×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Միայն գյուղական սնունդ՝ Շինուհայրի Arakelyans’ Garden-ում

Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում՝ «Տաթեւեր» ճոպանուղուց մոտ 4 կմ հեռավորության վրա, բացվել է Arakelyans’ Garden էկո-ռեստորանը, որտեղ մատուցվում է բացառապես գյուղական սնունդ։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Շինուհայր գյուղի 5-րդ փողոցը գյուղացիները բարեկամության փողոց են կոչում. այստեղի գրեթե բոլոր բնակիչները միմյանց բարեկամ են։ Երեւանից վերադառնալով հայրենի գյուղ՝ հենց այս փողոցում գտնվող տան այգում էլ 21-ամյա Անի Առաքելյանը որոշեց հիմնել իր ընտանեկան բիզնեսը՝ Arakelyans’ Garden ռեստորանը։ 

Այգին պահեստամասերի, շինանյութի պահման վայր է եղել, ու ամենաբարդ աշխատանքը տարածքն ազատելն էր։ Հետո գյուղի երեխաների, ընկերների օգնությամբ ամբողջ գործն ավարտին են հասցրել՝ ծախսելով ընդամենը 15 օր։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Թեեւ քաղաքում եմ ապրել, սակայն դեռ փոքրուց միշտ ձգտել եմ դեպի գյուղը, ջերմ շփում պահել այստեղի ընկերների հետ, եւ ի վերջո այնպես ստացվեց, որ նրանք բոլորն իմ կողքին եղան երազանքիս իրականացման ճանապարհին»,- պատմում է Անին։ Նրա գաղափարի իրականացմանը մեծապես աջակցել է զարմիկը՝ Տիգրան Առաքելյանը։ 


Անի Առաքելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ռեստորանի մենյուն բազմազան է՝ ավելուկով աղցանից մինչեւ չորաթան, տնական կոմպոտ ու գյուղի սարերից հավաքված խոտաբույսերով թեյ։ Անհրաժեշտ մթերքները ձեռք են բերում կա՛մ սեփական այգուց, կա՛մ գնում գյուղացիներից՝ ապահովելով նրանցից շատերի զբաղվածությունը։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Մենք կաթնամթերքի արտադրությամբ չենք զբաղվում, այն գնում ենք հարեւաններից։ Օրինակ՝ հարակից Խնածախ գյուղում պանիրն է շատ համեղ, կաթը մեր գյուղի բնակիչներից ենք գնում՝ սովորականից բարձր գնով։ Գետի ձուկ ենք մատուցում, որն էլի գյուղացիներն են որսում։ Չունենք ուտեստներ, որոնց բաղադրամասերը գյուղական սնունդ չեն հանդիսանում»,- մանրամասնում է Անին։ 

Հացը գնում են գյուղի թոնրատներից մեկից, որի հետ պայմանավորվածություն ունեն նաեւ զբոսաշրջիկներին հացի թխման արարողությանը ծանոթացնելու վերաբերյալ։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ուտեստների պատրաստմամբ զբաղվում է Անիի տատիկը՝ 69-ամյա Աղունիկը, որին բոլորն Աղո տատ են դիմում:

Նա 13 տարեկանից օղի է թորում. մատուցվող տնական խմիչքները՝ թթի օղին եւ գինին, հենց նա է պատրաստում։ Ասում է, որ սիրով իր փորձը կկիսի հետաքրքրված այցելուների հետ։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Arakelyans’ Garden-ի տարածքում կա նաեւ թոնրատուն, որը սակայն չի գործում ու յուրօրինակ թանգարան է դարձել։ Այցելուներն այստեղ կարող են տեսնել այն ամենը, ինչ հնում օգտագործել են գյուղացիները հաց թխելիս։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին