Yerevan Food Fest-ի երրորդ օրն անցկացվել են տարբեր երկրներից հրավիրված շեֆ-խոհարարների վարպետության դասերը, որոնցից մեկին ներկա է եղել GastroVino-ն:
Ջո Բարզան Yerevan Food Fest 19-ի կարեւոր հյուրերից մեկն է: Լիբանանից է, 20 տարի աշխարհի տարբեր երկրներում ներկայացնում է լիբանանական խոհանոցը: Հայաստանում առաջին անգամ է, բայց շատ լավ ծանոթ է հայկական խոհանոցին. Լիբանանում հայկական համայնքը բավականին մեծ է ու ինքն էլ հայ ընկերներ ունի:
«Ամենաշատը սիրում եմ հայկական ճաշատեսակների կծվությունը, նաեւ բաստուրմա եմ շատ սիրում, իսկ մանթի կարող եմ հավերժ ուտել: Հայկական խոհանոցը շատ պարզ է ու շատ համեղ՝ հատկապես տան կնոջ պատրաստածը: Ես միշտ իմ հայ ընկերներին խնդրում եմ հրավիրել իրենց տուն ճաշատեսակներ փորձելու»,- պատմում է Ջո Բարզան:
Ջո Բարզան | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ըստ լիբանանցի շեֆ-խոհարարի, չնայած հայկական խոհանոցը շատ հին է, բայց աշխարհում այն դեռ ճիշտ ներկայացված չէ. «Պետք չէ բավարարվել միայն տանը պատրաստելով, Հայաստանը պետք է ունենա դեսպան-խոհարարներ, որոնք ամբողջ աշխարհով կտարածեն հայկական խոհանոցը»,- ասում է նա:
Վարպետության դասին Ջո Բարզան պատրաստում է լիբանանյան խոհանոցի ամենահայտնի աղցանը՝ թաբուլեն, բայց քանի որ Հայաստանում է, այն համադրում է բաստուրմայի հետ:
Ջո Բարզան | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ֆրանսիացի շեֆ-խոհարար Էրվան Պուդոլեկը Le Cordon Bleu ֆրանսիական աշխարհահռչակ խոհարարական դպրոցից է: Le Cordon Bleu-ն աշխարհի տարբեր երկրներում է ներկայացված, Էրվանը Հայաստան է ժամանել Մադրիդի դպրոցից:
Վարպետության դասին որոշել է պատրաստել ֆրանսիական շատ հայտնի Lamb loin ճաշատեսակը (գառան միս է)՝ ժամանակակից լուծումներով:
«Ֆրանսիացիներս շատ ենք սիրում պահպանել մեր ավանդականը, բայց նաեւ սիրում ենք նորարարություններ անել: Դասական խոհանոցը բոլոր խոհարարների հիմքն է, դա մեր այբուբենն է: Եթե չգիտես ավանդական պատրաստման ձեւերը, ուրեմն պատրաստել չգիտես: Շատ կարեւոր է իմանալ եւ պահպանել ավանդականը, բայց հիմա այնքան շատ են նոր տեխնիկաները, որ թույլ են տալիս ավանդական ուտեստները շատ տարբեր ձեւերով պատրաստել, տարբեր ջերմաստիճաններ օգտագործել, տարբեր սարքավորումներ… Ժամանակակից մոտեցումները նոր հաճախորդներ են գրավում»,- ասում է ֆրանսիացի շեֆ-խոհարարը:
Էրվան Պուդոլեկը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Էրվանը նաեւ ընդգծում է՝ ինչքան էլ ժամանակակից դառնա ուտեստը, ոչ մի բան չպետք է աննպատակ արվի: Եթե հասկանա, որ նոր տեխնոլոգիան կարեւոր հատկություն չի փոխանցում մթերքին, այլ պարզապես տեսքի համար է արվում, նա դա չի օգտագործի:
Նոր տեխնոլոգիայի օրինակ է ցուցադրում հայազգի շեֆ-խոհարար Արբի Ղարախանին: Նա իտալական UNOX էլեկտրական վառարաններ արտադրող ընկերության բրենդ-շեֆն է Հայաստանում: Արբին ասում է՝ Երեւանում արդեն շատ ռեստորաններ եւ սննդի կետեր օգտագործում են այս վառարանները: Էլեկտրական վառարանների յուրահատկությունը գոլորշին է, որը չունեն հիմնական վառարանները: Ավելացված գոլորշու օգնությամբ սնունդն ավելի արագ է պատրաստվում:
Արբի Ղարախանին | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վրաստանից եկած շեֆ-խոհարար Վալերի Ցիկլաուրին վարպետության դասի համար ընտրել է «սննդամթերքի վատնումը» թեման:
«Սննդի ճիշտ օգտագործումը եւ պահպանումն ինձ մոտ արդեն բնավորություն է դարձել: Վերջին վեց ամիսներին ինձ հաջողվել է սնունդ եւ պլաստիկ գրեթե չվատնել, իհարկե այս արդյունքին անմիջապես չեմ հասել: Երեք տարի է պահանջվել, որպեսզի ինձ հոգեբանորեն պատրաստեմ ու հասնեմ նպատակիս: Աշխարհում տոննաներով մթերք է թափվում. ինչո՞ւ ենք մենք դեն նետում ավելացած սնունդը, եթե դրանով կարելի է նոր ճաշեր սարքել: Օրինակ, խոհարարները բրոկոլիի գլխի մասն ամբողջովին օգտագործում են ու ծայրի հատվածը դեն են նետում: Ինչո՞ւ, դրանով կարելի է նոր եւ շատ համեղ ապուր պատրաստել»,- բացատրում է վրացի շեֆ-խոհարարը:
Վալերի Ցիկլաուրին փառատոնի մասնակիցների համար պատրաստվում է նաեւ վրացական ավանդական ճաշատեսակ պատրաստել: Նա շատ խիստ է մոտենում ավանդական ուտեստների պահպանմանը, չի սիրում շեղվել դասական բաղադրատոմսերից ու խրախուսում է՝ պահպանել ուտեստների իրական համերը: Այժմ Վալերին աշխատում է Սաուդյան Արաբիայում գտնվող վրացական Lafa ռեստորանում:
Վալերի Ցիկլաուրին | Լուսանկարը՝ Մեդիամաքս
«Որոշ խոհարարներ կտրում են իրենց կապը անցյալի հետ, պատրաստում են նորովի՝ կորցնելով իրական համերը: Օրինակ, ես կարող եմ փոխել խաչապուրիի տեսքը, քառակուսի կամ եռանկյունի պատրաստել, բայց չեմ փոխի դրա համը եւ բաղադրիչները, դա իմ մշակույթն է: Տարածաշրջանի ուտելիքները պետք չէ խառնել ամերիկյան կամ եվրոպական ոճերով. Հայաստան ինչի՞ համար են այցելելու զբոսաշրջիկները, որ փորձեն ձեր հայկական ավանդական ուտեստները»,- ամփոփում է վրացի շեֆ-խոհարարը:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: