×

Լուսանկարը՝ REUTERS

Վիլնյուսը վերածվում է բացօթյա սրճարանի

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսը վերածվում է բացօթյա սրճարանի: Երկիրն աստիճանաբար մեղմացնում է Covid-19-ի համավարակի տարածումը կանխելու նպատակով ընդունված սահմանափակումները եւ քաղաքային իշխանությունները թույլատրել են բարերին եւ ռեստորաններին անվճար հիմունքներով սեղաններ տեղադրել դրսում՝ սոցիալական հեռավորության պահպանելու նպատակով:

Երկուշաբթի Լիտվայի ամբողջ տարածքով իրենց գործունեությունը վերսկսեցին խանութները, վարսահարդարման եւ գեղեցկության սրահները, գրադարանները, թանգարանները եւ սրճարանները: Covid-19-ի հետեւանքով երկրում գրանցվել է  վարակման 1,344 դեպք, որից 44-ը՝ մահվան ելքով: 

Բայց սրճարաններն ու ռեստորանները դեռ պետք է հետեւեն սոցիալական հեռավորության խիստ կանոններին. հաճախորդները կարող են նստել միայն դրսում՝  յուրաքանչյուրն առանձին սեղանի շուրջ, միմյանցից առնվազն երկու մետր :

«Հրապարակների եւ փողոցների մոտակայքում գտնվող սրճարանները կկարողանան անվճար հիմունքներով իրականացնել իրենց գործունեությունը կարանտինի ընթացքում: Պարզապես բացեք, աշխատեք, պահպանեք աշխատատեղեր եւ Վիլնյուսը կենդանի պահեք», -  Վիլնյուսի քաղաքապետ Ռեմիգիուս Շիմաշիուսի այս խոսքերը մեջբերում է Euronews-ը:

Այս որոշումը ողջունել են ոլորտի ներկայացուցիչները: Ըստ Լիտվայի հյուրանոցների եւ ռեստորանների ասոցիացիայի ղեկավար Էվադա Շիշկաուսկենեի, որոշումը շատ տեղին է եւ կօգնի կյանք հաղորդել քաղաքի փողոցներին ՝ առանց խախտելու անվտանգության ցուցումները:

Հասարակական վայրերում բացօթյա սեղաններ տեղադրելու համար դիմել է ավելի քան 162 սրճարան, բար եւ ռեստորան: Անհրաժեշտության դեպքում քաղաքային իշխանությունները ավելի շատ մեծ տարածք կհատկացնեն նախաձեռնության համար:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին