×

Աննա Մազմանյանը Լուսանկարը՝ Ալեքսանդր Սլյադնեւ

6 տեղեկություն Yerevan Food Fest-ի մասին

Սեպտեմբերի 18-ից 22-ը Երեւանում երրորդ անգամ կանցկացվի Yerevan Food Fest գաստրո փառատոնը, որին կմասնակցեն ոլորտի առաջատար մասնագետները տարբեր երկրներից։ 

Yerevan Food Fest-ի հիմնադիր Աննա Մազմանյանը GastroVino-ին պատմել է փառատոնի այս տարվա նպատակների եւ հյուրերի մասին։ 

Ովքե՞ր

Փառատոնի վարպետության դասերն անց են կացնելու հայտնի շեֆ-խոհարարներ, ռեստորանային բիզնեսի միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ, լրագրողներ, ռեստորանային քննադատներ։ Այս տարի աննախադեպ քանակի արտասահմանյան մասնագետներ ենք հրավիրել: 

Իտալիայից ժամանելու է լրագրող եւ քննադատ Ֆեդերիկո Ֆերերոն: Նա երկար տարիներ իտալական La Stampa թերթում գրում է ռեստորանների եւ ուտեստների մասին: Վարպետության դասին նա խոսելու է ռեստորանային քննադատության կարեւորության մասին: 

Ռուսաստանից Hospitability ընկերության մասնագետներ Ելենա Ժանիմովան եւ Անտոն Պոլյակովը կներկայացնեն, թե ինչպես ռեստորանային ճիշտ մարքեթինգ ու PR անել՝ ապահովելով կապը խոհանոցի եւ այցելուների միջեւ: 

Մյուս հյուրը Վիրջինիա Նյուտոնն է՝ դանիական աշխարհահռչակ Geranium ռեստորանից։ Այս ռեստորանը Միշլենյան երեք աստղ ունի: Վիրջինիան կպատմի, թե ինչպես է ռեստորանը վարում իր PR քաղաքականությունը։ 

Բարային մշակույթ

Փառատոնի ողջ ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնելու բարի թեմային։ Բարային մշակույթը վերջին տարիներին մեր քաղաքում շատ արագ ու ակտիվ զարգանում է, ուստի որոշել ենք առանձին անդրադառնալ դրան։ 


Լուսանկարը՝ Yerevan Food Fest-ի արխիվից

 

Դիմել ենք գերմանացի հայտնի բարմեն Ռոբերտ Շրոթերին։ Եվրոպայում բարի ամենամեծ փառատոններից մեկը հենց նա է կազմակերպում։ Ռոբերտի հետ Երեւան կգան նաեւ բարմեն Օլիվեր Էրբերտը եւ բարիստա Մարիան Պլայդիցկոն։ Claude Monet ռեստորանում BarShow թեմայով դասընթաց կանցկացնեն Ռոբերտը եւ Օլիվերը, իսկ Մարիան իր փորձով կկիսվի Segafredo Barista Academy-ում։ 

Ընթրիքները

Նախորդ տարիներին ընթրիքը նվիրված էր Հայաստանի որեւէ մարզի, օգտագործվում էին այդ մարզի մթերքները, ուտեստները: Այս տարի կլինի արտասահմանյան խոհանոց՝ միայն հայկական մթերքներով: 

Ընթրիքներ կլինեն սեպտեմբերի 19-ին եւ 21-ին: Salon ռեստորանում սեպտեմբերի 19-ի ընթրիքը կղեկավարի լիբանանյան խոհանոցի հայտնի մասնագետ Ջո Բարզան: Սեպտեմբերի 21-ին The Club ռեստորանում կլինի Ռաշիդ Ռախմանովը` Ռուսաստանից։ 

Սեթ մենյու

Սեպտեմբերի 10-ից 30-ը Երեւանի տարբեր ռեստորաններում եւ սրճարաններում կգործեն հատուկ սեթ մենյուներ՝ ներկայացվելու են այն ուտեստները, որոնք նախատեսում են ներառել ճաշացանկում։ 


Լուսանկարը՝ Yerevan Food Fest-ի արխիվից

Ռեստորաններն ազատ են ճաշացանկը կազմելու հարցում: Միակ սահմանափակումը վերաբերում է գնին՝ երեք ուտեստ ներառող սեթ մենյուն չպետք է գերազանցի 5000 դրամը։ 

Ինչո՞ւ

Մեր հյուրերի փորձը եւ անցած ճանապարհը շատ մասնակիցների համար դառնում է մոտիվացիայի մեծ աղբյուր թեմայի մեջ խորանալու, ինքնակրթվելու համար։ 

Հիմա շատ դժվար է նորություն մատուցելը՝ համացանցում կարելի է տեղեկություններ գտնել գրեթե ամեն ինչի մասին: Այդ պատճառով մենք հրավիրում ենք այնպիսի մարդկանց, որոնք ոչ թե նորություն պետք է ասեն, այլ իրենց կերպարով ու փորձով կարողանան ոգեշնչել տեղացի մասնագետներին։


Լուսանկարը՝ Yerevan Food Fest-ի արխիվից

Նախկին տարիների հյուրերից շատերը շատ քիչ բան գիտեին մեր երկրի մասին, կամ էլ առհասարակ ծանոթ չէին Հայաստանին: Բայց գալիս են ու տպավորվում են հայերի հյուրընկալությամբ։ Զարմանում են, թե ինչպես են Հայաստանում մարդիկ անշահախնդիր նվիրում իրենց ժամանակը։ 

Ի՞նչ միջոցներով

Փառատոնն իրականացնում ենք սեփական միջոցներով եւ գործընկերների աջակցությամբ։ Պետական կառույցներից որեւէ աջակցություն չենք ստանում, բայց ակնկալում ենք կառավարության ներկայացուցիչների մասնակցությունը մեր միջոցառումներին։ 

Մենք միակն ենք, որ գաստրոտուրիզմի թեմայով հանրային քննարկումներ ենք անցկացնում ու կցանկանայինք տեսնել պետական կառույցների հետաքրքրված ներկայացուցիչների՝ գաստրոտուրիզմի խնդիրները, հնարավորությունները քննարկելու համար։ 

Ամալի Խաչատրյան 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին