«Ամերիկյան ֆուտբոլի գնդակի ձեւ ստացած բլիթ՝ լցոնած տասնյակ խոտերով ու կանաչիներով». The New York Times Magazine-ի իր սյունակում ժենգյալով հացն այսպես է նկարագրում Լոս Անջելեսից ռեստորանային քննադատ Տեյջալ Ռաոն: Նոր տարվա օրերին հրապարակված սյունակը մանրամասն պատմում է ժենգյալով հացի պատրաստման եղանակների ու ավանդույթների մասին: The New York Times Magazine-ի սյունակագիրը ժենգյալով հացը համարում է կանաչեղենով լցոնած ընտիր խորտիկ:
Zhengyalov Hatz հացատուն-խանութը Լոս Անջելեսի Գլենդել քաղաքում բացվել է 2019թ. նոյեմբերին: Այստեղ ժենգյալով հաց պատրաստում է Ռուզաննա Սայադյանը, որը դեռ տասներեք տարի առաջ աշխատում էր Հայաստանի հացի խանութներից մեկում: Ռեստորանային քննադատ Տեյջալ Ռաոն իր սյունակը սկսել այս կնոջ՝ ժենգյալով հաց պատրաստելու տեսարանից:
Լուսանկարը՝ Zhengyalov Hatz Glendale
«Ռուզաննան նետեց մանդարինի չափսի խմորի գնդիկներն ու մեծ սկավառակի վրա սկսեց գրտնակելը՝ բարձրացնելով ծայրերը, որպեսզի այն պտտվի: Արմունկով հետ քաշեց իր սպիտակ գլխարկը ու կանաչիների խուրցը խառնեց աղով ու ձեթով: Այնուհետեւ կանաչին գդալով լցրեց խմորի վրա, մատներով փակեց բացվածքը՝ կանաչին թողնելով խմորի մեջ ու այն դրեց կրակի վրա», -նկարագրում է Տեյջալ Ռաոն:
Zhengyalov Hatz հացատան այցելուներին չեն անհանգստացնում ճաշացանկով. չէ՞ որ այստեղ միայն մեկ ուտեստ է վաճառվում: Ռեստորանային քննադատը պատմում է՝ այս վայրը յուրաքանչյուրն այցելում է նոր թխած տաք ժենգյալով հացի համար: «Բարեւից» հետո հիմնականում հնչում է կարեւոր հարցը՝ «քանի՞ հատ»: Ռուզաննան օրական ավելի քան 100 հատ է պատրաստում:
Լուսանկարը՝ Zhengyalov Hatz Glendale
Այս տիկնոջ խոսքով՝ ժենգյալով հացի ամենակարեւոր բաղադրիչը ոչ թե խմորն է, այլ կանաչեղենը: Խմորի համար պետք է միայն ալյուր, ջուր եւ աղ, իսկ կանաչիներին հարկավոր է լուրջ մոտենալ՝ մանրակրկիտ լվանալ, չորացնել ու իրար հետ այնքան ճիշտ համադրել, որ պատրաստի ուտեստը լինի բուրավետ եւ հյութալի:
Լուսանկարը՝ Zhengyalov Hatz Glendale
Սյունակի հեղինակը հիշատակում է նաեւ Lavash խոհարարական գրքույկի մասին ու հավելում, որ այս ուտեստն ունի պատրաստման տարբեր ձեւեր: Գրքում ասվում է, որ ժենգյալով հաց կարելի է հանդիպել նաեւ նռան հատիկներով, որոշ տներում էլ այն պատրաստում են մանրացրած թթու լավաշով: Իսկ երբ հիմնական թթու կանաչիները բացակայում են, կարելի է անգամ կիտրոնաթթու ավելացնել:
Պատրաստեց՝ Ամալի Խաչատրյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: