×

«Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր հրուշակագործ Անահիտ Միքայելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Աշխարհի ամենամեծ գաթան պատրաստվել է երկու օրում

Աշխարհի ամենամեծ գաթան կշռում է 410 կգ եւ ունի 65 մետր երկարություն: «Երեմյան Փրոջեքթսը» գերազանցեց սեփական ռեկորդը: Նախապատրաստական աշխատանքները տեւել են 10 օր, գաթան թխվել է երկու օրում, աշխատել է վեց հրուշակագործ: 

«Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր հրուշակագործ Անահիտ Միքայելյանն ասել է, որ այս տարի բաղադրության մեջ փոփոխություն չեն արել: Գաթայի բաղադրիչները նույնն են, ինչ նախորդ տարիներին՝ ծիրանաչիր, սալորաչիր, թզաչիր եւ նուշ:  


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Աշխարհի ամենամեծ գաթա 2019» համտես-հյուրասիրությունը տեղի է ունեցել Կարապի լճի հարեւանությամբ՝ սեպտեմբերի 26-ին։

«Սա նախորդ տարվա միջոցառման շարունակությունն է: Ամեն տարի մենք մեր ռեկորդը գերազանցելու ենք, անգամ մտադիր ենք Կարապի լիճն ամբողջությամբ շրջապատել գաթայով: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ամեն տարի միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերին՝ Երեւանի տոնին ընդառաջ: Նման միջոցառումներն օգնում են հայկական ավանդական ուտեստներն ավելի ճանաչելի դարձնել»,- ասել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն  Դավիթ Երեմյանը: 


Դավիթ Երեւմյանը եւ «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

GastroVino-ն ներկայացնում է ամենաերկար գաթայի անցած ճանապարհը:

«Երեմյան Փրոջեքթս»-ի աշխատակիցները երկար ժամանակ ուսումնասիրել են Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանի տասնյակ գաթաներ, համագործակցել ազգագրագետների հետ, լսել Հայաստան տարբեր շրջանների բնակիչների կարծիքները: Ուսումնասիրության արդյունքում որոշել են պատրաստել Սասունի տարածաշրջանի չրերով գաթա: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Երբ բաղադրատոմսը կար, սակայն ընդգրկված չէր ընկերության ռեստորանների ճաշացանկերում, որոշվեց պատրաստել հայկական մեծ գաթա: Այս ժամանակահատվածը համընկավ «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի «Տերյան» մասնաճյուղի հիմնադրման 4-ամյակի հետ: Ընկերության թիմը որոշեց ծննդյան տորթի փոխարեն պատրաստել 40 մետր երկարությամբ գաթա: Պատրաստման ընթացքը տեւեց 3-4 օր, աշխատեց 4 մասնագետ: 

Ծննդյան գաթան 2018 թվականի մարտի 21-ին տեղադրվեց «Տերյան» մասնաճյուղի դիմաց: Գաթայի համտեսն ավարտվեց միջոցառման մեկնարկից ընդամենը 40 րոպե անց: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հսկայական գաթայի մասին լուրը հետաքրքրեց Գինեսի ռեկորդների գրքի գրասենյակի աշխատակիցներին: Գրասենյակի ընթացակարգը, սակայն, թույլ չէր տալիս հետին թվով ռեկորդներ գրանցել: Բանակցություններից հետո «Երեմյան Փրոջեքթսի» հրուշակագործները որոշեցին գերացանցել սեփական «ռեկորդը», սակայն երկար ժամանակ պահանջվեց բացատրելու համար, թե ինչ է հայկական գաթան, քանի որ Գինեսի ռեկորդների գրքում գթայի համար նախատեսված անվանակարգ չկար: Գրասենյակի աշխատակիցներն այն առաջարկում էին ընդգրկել հացի կամ կարկանդակի կատեգորիայում, բայց ի վերջո առաջարկեցին ստեղծել նոր՝ «Ամենամեծ գաթա» անվանակարգը: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր հրուշակագործ Անահիտ Միքայելյանն ու եւս 3 աշխատակից պատրաստեցին երկրորդ երկար գաթան, որի երկարությունը գերազանցեց 60 մետրը: Գաթայի լայնությունը 37 սմ էր, այն կշռում էր 368 կգ:


«Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր հրուշակագործ Անահիտ Միքայելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ռեկորդային գաթայի հյուրասիրությունը տեղի ունեցավ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին, Կարապի լճի մոտ: Մինչ Գինեսի ռեկորդների գրքի տեսուչը ելույթ էր ունենում՝ 60 մետր երկարությամբ գաթայից միայն փշուրներ մնացին: Այպիսով, հայկական ամենաերկար գաթան ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում:

Այս ռեկորդի առանձնահատկությունը ոչ միայն գաթայի երկարությունն է, այլ նաեւ այն, որ հսկայական գաթայի պատրաստման ընթացքին մասնակցել են քիչ թվով հրուշակագործներ: 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ռեկորդային գաթան այժմ ընդգրկված է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության «Պանդոկ Երեւան» եւ «Լավաշ» ռեստորանների մենյուում ու մեծ պահանջարկ ունի: 

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Մարիաննա Պետրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին