×

«Խոհարարությունը՝ երջանկության մասնագիտություն է»

2004 թվականին Խոհարարական միությունների համաշխարհային ասոցիացիայի կողմից հոկտեմբերի 20-ը հռչակվեց որպես Խոհարարների միջազգային օր (International Chefs Day): Այսօր ամբողջ աշխարհի խոհարարները նշում են իրենց մասնագիտական տոնը: 

Խոհարարների միջազգային օրը տոնում են ավելի քան 70 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։ Այս առիթով զրուցեցինք Երեւանում խոհարարների ամենամեծ բանակն ունեցող «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի եւ ընկերության շեֆ խոհարարների հետ: 

- Պարոն Երեմյան, «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը ոչ միայն Հայաստանում խոհարարների ամենամեծ բանակն ունեցող կազմակերպությունն է, այլեւ Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայում հաջողությամբ կրթում եւ վերապատարստում է նոր սերդի խոհարարներ եւ «զորակոչում» նրանց նոր ռեստորաններ: Այսօր Խոհարարների միջազգային օրն է, ի՞նչ կցանկանայիք մաղթել նրանց իրենց մասնագիտական տոնի առթիվ:

- Ես միշտ ասել եմ, որ խոհարարությունն ուղղակի աշխատանք  չէ: Խոհարարությունն արվեստ է, որը գիտելիք ու, ինչու չէ, տաղանդ է պահանջում։ Խոհանոցն էլ, ըստ էության, յուրահատուկ արվեստանոց է, որտեղ մարդիկ արարում, ստեղծագործում են: 

Մենք հիանալի խոհարարներ ունենք, ովքեր մեր երկիրը, մեր խոհարարական ավանդույթներն ու հարուստ մշակույթն են ներկայացնում թե՛ մեզ, թե՛ օտարերկրացիներին: Նրանք մեր այցեքարտն են ու դեսպանները, որոնց առաքելությունը հայկական խոհանոցը միջազգային շուկայում ճանաչելի ու մրցունակ դարձնելն է: 

Այսօր ես սրտանց շնորհավորում եմ  խոհարարի ստեղծարար մասնագիտությունն ընտրած եւ այդ արժանապատիվ ու պատասխանատու գործով զբաղվողներին: Մաղթում եմ նրանց ուժ եւ կորով, ձգտում եւ եռանդ մասնագիտական բարձրունքները նվաճելու, ստեղծագործական հաջողություններ գրանցելու, համի արվեստը շարունակաբար զարգացնելու ճանապարհին։

Հատուկ շնորհավորանքներս եմ հղում «Երեմյան Փրոջեքթս» ընկերության խոհարարների հզոր բանակին: Մենք ձեզնով ենք ուժեղ։ Դուք էլ միշտ անպարտելի լինեք:

Մեր լրագրողաան թիմն ուղեւորվեց ռեստորաններ՝ շնորհավորելու եւ զրուցելու «Երեմյան Փրոջեքթս» ընկերության բոլոր ռեստորանների շեֆ-խոհարարների հետ, պարզելու, թե ի՞նչ է իրենց համար նշանակում լինել խոհարար, ի՞նչն են ամենաշատը կարեւորում իրենց մասնագիտության մեջ։ 


Զորո Իսպիրյանը

Զորո Իսպիրյան,  «Երեմյան Փրոջեքթս» ընկերության բրենդ շեֆ. Մենք խոհանոցում գործում ենք այնպես, ինչպես բանակում, եւ մեզ մոտ «բանակային օրենքներ» են: Յուրաքանչյուր օրը մարտահրավեր է մեզ համար, որից պետք է հաղթանակած եւ պատվով դուրս գանք: Խոհարարը պետք է շատ ճկուն լինի եւ արագ աշխատի, լինի կոկիկ, մաքուր եւ ուշադիր: Ամենակարեւորը, նա պետք է լինի պատասխանատու, իր ուրույն ձեռագիրն ունենա եւ ստորագրի իր պատրաստած ուտեստի տակ: 


Գեւորգ Իսպիրյան, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության աշխատակազմի գծով բրենդ շեֆի  տեղակալ. Խոհարարությունն արվեստ է միանաշանակ, բայց այն նաեւ սպորտ է. պետք է անընդհատ մարզվել, լինել լավ մարզավիճակում։ Ինչպես սպորտում, խոհանոցում էլ միշտ ձգտում ես լինել առաջինը, գոհացնել  հաճախորդին․ այս հարցում երբեք ադրենալինի չափաբաժնի պակաս չի լինում: 


Հարություն Բաղմանյան, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի «Տերյան» մասնաճյուղի  շեֆ խոհարար. Նախկինում այլ էին պատկերացումները խոհարարության մասին։ Մարդիկ կարծում էին, որ այս աշխատանքը հասարակ մի գործ է, որն առանձնահատուկ հմտություններ չի պահանջում՝ «չստացվեց գտնել որեւէ աշխատանք, գնամ, դառնամ խոհարար»: Հիմա արդեն բարձրացել է խոհարարների հեղինակությունը, շատերն են ընտրում այս ոլորտը: Անչափ ուրախ եմ դրա համար, եւ ես ու իմ գործընկերներն ամեն ինչ անում ենք մեր մասնագիտության հեղինակությունը պահպանելու եւ բարձրացնելու համար:

Վաչ Ջանոյան, «Լավաշ»  ռեստորանի շեֆ  խոհարար. Խոհարարությունն անսպառ էներգիա է պահանջում: Մեր էներգիան երբեք չի սպառվում: Եթե ունես ձգտում, եռանդ ու էներգիա, ուրեմն մեծ է նաեւ խոհարար դառնալու քո հնարավորությունը:


Մարտին Բուդաղյանը

Մարտին Բուդաղյան, «Լիվինգսթոն» ռեստորանի շեֆ խոհարար. Խոհարարությունն ուղղակի աշխատանք չէ, այն արվեստ է, որը հատուկ նվիրում է պահանջում։ Այնպես, ինչպես նկարիչն է վրձնում կտավներ, իսկ վերջում վերլուծում իր ստեղծագործության արդյունքը, նույնկերպ խոհարարն է պատրաստում եւ ապա վերջին շտրիխներն անցկացնում: Խոհարարն իր հոգին է դնում յուրաքանչյուր ուտեստի մեջ:

Կարեն Խաչատրյան,  «Երեմյան Փրոջեքթս» խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիայի խոհարարական ծրագրերի ղեկավար. Խոհարարությունն ինձ համար արվեստ ու կյանք է: Ինչպես կյանքում եւ արվեստում, այնպես էլ խոհարարությունում պետք է պատրաստ լինել համարձակ իմպրովիզների, չվախենալ փորձություններից, նորարար մոտեցումներից: Խոհարարությունն անսահման ստեղծագործելու հնարավորությունների աշխարհ է: 


Սամվել Պողոսյան, «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի «Պարոնյան» մասնաճյուղի  շեֆ խոհարար. Չեմ վախենա ասել, որ խոհարարությունը «սուրբ» գործ է, քանի որ մենք մեր աշխատանքով ինչպես մարդկանց քաղցն ենք հագեցնում, այնպես էլ ուրախություն եւ տրամադրություն ենք ստեղծում՝ նրանց համար պատրաստելով գեղեցիկն ու համեղը: Խոհարարությունը «երջանկության» մասնագիտություն է։ Սիրե՜ք խոհանոցը: Խոհարար եք, թե ոչ, փորձեք պատրաստել ընտանիքի, ընկերների եւ ինքներդ ձեզ համար. երջանիկ եղե՜ք ու երջանակացրե՜ք: 

Գարիկ Խաչատրյան, «Շերեփ» ռեստորանի շեֆ  խոհարար. Միանշանակ պետք է նաեւ բնությունից օժտված տաղանդ ունենալ: ժողովուրդն ասում Է՝ «պետք է քիմքի համը ուժեղ լինի»: Երեւի թե կա համի մի ինչ-որ սահման, որին հասնելուց հետո միայն կարող ես իրավամբ ասել՝ սա այն է, ինչ անհրաժեշտ է. այնտեղ, այդ համի ճանաչման կետում մի ինչ-որ բան պետք է «զնգա», որ հասկանաս՝ հասել ես, իսկ եթե դեռ չի «զնգացել», ապա աշխատանքդ դեռ անավարտ է: 


Գարիկ Խաչատրյանն ու Անահիտ Միքայելյանը

Անահիտ Միքայելյան, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության շեֆ հրուշակագործ. Իմ աշխատանքն իմ ապրելակերպն է. սա այն է, ինչով ես ապրում եմ, շնչում, եւ դա տարերք է դարձել ինձ համար։ Անընդհատ ցանկանում ես նոր բաներ փնտրել, փորձարկել, ստեղծել եւ զարմացնել: Իմ գործում պաշտում եմ համերի հետ «խաղը», երբ մի համ, ձուլելով մյուսին, ստանում ես նոր եւ տպավորիչ, մեկ այլ աննման խառնուրդ: 


Կարեն Հարությունյան, «Պանդոկ Երեւան» ռեստորանների  ցանցի «Խորենացի»  մասնաճյուղի  շեֆ խոհարար. Խոհարարը պետք է անընդհատ աշխատի ինքն իր վրա, պետք է փնտրի համեր եւ գտնի այն կատարյալը, որն արժանի է մատուցվելու: Համը ճանաչելուց հետո միայն կարող ես դրան ձգտել: 


Վահե Մարկոսյանը

Վահե Մարկոսյան, «Սմոքինգ Շեֆ»  ռեստորանի շեֆ  խոհարար. Ուշադրություն, կարգապահություն, համբերատարություն, ճշտապահություն. սրանք այն որակներն են, որոնք խոհարարին կարող են հաջողություն բերել: 


Նորայր Մխեյանը

Նորայր Մխեյան, «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանի շեֆ խոհարար. Չափազանց կարեւոր է նաեւ այն տրամադրությունը, որով պատրաստվում է կերակուրը. չէ՞ որ բոլոր էմոցիաները փոխանցվում են ուտեստին, ինչը, բնականաբար, ազդում է նաեւ համի վրա: Հետեւաբար սիրով եւ բարձր պրոֆեսիոնալիզմով պատրաստված ուտեստները մեր հաճախորդներին անտարբեր չեն թողնում, եւ մեկ անգամ մեզ մոտ հյուրընկալվելուց հետո նրանք դառնում են մեր հավատարիմ եւ մշտական այցելուները:

Հայկազ Հարությունյան, «Պանդոկ Երեւան» ռեստորանների  ցանցի «Ամիրյան»  մասնաճյուղի  շեֆ խոհարար. Խոհանոցն իմ եւ իմ գործընկերների երկրորդ տունն է, մեր թիմը՝ երկրորդ ընտանիքը, քանի որ միասին ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, քան տանը: Այդ ընտանիքի կարեւոր մասը մեր հյուրերն ու նրանց ժպիտներն են: Դիմավորել հյուրերին եւ ճանապարհել, նրանց գոհունակ գնահատականներն են մեր աշխատանքի իմաստը, մեր ուժն ու մոտիվացիան: 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին