×

«Էկո ֆիշ ֆեսթ»՝ Սեւանի թերակղզում

Սեպտեմբերի 14-ին Սեւանի թերակղզում առաջին անգամ կիրականացվի «Էկո ֆիշ ֆեսթ» փառատոնը։ Միջոցառման մասին GastroVino-ին պատմել է փառատոնի հիմնադիր հանդիսացող Ռեստորանների հայկական միության նախագահ Վահե Գեւորգյանը։

Մեկնարկը՝ շաբաթօրյակով

Փառատոնը բաղկացած կլինի երկու հատվածից։ Առավոտյան 10։00-ից Սեւանի թերակղզու ափամերձ շրջաններում կմեկնարկի աղբահավաք՝ Երեւանից, մարզերից եւ տեղի համայնքներից կամավորների մասնակցությամբ։ Վահե Գեւորգյանը նշում է, որ դրանով փորձելու են բարձրացնել հանրային պատասխանատվության զգացումը։ 

«Պետք է խնամենք եւ գնահատենք Սեւանը, հանրային գիտակցության մեջ հաղթահարենք անտարբերությունը։ Մարդիկ կարող են մասնակցել փառատոնին, ուրախանալ, բայց եւ հիշել, որ բնությունը պետք է մաքուր պահել։ Սեւանը մեր հազվագյուտ ռեսուրսներից մեկն է, որին պետք է շատ խնամքով վերաբերվել»,-մանրամասնում է նա։ 


Մատուցման որակի նոր նշաձող

Ժամը 14։00-ից կմեկնարկի բուն փառատոնը, որ կիրականացվի Սեւանի թերակղզու դեպի Սեւանավանք տանող ճանապարհի ավտոկայանատեղիում, որտեղ վաղ առավոտից արգելված կլինի մեքենաների մուտքը։ 

Վահե Գեւորգյանը կարեւորում է նման փառատոների միջոցով աջակցությունը  մարզային ռեստորաններին սպասարկման ոլորտի մակարդակի բարձրացման հարցում։ 

«Հիմնական շեշտադրումը կատարել ենք մարզային ռեստորանների եւ հանրային սննդի սպասարկման կետերի մասնակցության վրա։ Կլինեն մոտ 20 մասնակիցներ մարզից եւ մի քանի ռեստորաններ Երեւանից։ Այս կերպ մարզային ռեստորաններին կներկայացնենք սննդի ներկայացման եւ մատուցման առավել լավ օրինակներ՝ ստեղծելով նաեւ փորձի փոխանակման հարթակ»,- ասում է միության նախագահը։  

Փառատոնի մասնակցությունն անվճար է, եւ ռեստորաններն ունենալու են վաճառք իրականացնելու հնարավորություն։ Տեղի կունենա նաեւ ձկնային կերակրատեսակների մրցույթ։ 


Սնունդը՝ զբոսաշրջիկի առաջնային տպավորություն

Ռեստորանների հայկական միության նպատակներից է բարձրացնել հանրային սննդի ոլորտի մասնագիտությունների գրավչությունը հատկապես մարզերում, տարբեր կրթական ծրագրերի միջոցով զարգացնել սպասարկման ոլորտը ։ 

«Մեր հիմնական գրավչություններից մեկը հայկական հյուրասիրությունն է, որ ներառում է ինչպես համեղ սնունդ, այնպես էլ ջերմ վերաբերմունք։ Սա պետք է բրենդավորել։ Գաստրոզբոսաշրջությունը շատ արագ աճող ճյուղ է տուրիզմում։ Շատերն այցելում են որեւէ երկիր՝ հատուկ խոհանոցին ծանոթանալու համար, եւ հիմնական տպավորությունը որեւէ երկրից հեռանալիս թողնում են հենց լավ սնունդն ու որակյալ մատուցումը»,- նշում է Վահե Գեւորգյանը։ 


Վահե Գեւորգյանը

«Քանի որ միջոցառումը կազմակերպվում է առաջին անգամ, զբոսաշրջիկների շատ մեծ հոսք չենք ակնկալում։ Միջոցառման շարունակականությունը թույլ կտա նախապես կազմակերպել միջազգային լայն իրազեկում՝ տարեցտարի մեծացնելով ընդգրկումը»,-հավելում է Վահե Գեւորգյանը։ 

Միջոցառման կազմակերպումը ֆինանսավորվում է միության անդամների անդամավճարներից եւ նվիրատվություններից։ Ծրագրին աջակցում է նաեւ Գեղարքունիքի մարզպետարանը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը։ 

Փառատոնին մասնակցել ցանկացողների համար ժամը սեպտեմբերի 14-ին, ժամը 12։00-ին կգործի անվճար ուղեւորափոխադրում Հանրապետության հրապարակից։ Նախատեսված է միջոցառումն ավարտել 20։00-ին, սակայն կախված եղանակային պայմաններից հնարավոր են ծրագրային փոփոխություններ։ 

Տեքստը եւ լուսանկարները Գայանե Ենոքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին