×

Իվան Դուբկովը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Իվան Դուբկովը՝ Հայաստանի մթերքների եւ բուսակերության մասին

Gouroo Club & Garden ռեստորանի հրավերով Հայաստան ժամանած ռուսաստանցի շեֆ-խոհարար Իվան Դուբկովը փոփ-ափ ընթրիքներ եւ բրանչ կկազմակերպի փորձարկումներ սիրող երեւանցիների համար: Բուսակերային գաստրո աշխարհում հայտնի շեֆ-խոհարարը սիրով ընդունել է նաեւ Gouroo Club & Garden-ի «սահմանափակումները»՝ ոչ մի տապակա եւ շաքարավազ. մատուցվելու է միայն բնական բուսակերային սնունդ:

Գաստրոնոմիկ միջոցառումները Gouroo Club & Garden-ում կկայանան հոկտեմբերի 11-ին, 12-ին եւ 13-ին, իսկ մինչ այդ GastroVino-ն հանդիպել է Իվան Դուբկովին եւ զրուցել նախատեսվող ճաշատեսակների, յուրօրինակ ձեւաչափերի եւ բուսակերության մասին:

Փոփ-ափ եւ բրանչ

Առաջին երկու օրերին կազմակերպելու ենք երկու փոփ-ափ ընթրիք բաղկացած վեց ճաշատեսակներից՝ ներառյալ աղանդերը: Փոփ-ափը ընթրիքների անցկացման ձեւ է, երբ հրավիրված շեֆ-խոհարարն այլ ռեստորանում ընթրիք է պատրաստում:

Դեգուստացիոն սեթ է, ներկայացնելու ենք նորաձեւ, մոդեռնիստական բուսակերների խոհանոցը: Օգտագործելու ենք սեզոնային մթերքներ, այսինքն՝ այն ինչ բնությունն է մեզ տալիս, ինչը հիմա շուկայում կգտնենք` սեխ, ձմերուկ, փորձարկումներ կանենք նաեւ դդումով, բամիայով, այծի պանրով… Փոփ-ափի կարեւոր մաս են կազմելու նաեւ մաճառը, գասպաչոն, գազավորված հատապտղային խմիչքները:

Վերջին օրվա բրանչն ավելի թեթեւ է՝ նախաճաշի եւ լանչի համաձուլում: Ազատ օրվա կերակուր է լինելու՝ քիչ պաշտոնական. թոնիրում թխված լոշիկ, վրան լցնելու ենք անուշաբույր յուղեր, կանեփով պատրաստած դեղձի շիլա: Սա ավելի շատ լեռնային նախաճաշ է, այս բաղադրատոմսը բացահայտել եմ Դաղստան այցելության ժամանակ: Պատրաստելու ենք նաեւ թեթեւ աղցան՝ թարմ տեղական կանաչիներով:

Գուցե մարդիկ ոգեշնչվե՞ն բուսակերությամբ

Մենք ուզում ենք բուսական ծագում ունեցող մթերքների թեթեւ զգացումը եւ հագեցած համերի, բույրերի հաճույքը փոխանցել հյուրերին:

Գործընկերներիս հետ նման ձեւաչափի ընթրիքներ տարբեր երկրներում ներկայացրել ենք: Մարդիկ կարծում են՝ եթե չկա միս, ուրեմն չեն հագենա: Մենք, որպես կանոն, կոտրում ենք այդ միֆը, ուզում ենք ցույց տալ, որ կարելի է կշտանալ առանց մսի՝ ուտել շատ համեղ ուտեստներ եւ պահպանել առողջությունը:

Իվան Դուբկովը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հայաստանում կփորձեմ համեղ պատրաստել. գուցե մարդիկ ոգեշնչվեն եւ որոշեն տարվել բուսակերությամբ:

Հայաստանի մթերքներն ուրիշ են

Մեղք կլիներ Հայաստանում բուսակերային փոփ-ափ չանելը. այստեղ բանջարեղենները շատ համեղ են: Հայաստանի բիոբազմազանությունը ազատ ստեղծագործելու եւ տարբեր գաստրոնոմիկ փորձարկումներ անելու հնարավորություն է տալիս: Հայաստանում կանաչեղենը լրիվ ուրիշ համ ունի, մածունն է հիասքանչ: Թոնիրում թխված ամեն ինչն է համով, աշխարհում շատ հայտնի լավաշի մասին էլ չեմ խոսում: Ես Հայաստանում առաջին անգամ եմ. մասնագիտական հետաքրքրության արդյունքում եմ ծանոթացել հայկական մթերքներին:

Բուսակերությունն ընտրելու ճանապարհին

Ինքս էլ բուսակեր եմ, յոթ տարի առաջ եմ ընտրել բուսակերությունը, բայց «ֆաշիստ բուսակերներից» չեմ, երբեմն ձուկ, հազվադեպ միս փորձում եմ:

Լրագրողական կրթություն ունեմ, երկար տարիներ որպես թղթակից եմ աշխատել, հետագայում բարի մենեջեր էի, բայց ինչ-որ պահի որոշեցի դառնալ շեֆ-խոհարար: Խորացա բուսակերության մեջ, սկսեցի լուրջ ուսումնասիրել, հասկացա, որ բուսակերությունը անվնաս է՝ կենդանիներ չեն տուժում, նաեւ առողջարար է: Ուսումնասիրություններիս արդյունքում շատ եմ ճամփորդել, նաեւ սովորել եմ ԱՄՆ-ում, արդյունքում վերադարձել եմ Ռուսաստան՝ տարածելու իմ գիտելիքները:

Սեփական ոճի մասին

Փորձում եմ մթերքների իրական համերը պահպանել, որոշակի համերը ընդգծել, ուտեստները չծանրաբեռնել սոուսներով, համեմունքներով, ճարպերով, աղ ու շաքարավազով: Ի վերջո, իրական մթերքներն են բացահայտում այն տարածաշրջանը, որտեղ դրանք աճել են, ինչպես նաեւ բացահայտում են շեֆ-խոհարարի՝ տարբեր մթերքների հետ աշխատելու ունակությունները:

Իվան Դուբկովը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կարեւորը ոչ միայն ուտեստների պատրաստումն է, այլեւ լայն գաղափարների ներդրումը: Երբ ուտեստների մեջ գաղափար ես դնում, շատ բան ես կարողանում ասել. չէ՞ որ ուտեստը կարող է միավորել մարդկանց, պատմել տարածաշրջանի մասին, խոսել սոցիալական խնդիրներից. իհարկե, սա այն դեպքում, եթե շեֆ-խոհարարը կարողանում է այդ ամենը որակով ներկայացնել:

Ես փորձում եմ հետեւել Ճապոնիայում հայտնի «կաիսեկի» ուտեստների մատուցման ոճին, երբ ոչ մի բան պատահական չի հայտնվում ափսեում՝ անգամ մի փոքրիկ տերեւ: Հեշտ չէ ամեն օր այս ոճը կիրառել, սակայն որոշակի ընթրիքների ժամանակ փորձում եմ դրան հետեւել:

Բուսակեր լինելը մոդայի՞կ է

Միսն ասոցացվում է հաճույքի հետ, որովհետեւ մսային կերակուրները ճարպեր են պարունակում, իսկ երբ միսը հայտնվում է բերանումդ, արտադրվում է էնդորֆին, ինչը հաճույք է պատճառում, հավասար է ոգելից օգտագործելուն: Այդ պատճառով է, որ միջոցառումներին, հարսանիքներին մեծ քանակությամբ միս են մատուցում: Բայց եթե մարդն իր կյանքով բավարարված է, ավելորդ էսթետիկ հաճույքների պահանջ չունի, նա սկսում է իրեն սահմանափակել եւ անցնում է բուսակերությանը:

Իվան Դուբկովը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Դա է պատճառը, որ բուսակերությունը տարածված է ավելի շատ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում՝ ԱՄՆ, Եվրոպա, Ասիայում՝ Կորեա, Ճապոնիա: Այնտեղ մարդը, կարծես, արդեն հոգ է տարել իր մասին, մնացել է մտահոգվի շրջապատող աշխարհով:

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին