Eats.am-ի թիմն առաքում է 5 օրվա ընթրիքի տեսակավորված, լվացված, մարինացված մթերք, որով կարելի է տանը հեշտ, արագ, բայց նաեւ համեղ ընթրիք պատրաստել։
Բաղադրատոմսերը մշակում է Personal chef խոհարարական դպրոց-ստուդիայի թիմը՝ հոգալով, որ ընթրիքի պատրաստման համար ծախսվի մոտավորապես 20 րոպե ժամանակ։
«Մեզ մոտ տնական, համեղ բաղադրատոմսեր են, մի փոքր մոդեռն շեշտադրումներով, որոնք ե՛ւ աչքին են հաճելի, ե՛ւ կյանքի ռիթմին են համընթաց։ Յուրաքանչյուր շաբաթվա սկզբին 5 օրվա ընթրիքի ճաշացանկը հասանելի է լինում մեր կայքում։ Հաճախորդը կարող է կայքի առցանց գրանցվել ու պատվիրել։ Կա երեք բաժին՝ պրեմիում, դասական եւ բուսակերային։ Չափաբաժինները ֆիքսված են երկու կամ չորս անձի համար, բայց հնարավորություն կա ընտրել նաեւ մեկ չափաբաժնով ու ինքնուրույն հավաքել արկղը»,- ասել է Eats.am-ի տնօրեն Հասմիկ Սարգսյանը՝ Մեդիամաքսի Banks.am կայքի հետ զրույցում:
Eats.am-ի առաքվող արկղերում համարակալված տոպրակներ են՝ 1-ից մինչեւ 5-ը, խոհարարները խորհուրդ են տալիս չխախտել հերթականությունը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Մթերքը, որ ենթակա չէ երկար պահպանման, նախատեսվում է առաջին երկու օրերի համար։ Յուրաքանչյուր տոպրակին, բացի բաղադրատոմսից, կցվում է նաեւ հուշում, թե ինչպես պահել կամ պատրաստել մթերքը։ Մեր թեժ գիծը հասանելի է 24 ժամ, եթե որեւէ բան հասկանալի չէ, կամ քայլեր կան, որ հաճախորդը կցանկանա ճշգրտել, ապա կարող է խոսել հենց խոհարարի հետ»,- նշում է Eats.am-ի տնօրենը։
Մինչ տնօրենը պատմում է Eats.am-ի մասին՝ խոհարարներից ու նաեւ բաղադրատոմս «հորինողներից» մեկը՝ Աշոտ Մկրտչյանը, դասավորում է առաքման հերթական արկղը։
Խոհարարը պատմում է, որ առաքման համար ընտրում են հեշտ պատրաստվող, բայց համեղ ու հագեցնող բաղադրիչներ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Նախապես ամեն ինչ անում ենք, որ պատվիրատուն ընթրիքը փչացնելու հնարավորություն չունենա։ Ցուցումներում ամեն բան հստակ նշված է։ Կարեւոր է, որ հաճախորդը մատչելի գնով ունենում է ընթրիք, միեւնույն ժամանակ՝ սառնարանում չի լինում ավելորդ մթերք։ Արկղում լինում է ամեն ինչ, ինչ պետք է ընթրիքի համար, բացի աղից, որովհետեւ դա բոլորի տանը կա»,- ասում է Աշոտ Մկրտչյանը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նա նաեւ նշում է, որ գործունեության վեց ամիսների ընթացքում որեւէ բաղադրատոմս նույնությամբ չի կրկնվել։
«Ավելի հեշտ ու հետաքրքիր է նոր բաղադրատոմս մտածելը, քան հինը կրկնելը»,- ասում է խոհարարը։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: