մեզ մոտ ամառն ու ձմեռը շատ են տարբերվում. եթե ձմռանը ներսում 30 հոգի ենք ընդունում, ապա այգու շնորհիվ ամռանը՝ մոտ 100 հոգի։ Տարվա սկզբին վերանորոգում էինք այգու տարածքն ու հենց այն օրը, երբ արդեն պատրաստ էինք այգին բացելու, երկրում փակվեցին ռեստորանները։
Լուսանկարը՝ Gouroo Club & Garden
Շատերը կարծում էին՝ այս ամենը մեկ-երկու շաբաթ կտեւի, բայց ես առաջին օրվանից էի հասկանում, որ երկար է տեւելու եւ կարեւոր է երկարաժամկետ լուծումներ գտնելը՝ մեկ-երկու տարվա համար։ Գիտակցում էի՝ երբ մարդկանց թույլ տան տնից դուրս գալ, միեւնույն է՝ մենք նախկինի պես նույն հաճախորդները եւ նույն սովորությունները չենք ունենա։ Բացի այդ, մեր թիմում 30-ից ավելի մարդ կա, եւ ինձ համար շատ կարեւոր էր նրանց աջակցելը։
Զուտ բիզնեսի տեսակետից ավելի ձեռնտու կլիներ փակել ռեստորանը եւ որոշ ժամանակ հետո վերաբացել, բայց ես մեծ պատասխանատվություն եմ զգում իմ թիմի եւ մեր հյուրերի նկատմամբ, այդ պատճառով մի շարք նորություններ մտածեցինք ու մեզ հաջողվեց աշխատողների մեծ մասին գործի մեջ ներառել։ Հիմա ահռելի շատ ջանք ու էներգիա ենք ներդնում, որպեսզի պարզապես տեղում կանգնած մնանք։ Այժմ աշխատանքն ավելի բարդ է, բայց ես հպարտ եմ, որ մնացել ենք կանգնած ու կարողանում ենք վճարել հարկերը։ Եթե հարկային արձակուրդ տրամադրեին, ընդհանարապես կարելի էր ոչինչ չհորինել, ինչ-որ գումար վճարել աշխատողներին եւ սպասել։
Gouroo Club & Garden-ի բացումը | Լուսանկարը՝ Gouroo Club & Garden
#HomeEdition
Հասկանում էի, որ տանը մնալով՝ մարդիկ ստիպված են լինելու ընտանիքին օրը երեք անգամ կերակրել եւ ամեն օր չեն կարող ռեստորանային ուտեստ պատվիրել, այդ պատճառով կիսաֆաբրիկատներ առաջարկեցինք։ Ուտեստների պարզ տարբերակներ ենք ստեղծել, որոնք հատուկ բրենդի տակ ենք ներկայացնում՝ HomeEdition Gouroo։ Ընդգծում ենք, որ կրում է Gouroo-ի գաղափարը, բայց ավելի պարզ է ու տնական, իսկ Gouroo-ի խոհանոցը հեղինակային է, տանը չես կարող կրկնել։
Gouroo Club & Garden-ը հայտնի է իր առողջ ուտեստներով։ Մենք ոչինչ չենք տապակում, շաքարավազ ու սպիտակ ալյուր չենք օգտագործում։ Չնայած նման տարբերակով կիսաֆաբրիկատներն ավելի թանկ են ստացվում եւ շատ քիչ շահույթ ենք ունենում, բայց այս իրավիճակում կրկին չենք շեղվում մեր գաղափարից ու առաջարկում ենք այլընտրանքային ուտեստներ։ Կարծում ենք՝ քաղաքում այս օրերին դժվար թե հաջողվի ամբողջահատիկից պատրաստված բլինչիկ, ռավիոլի ու վարենիկներ գտնել, կամ առանց յուղերի տապակվող կոտլետ, որը պետք է պարզապես վառարանում պատրաստել. մենք հենց նման առողջ սնունդ ենք առաջարկում։
HomeEdition Gouroo-ն | Լուսանկարը՝ Gouroo Club & Garden
Ուտեստները ենթարկում ենք խորը սառեցման, որի դեպքում պահպանում ենք բոլոր օգտակար հատկություններն ու համը։ Առաջարկում ենք նաեւ ձկան կիսաֆաբրիկատներ։ Ունենք բնական մուրաբաներ եւ ջեմեր՝ առանց շաքարի եւ կոնսերվանտների՝ պատրաստված գետնախնձորի օշարակով։
Մեր ճաշացանկից որոշ ուտեստներ նույնպես կարելի է սառեցված վիճակում գնել: Նախապատրաստական գործընթացից հետո ուտեստը տեղադրում ենք վակումային պատյանի մեջ եւ խորը սառեցում։ Սա տարբերվում է #HomeEdition-ից. մարինացնում ենք մեր հատուկ սոուսներով եւ համեմունքներով, պատրաստում ենք հատուկ ջերմաստիճանով, ինչի արդյունքում սրա գինն ավելի բարձր է։
Առողջ խորտիկներ ու տնական պաղպաղակ՝ նոր խանութում
Մեր առաջարկած սառեցված ուտեստները շուտով հնարավոր կլինի գնել նաեւ Gouroo Club & Garden-ի խանութից։ Մի քանի օրից պատրասվում ենք բացել ռեստորանի տարածքում գտնվող փոքրիկ խանութը, որտեղ նախկինում Nairian ապրանքանիշն էր գործում։
Մենք միշտ էլ ուզել ենք խանութ ունենալ, բայց չենք հասցրել դրանով զբաղվել: Կվաճառենք մեր ռեստորանի հայտնի դեսերտները, կլինեն օգտակար խորտիկներ, չիպսեր, նախուտեստներ։ Վաճառելու ենք նաեւ մեր պատրաստած տնական պաղպաղակը։
Շնո՜ր-հա՜-վո՜ր
Gouroo Club & Garden-ի ծնունդը պատրաստվում ենք վիրտուալ նշել, հետաքրքիր սեթեր ենք առաջարկում, մայիսի 1-ին եւ 2-ին մեր սիրելի հյուրերը կարող են տոնական սեթ պատվիրել մեր թոփ ուտեստներից՝ 20% զեղչով ու համեղ նվերներով՝ աղանդեր եւ գինի։ Մեր հիմնական ճաշացանկն այժմ 85 %-ով գործում է։
Անակնկալների շարքը շարունակելով՝ նշեմ, որ կարանտինի շրջանում մեր բոլոր պատվերների հետ ֆլայեր ենք կցում, որի վրա QR կոդեր են նշված, դրանցից մեկով տանը կարելի է միացնել այն երաժշտությունը, որը մարդիկ սովոր էին այստեղ լսել (շատերն էին նշում, որ Gouroo-ում երաժշտությունը յուրահատուկ է եւ հաճախ հենց դրա համար են մեզ մոտ գալիս)։
Ջազային համերգ Gouroo Club & Garden-ում | Լուսանկարը՝ Gouroo Club & Garden
Մյուս QR կոդով մեր այգու տեսարանի նկարներն ես ձեռք բերում, դրանք կարելի է Zoom հավելվածով խոսելիս հետին պլանում օգտագործել, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե Gouroo-ում նստած ես։ Նման կերպ փորձում ենք մեր միջավայրը փոխանցել մեր հյուրերին․ չէ՞ որ ուտեստներից բացի ռեստորանի կարեւոր մաս է համարվում միջավայրը։
Կյանքը մինչեւ COVID-19-ը
Կարանտինից առաջ Foursquare հավելվածում Gouroo Club & Garden-ը զբաղեցնում էր երեւանյան ռեստորանների շրջանում առաջին տեղը, դրան արժանացել էինք մեր հաճախորդների անկեղծ կարծիքների շնորհիվ։ Շատ հաճելի է, որ այս երկու տարիների ընթացքում մեզ հաջողվել է նման արդյունքի հասնել ու ապացուցել, որ մեր յուրօրինակ գաղափարով նախագիծը Հայաստանում կայացած է։
Երբ ես ու ամուսինս հիմնում էինք ռեստորանը, այս ոլորտի մասին ոչինչ չգիտեինք։ Այն ժամանակ Մոսկվայում էինք ապրում, ամուսինս ցանկանում էր կորպորատիվ կարիերան ավարտել ու Հայաստանում աշխատել սեփական նախագծի վրա։ Այդ շրջանում ամուսնուս մոտ ընկերն ուզում էր վերանորոգել իր հոր՝ հայտնի ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի տունը։ Քանի որ նա Հայաստանում չէր ապրում, առաջարկեցինք այդ տունը վերանորոգել ու տարածքում ռեստորան հիմնել՝ պահպանելով միջավայրը։
Վարազդատ Հարությունյանի վերականգնված աշխատասենյակը | Լուսանկարը՝ Gouroo Club & Garden
Քանի որ ռեստորանի թեման մեզ հոգեհարազատ չէր, որոշեցինք հետաքրքիր գաղափար տալ նախագծին ու շեշտը դնել առողջ սննդի վրա։ Առողջ սնունդը շատերն ասոցացնում են անհամ աղցանների հետ, իսկ մենք ուզում էինք ցույց տալ, որ առողջ սնունդը նույնպես կարող է ռեստորանային ուտեստ լինել։
Gouroo Club & Garden-ի բրենդ շեֆ Ստեփան Բուրմիստրովը | Լուսանկարը՝ Gouroo Club & Garden
Մեր գաղափարը կիսող շեֆ-խոհարարներ այստեղ չգտանք, Մոսկվայից երկու տարբեր շեֆ-խոհարարների հրավիրեցինք։ Հետագայում, երբ ավելացրինք բարը, կրկին չհաջողվեց Հայաստանում այնպիսի բարմեն գտնել, որ կհամաձայնվեր առանց օշարակի, թարմ մթերքներով կոկտեյլներ պատրաստել. բարմենին նույնպես Մոսկվայից հրավիրեցինք։
Մանսուրյան, Արոնյան, Գիլան, Այոմի
Gouroo Club & Garden այցելում են այն մարդիկ, որոնք կիսում են մեր գաղափարը, ում համար կարեւոր է, որ այստեղ նոր կյանք է սկսվել հին տան մեջ։ Մեզ մոտ ընտանիքով ընթրում են, գործընկերային հանդիպումներ են լինում, շատերը մենակ նստում ու գինի են խմում։
FAST հիմնադրամի նախաճաշը Gouroo Club & Garden-ում | Լուսանկարը՝ Gouroo Club & Garden
Մեր մշտական հյուրերից են ճարտարապետները, նրանք էլ հաճախ իրենց հետ արտասահմանցի հյուրեր են բերում, որպեսզի ցույց տան Վարազդատ Հարությունյանի տունը, լինեն աշխատասենյակում, ուսումնասիրեն նրա գրքերը։ Տիգրան Մանսուրյանն է հաճախ գալիս, Լեւոն Արոնյանն էր կնոջ հետ հաճախ այստեղ նախաճաշում...
Մեր ամենաճանաչված հյուրերից են եղել Deep Purple խմբի երգիչ Իէն Գիլանը եւ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմին։ Նրանք մեզ այցելել էին 2019-ի հունիսին, երբ Rock Aid Armenia բարեգործական նախաձեռնության 30-ամյակը տոնելու համար Մեդիամաքսի հրավերով Հայաստան էին եկել։ Այդ այցելությունը մեր ռեստորանի պատմության վառ էջերից է. շատ էինք անհանգստանում, թե ինչ են ուտելու, ինչպես պետք է դիմավորենք նրանց, ինչ ենք անելու, եթե մարդիկ մոտենան։
Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին Gouroo Club & Garden-ում | Լուսանկարը՝ Gouroo Club & Garden
Իէն Գիլանը եւ Թոնի Այոմին եղան նաեւ Վարազդատ Հարությունյանի աշխատասենյակում, որտեղ նրանց պատմեցի այս տան խորհրդի մասին։ Այդ օրը մեր ռեստորանի պատմության մի մասը դարձավ։
Ամալի Խաչատրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: