Սեպտեմբերի 18-ին մեկնարկել է Yerevan Food Fest 19-ը: Փառատոնի երկրորդ օրը կայացել է «Տարածաշրջանի մթերքը՝ որպես տուրիզմի զարգացման գործոն» միջազգային ֆորումը: Տարբեր երկրներից հրավիրված մասնագետները կիսվել իրենց փորձով եւ քննարկել են Հայաստանի հնարավորությունները: GastroVino-ն առանձնացրել է որոշ ուշագրավ մտքերը:
Ելենա Պոլյակովա. Hospitability ընկերության մասնագետ, Ռուսաստան
«Պատմեք ձեր երկրի պատմությունները»
Առաջինը՝ պետք է աշխատել իմիջի վրա: Երկրորդ՝ կազմեք այն մարդկանց ցանկը, որոնց միջոցով կարող եք ձեր պատմությունները տարածել: Զուգահեռաբար վերլուծեք, թե ինչ դրական եւ բացասական կողմեր ունի ձեր երկիրը, որը նկատում են այցելուները:
Պետք է նաեւ շատ ակտիվ լինել. միջոցառումներ, փառատոններ, ընթրիքներ, վարպետաց դասեր կազմակերպեք եւ՛ տեղացիների, եւ՛ հյուրերի համար:
Ելենա Պոլյակովան | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ամենակարեւորը՝ այս ամենը պետք է պարբերաբար անել, ինչքան կրկնեք ձեր ասելիքը, այնքան լավ կտպավորվի մարդկանց մոտ: Բացահայտում չեմ անում, բոլորն էլ գիտեն սրա մասին, բայց քչերն են հետեւողական գտնվում:
Պատմեք ձեր երկրի պատմությունները: Բարեբախտաբար Հայաստանը դրանց պակասը չունի: Հայաստանը կարող է մի շարք առաջարկներ անել աշխարհին, հնարավորությունները շատ են, պարզապես պետք է հասկանալ՝ ինչից սկսել:
Վիրջինիա Նյուտոն, Geranium ռեստորան, Դանիա
«Տոնեք եւ ուրախացեք ձեր անցյալով»
Խոհարարական տուրիզմը փիլիսոփայություն է, որը սնունդը մեկ այլ մակարդակի է վրա բարձրացնում: Նախկինում մարդիկ ճանապարհորդում էին տարբեր երկրների պատմությունը, թանգարանները, ծովափները բացահայտելու համար, իսկ հիմա շատերը սկսում են ճամփորդել ուտելու համար: Երբեմն մարդիկ նախ ռեստորաններում ամրագրումներ են անում, հետո միայն ավիատոմսեր գնում եւ հյուրանոց պատվիրում:
Սնունդը կարող է ուժեղ կապեր ստեղծել: Եթե որեւէ մեկի հետ հաց ես կիսում, դու հասկանում ես այդ կապը. չէ՞ որ մարդիկ սեղանի շուրջ տարածում են իրենց մշակույթը, ավանդույթները:
Հայաստանում զբոսաշրջությունը աճ է գրանցում: 78 հյուրանոց եմ հաշվել Երեւանում, որտեղ տարբեր ազգի մարդիկ են այցելում: Ինստագրամյան այս դարում, երբ ամեն ինչ կարելի է քոփի-փեյսթ անել, ես քաջալերում եմ ձեզ տարածել եւ ուրախանալ այն ամենով, ինչը ձեզ յուրահատուկ է դարձնում: Փորձեք ձեր երկրին այլ հայացքով նայել. այն պահերը, որոնք դուք հաճախ չեք էլ գնահատում, ուրիշների համար գուցե շատ հետաքրքիր լինեն:
Վիրջինիա Նյուտոնը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Սննդի սիրահարները նոր վայրեր են փնտրում, ուզում են նոր խոհանոցներ բացահայտել, նոր համեր գտնել: Տոնեք եւ ուրախացեք ձեր անցյալով, նաեւ նորն ընդունեք. Հայաստանին երկուսն էլ պետք է: Մարդիկ ուզում են ավանդական ուտեստներ փորձել, բայց նրանք ուզում են նաեւ դրանք նորովի մատուցած տեսնել: Հնարավոր է նաեւ ավանդական ճաշատեսակները, տեղական բաղադրիչները վերցնել եւ նորովի մատուցել:
Ֆեդերիկո Ֆերերո, La Stampa թերթ, Իտալիա
«Պահպանեք այն սնունդը, որն իրական է»
Պահպանեք այն սնունդը, որն իրական է, քանի որ սա է խթանելու զբոսաշրջության զարգացումը:
Ես Իտալիայի Ալբա շրջանից եմ, որը տարիներ առաջ չափազանց աղքատ էր, բայց 40 տարվա ընթացքում դարձավ ամենահարուստ շրջաններից մեկը: Պատճառը մեզ մոտ բացահայտված սպիտակ տրյուֆելն էր: Մի ռեստորանատեր հասկացավ դրա ներուժը եւ սկսեց բրենդավորել այն:
Հիմա Իտալիայում տարբեր շրջաններում է սնկի այս տեսակն աճում, աշխարհում էլ այս տրյուֆելը տարբեր վայրերում է սփռված է, սակայն Ալբայի տրյուֆելը տարբերում են ոչ միայն անունով, այլեւ հավաքման գործընթացով: Գիշերով մարդիկ շների ուղեկցությամբ գնում են տրյուֆել հավաքելու:
Ֆեդերիկո Ֆերերոն | Լուսանկարը՝ Մեդիամաքս
50 տարի պահանջվեց այդ տրյուֆելի իմիջը ստեղծելու համար: Մարդիկ սկսել են տրյուֆելը նվիրել աշխարհի ամենահայտնի ու կարկառուն մարդկանց: Վերջին չորս Հռոմի պապերին, ԱՄՆ նախագահներին, համաշխարհային աստղերին են նվիրել այն, նկարները տարածվել են համացանցում ու փոխանցել մեսիջը՝ սա յուրահատուկ սնունդ է, պատրաստ եղիր վճարել դրա համար:
Ալբայի տրյուֆելի մեկ կիլոգրամնն արժե 5-ից 10 000 եվրո: Անցած տարի սպիտակ Ալբա տրյուֆելի շրջանառությունը 400 մլն եվրո է կազմել, հազարավոր մարդիկ են այցելել Ալբա, որ պարզապես համտեսեն այն: Անգամ պաստայի վրա շատ թեթեւ ցանած տրյուֆելի համար են մարդիկ վճարում:
Ալբա սպիտակ տրյուֆելի նման կարելի է հայկական սնունդը իրական պահպանել, լավ մարքեթինգ անել ու տարածել աշխարհով մեկ:
Ռաշիդ Ռախմանով, Ռուսաստան
«Պերուն իր խոհանոցը գանձարան դարձրեց»
10 տարի առաջ պերուացիները հասկացան, որ ունեն մեծ գանձ՝ խոհանոց, որը կարելի է զարգացնել:
Երկրում գաստրոտուրիզմը զարգացնելու նպատակով շատ մեծ աշխատանք է արվել, պետությունը նույնպես մեծ դեր է խաղացել այդ գործում՝ 20 մլն դոլար ծախսելով երկրի խոհանոցի ճանաչելիության բարձրացման վրա: Արդյունքները տպավորիչ են՝ եթե 2008 թվականին Պերու այցելել էր 1մլն 200 զբոսաշրջիկ, 2018-ին՝ արդեն 12 մլն:
Ռաշիդ Ռախմանովը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Գաստրոնոմիկ տուրիզմը չի կարող գոյություն ունենալ առանց լավ ռեստորանների եւ առհասարակ՝ առանց համեղ սննդի: Արդեն 7 տարի է, ինչ Պերույի ռեստորանները տեղ են գտնում աշխարհի 50 լավագույն ռեստորանների ցանկում: Պերուն «խոհարարական դեսպաններ» է պատրաստում, նրանք ամբողջ աշխարհում կան՝ Եվրոպայում, Ասիայում, ԱՄՆ-ում (միայն ԱՄՆ-ում պերուական խոհանոցի ավելի քան 400 ռեստորան կա):
Պերուական խոհանոցն աշխարհին տվել է եւս մեկ ֆենոմեն՝ «սուպերֆուդը»: Նրանց ուտեստները պատրաստվում են օրգանական բաղադրիչներից, որոնք պարունակում են շատ օգտակար միկրոէլեմենտներ: Եվ այդ սուպերֆուդի ֆենոմենը վերաբերում է նաեւ Հայաստանին, որովհետեւ բոլոր հարավային երկրներում օգտագործվում են բնական մթերքներ: Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները զարգացնելու եւ տարածելու իր խոհանոցը:
Ամալի Խաչատրյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: