Աշխարհի հայտնի ապուրները փորձելու համար պարտադիր չէ ճամփորդել այլ երկրներ. Wine Republic Yerevan-ի թիմի մեջ մտնող ռեստորանները՝ Asador, Wine Republic Yerevan, Thaiwine Republic, Mao Ze Duck, առաջարկում են համտեսել իրենց էկզոտիկ ապուրներն ու լայնորեն ճանաչել այլ երկրների խոհանոցները: Այս ռեստորաններում ապուրները պատրաստվում են տարբեր ազգերի շեֆ-խոհարարների կողմից. նրանք իրական ու անսովոր համերը չեն փոխում եւ չեն հարմարեցնում հայերի քիմքին:
Wine Republic Yerevan-ի թիմը GastroVino-ի համար իր ճաշացանկերից առանձնացրել է must-try ապուրներից մի քանիսը եւ ներկայացնում է դրանց պատրաստման եղանակները, պատմությունն ու յուրահատկությունը:
Թոմ յամ
Թաիլանդական խոհանոցի ամենաավանդական ու հայտնի կերակուրներից մեկը Թոմ յամ (Tom yum) ապուրն է. յուրահատուկ համ ունի, ե՛ւ թթու է, ե՛ւ կծու:
Թոմ յամ ապուրը | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Թոմ յամ ապուրը պատրաստում է Thaiwine Republic-ի թաիլանդացի շեֆ-խոհարար Վիտայա Թոնգսոդսաենգը: Թոմ յամն ամենապահանջված կերակուրներից մեկն է՝ հատկապես զբոսաշրջիկների կողմից: Շեֆ-խոհարար Վիտայան ոչ մի համ չի փոխում, պատրաստում է այնպես, ինչպես Թաիլանդում էր պատրաստում:
Այս ապուրի համար օգտագործում են ծովախեցգետին ու կոկոսի կաթ: Մյուս կարեւոր բաղադրիչներն են կիտրոնախոտը, գալանգալը, կաֆիր կրաքարի տերեւները, սունկը եւ լոլիկը, ավելացվում են նաեւ մի շարք համեմունքներ:
Թոմ յամ ապուրը | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Թոմ յամը հարյուրամյակներ առաջ սկսել են պատրաստել կենտրոնական Թաիլանդում, այս հատվածում ծովախեցգետինն այնքան շատ է եղել, որ սկսել են օգտագործել նաեւ ապուրում՝ չգիտակցելով, որ այն տարիներ հետո դառնալու է իրենց ազգային կերակուրը:
Թոմ խա գայ
Այս թաիլանդական ապուրը շատ նման է Թոմ յամին, սակայն ավելի քիչ կծվություն ունի եւ պատրաստվում է հավի մսով:
Թոմ խա գայ (Tom kha gai) արտահայտությունը եթե ուղիղ թարգմանենք, կստացվի հավով եւ գալանգալով ապուր:
Չորս հիմնական բաղադրիչները կրկնվում են՝ կոկոսի կաթ, կիտրոնախոտ, գալանգալ, կաֆիր կրաքարի տերեւներ:
Թոմ խա գայ ապուրը նույնպես ամենասիրելի ասիական ուտեստներից է, սակայն սրա մասին շատերը պարզապես չգիտեն:
Կծու-թթու
Չինաստանի կծու-թթու ապուրը հայտնի Սիչուան շրջանից է: Այս ապուրը Wine Republic Yerevan-ի ռեստորաններում մատուցվում է նույնությամբ, ինչպես Չինաստանում կմատուցեն՝ այն պատրաստում է չինացի շեֆ-խոհարար Մաո Շունտաոն:
Կծու-թթու ապուրը | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Պատրաստվում է հավով, սեւ ֆունգուսով, ավելացվում է գազար եւ ձու: Երբ այս ապուրն առաջին անգամ են փորձում, հաճախ անմիջապես չեն հավանում՝ կծու եւ թթու համադրության պատճառով: Մինչդեռ այն հաճախորդները, որոնք լավ ծանոթ են չինական կծու-թթու ապուրին, սկսում են այնքան սիրել, որ անգամ կախվածություն է առաջանում:
Ֆո բո
Վիետնամական ապուր է Ֆո բոն (Pho Bo), Հայաստանում բավականին տարածված է: Այս ապուրը համարվում է Վիետնամի ազգային ուտեստը:
Ֆո բո ապուրը | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Ամենակարեւոր բաղադրիչներն են՝ տավարի փափկամիս եւ բրնձե նուդլներ: Այս կերակուրը տավարի արգանակի հիման վրա է պատրաստվում: Օգտագործվում է նաեւ կոճապղպեղ, դարչին, մեխակ, անիսոն, սովորական եւ կանաչ սոխ: Տավարի մսի փոխարեն Ֆո բոն որոշ վայրերում պատրաստում են նաեւ հավի մսով:
Աշխարհի տարբեր հատվածներում այս ապուրի մեջ օգտագործում են տարբեր հաստության եւ ձեւի նուդլներ, Wine Republic Yerevan-ի ռեստորաններում այն մատուցվում է տափակ ու բարակ նուդլներով: Ապուրի հետ առանձին մատուցվում են նաեւ սոյայի ծիլեր եւ չիլի:
Ֆո բո ապուրը | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Պատրաստելիս քայլ առ քայլ հավաքում են բոլոր մթերքները, որից հետո վրան ավելացնում են թափանցիկ արգանակը: Մեկ ամբողջ օր է պահանջվում արգանակը ճիշտ եփելու համար, այսպիսով՝ ապուրը վերջնական պատրաստ է լինում հաջորդ օրը:
Սոխով ապուր
Ֆրանսիական սոխով ապուրի (French onion soup) առաջացման հետ կապված մի շարք վարկածներ կան, ամենատարածված պատմությունը հետեւյալն է՝ այս ապուրը շատ հին ժամանակներում համարվել է աղքատ մարդկանց ուտելիք: Այսօր սոխով ապուրը Ֆրանսիայի ազգային ուտեստներից է:
Հայտնի ապուրը պատրաստում են տավարի արգանակով. մատուցելիս ավելացնում են չորահաց՝ պարմեզանով:
Սոխով ապուրը | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Թվում է՝ ամբողջությամբ սոխով պատրաստված ապուրը ոչ այնքան հաճելի ուտեստ պետք է լինի, սակայն Wine Republic-ից վստահեցնում են՝ եթե այս ապուրը ճիշտ է եփվում, այն շատ համեղ ու յուրօրինակ կերակուր է դառնում՝ անգամ սոխ չսիրողների համար:
Չաուդեր
Չաուդերը (Chowder) միակ ապուրն է Wine Republic Yerevan թիմի բոլոր ռեստորաններում, որ մատուցվում է հացի մեջ: Ուտելու ընթացքում հացից նույնպես կարելի է օգտվել: Այս ապուրը տարբեր երկրներում տարբեր կերպ են առաջարկում՝ հացի մեջ, եւ առանց հացի:
Չաուդեր ապուրը | Լուսանկարը՝ Wine Republic Yerevan
Չաուդերը հայտնի է Հյուսիսային Ամերիկայից, այն իրենց հետ բերել են Ֆրանսիայի եւ Անգլիայի ներգաղթյալները:
Կրեմային ապուր է, պատրաստում են միդիաներով եւ ծխեցրած ձկով, ավելացվում է նաեւ խոզի ապխտած միս, կարտոֆիլ, սպիտակ գինի, նեխուր եւ դարչին:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Wine Republic Yerevan-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: