MBG Hospitality ընկերության կազմի ռեստորաններում թիմային ստեղծագործական աշխատանքի ու խոհարարների նրբաճաշակ զգայունության շնորհիվ շարունակաբար բացահայտվում են ավանդական մթերքների թաքնված համերը նոր համադրությունների միջոցով: Ռեստորանային ցանցի հայկական խոհանոցի պատասխանատու եւ «Չինարի» շեֆ-խոհարար Աննա Համբարձումյանը GatsroVino-ին պատմել է տարբերվող ուտեստների ստեղծման ու դրանցից յուրաքանչյուրի հեղինակային տարրերի մասին:
Համի հիշողությունը
Ռեստորանում աշխատելը նշանակում է անդադար ստեղծագործել, քանի որ շարունակ փնտրում ենք նոր համային նրբերանգներ, որ կմնան մեր հաճախորդների հիշողության մեջ: Թեեւ ռեստորանի մթնոլորտը, մատուցումը եւս շատ կարեւոր են, սակայն հենց համի հիշողությունն է, որ այցելուների մոտ նույն ուտեստը նորից ճաշակելու ցանկություն է առաջացնում:
Այլ ազգերի խոհանոցի ճաշատեսակները կարող են շատ հետաքրքիր լինել, ու դրանք ժամանակ առ ժամանակ համտեսելու ցանկություն ունենանք: Ու քանի որ հայկական խոհանոցի համերն են մեր քիմքին առավել համապատասխանում, անգամ եվրոպական հայտնի ուտեստները մեր ռեստորաններում անպատճառ «հայաֆիկացվում» են: Իսկ առհասարակ, մեր հայկական ռեստորանների գաղափարախոսության հիմքում հայկական մթերքներով նոր ուտեստներ ստանալու, ավանդական ճաշատեսակներին նոր համեր հաղորդելու միտքն է դրված:
Լուսանկարը՝ MBG Hospitality
«Չինարի» բաղադրիչների անհատական մշակումը
Մեր ճաշացանկի ամենայուրահատուկ ուտեստներից մեկը՝ «Չինար»-ը, մեր հեղինակայինն է: Այն ստեղծելիս մենք որոշեցինք հորթի թիկնամսի անյուղ մասը, որ ժողովրդական լեզվում հայտնի է որպես «տավարի սուկի», համադրել բանջարեղեններով, որովհետեւ մեր օրերում մարդիկ հակված են իրենց սննդի մեջ ավելի մեծ բաժին հատկացնել բանջարեղենին:
«Չինար»-ի յուրաքանչյուր բաղադրիչի մշակումն անհատական է. հենց դա էլ ապահովում է չկրկնվող համը: Ի դեպ, այն մատուցվում է կծու յուղային սոուսով, որը սպասարկող աշխատակիցն ավելացնում է ուտեստին՝ ըստ հաճախորդի ցանկության:
«Չինար» ուտեստը | Լուսանկարը՝ MBG Hospitality
Հայկականացված թաբուլե՝ բաստուրմայով
Թաբուլեն ողջ աշխարհում հայտնի արեւելյան աղցան է, սակայն մենք այն հայկականացնելու համարձակ որոշում կայացրինք:
Բլղուրին եւ կանաչու տեսականուն Հայաստանի արեւով սնուցված կարմիր պղպեղից եւ լոլիկից պատրաստված սոուս ավելացրեցինք, իսկ հետո դրան հաղորդեցինք ոչ թե սոխի, այլ բաստուրմայի համն ու հոտը:
Աղցանն այս նոր տարբերակով շատ լավ ընդունվեց նաեւ հետաքրքիր մատուցման շնորհիվ: Մեր հյուրերը սկզբում կարողանում են տեսնել աղցանի բաղադրիչներն առանց սոուսի, իսկ խառնուրդը ստացվում է նրանց աչքի առջեւ՝ դառնալով յուրատեսակ համերի միախառնված հավաքածու:
Ամբողջ տարին՝ «#ԳաՌուն»
Գառան միսն ունի իր առանձնահատկությունները: Այն շատ առողջարար է եւ ամենադյուրամարս մսի տեսակներից է, եթե ճիշտ է պատրաստվում:
Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ խոզի եւ տավարի միսն ավելի տարածված են ուտեստներում, մինչդեռ մենք դեռ անցյալ տարի մեկնարկած «#ԳաՌուն» արշավով կարողացանք ապացուցել, որ գառան մսով կարելի է առանձնահատուկ համեր ստանալ:
«ԳաՌուն» ուտեստը | Լուսանկարը՝ MBG Hospitality
Թեեւ այս ուտեստը սեզոնային էր եւ մատուցվում էր «#ԳաՌուն» սեզոնի ընթացքում, սակայն այնքան սիրվեց հաճախորդների կողմից, որ դարձավ մեր հիմնական ճաշացանկի անբաժան մասը:
Ճաշատեսակն իրենից ներկայացնում է գառի փափկամիս, որն անցնում է նախապատրաստական փուլ, այնուհետեւ ապխտվում եւ խորովվում: Այն համադրում ենք չորահացի եւ մածունի հետ, իսկ մատուցման պահին ավելացնում տաք եւ կծու լոլիկով սոուս:
Նոր համեր՝ «Արքայական» եւ ավելուկով աղցաններում
Արտասահմանից եկած յուրաքանչյուր հյուր անպայման ցանկանում է հայկական ավելուկ փորձել: Այն իր տեսակով հետաքրքիր համային նրբերանգներ ունի, բայց կարծեցի, որ ինչ-որ այլ երանգ է պակասում:
Միտք առաջացավ այն մատուցել տապակած սերկեւիլով: Շատ հետաքրքիր համադրություն ստացվեց, իսկ սերկեւիլի վառ գույնը կոտրեց ավելուկի մգությունը՝ դարձնելով ուտեստն ավելի հետաքրքիր նաեւ արտաքին տեսքի առումով:
Ավելուկով եւ սերկևիլով աղցան | Լուսանկարը՝ MBG Hospitality
Հետաքրքիր համադրություն ենք ստացել նաեւ «Քրչիկով ղավուրմա» ուտեստում՝ շատերի կողմից սիրված կաղամբով ճաշատեսակին ավելացնելով մսային բաղադրիչ: Հյուրերը հաճախ են հետաքրքրվում, թե դա ինչ միս է, եւ սիրով ներկայացնում ենք ղավուրմայի հատուկ մշակումը:
Կարելի է ասել, որ «Չինարում» մատուցվող «Արքայական» աղցանը եվրոպական «Կեսարի» նմանակն է՝ հեղինակային տարբերություններով: Այն առանձնահատուկ է ինչպես հատուկ պատրաստված սոուսով, այնպես էլ մսային բաղադրիչով:
«Արքայական» աղցանում հավի կրծքամիսը փոխարինել ենք հավի ճտով, որը նախապես մշակում ենք, ապա՝ տապակ պատրաստում եւ ավելացնելով մյուս բաղադրիչներին՝ ստանում տաք նախուտեստ:
Գայանե Ենոքյան
Լուսանկարները՝ MBG Hospitality-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: