«Roomz» է կոչվում երեւանյան նորաբաց սրճարաններից մեկը։ Հասցեն Պուշկինի 38-ում է, փողոցի ամենահին շենքերից մեկում։ Անսովոր ձեւաչափով տարածք է եւ սեփականատերերի բնորոշմամբ՝ նորություն Հայաստանի եւ հայերի համար։ GastroVino-ն սրճարան է այցելել բացումից մի քանի օր անց, կեսօրից հետո։
Ինչ՞ու անսովոր
Սա մի սրճարան է, որտեղ մի քանի սրճարան աշխատում է միաժամանակ ու նույն տարածքում։ Եվ մի սրճարանի սեղանի շուրջ նստելիս, կարող եք պատվիրել մյուս սրճարանի ուտեստը կամ խմիչքը։
Լուսանկարը՝ GastroVino
Նույն տարածքում է «Eat&Fit»-ը եւ «Cheat Meal»-ը, «Malocco»-ն, «Waveroom»-ը, «Bulldog»-ը, «Enoteca»-ն։
Լուսանկարը՝ GastroVino
Չնայած սրճարանային ուղղությունների տարբերությանը, տարածքների առանձնացումը դիզայներական լուծումներով է արված եւ բաժանարար պատեր, որպես այդպիսիք, չկան։
Սրճարանը աշխատանքային օրերին բաց է 08․30-ից մինչեւ 00:00-ը, ուրբաթ եւ շաբաթ օրերին՝ աշխատում են մինչեւ 02:00-ը։
Լուսանկարը՝ GastroVino
Ովքե՞ր են հիմնադիրները
«Roomz»-ը հիմնադրել են Գալուստ Ստեփանյանը եւ Գոշ Հակոբյանը, գաղափարը պատկանում է Գալուստ Ստեփանյանի լուսանկարիչ եղբորը՝ Վահան Ստեփանյանին։
«Մենք ուզում էինք ստեղծել մի ընդհանուր «ընկերություն», որտեղ ամեն սրճարան կմատուցի իր ծառայությունը, ամեն ինչ կլինի եւ միմյանց չեն խանգարի։ Դժվար չէր, որովհետեւ մենք որոշեցինք, որ սա իրականացնում ենք ընկերներով՝ համատեղ ուժերով», - պատմում է Գալուստ Ստեփանյանը։
Գալուստ Ստեփանյանը | Լուսանկարը՝ GastroVino
Իսկ ահա Գոշ Հակոբյանն ասում է, որ դա հնարավոր չէր լինի իրականացնել, եթե չգտնեին այս տարածքը։
«Լրիվ պատահաբար հայտնվեցի Պուշկինի այս հին շենքում։ Սկսեցի շրջել միջանցքում եւ հասկացա, որ գտել ենք այն, ինչ փնտրում էինք, եւ այստեղ կարելի է ստեղծել մի բան, ինչը չկա Հայաստանում։ Վերանորոգումն էր դժվար: Մենք որոշեցինք նորոգել, բայց չքանդել, պահպանել շենքի նախնական դիզայնն ու կառուցվածքը, եւ սրճարանի ամեն անկյունի դիզայնի գաղափարի հեղինակը հենց այդ հատվածի պատասխանատուն է»,-ասում է Գոշ Հակոբյանը։
Գոշ Հակոբյանը | Լուսանկարը՝ GastroVino
Ի՞նչ կարելի է ուտել-խմել ներսում
«Enoteca»-ն ապահովում է գինիները, «Malocco»-ն քաղցրեղենը, «Eat&Fit»-ը սնունդը, «Bulldog»ը՝ «Դառգետ»-ի լցնովի գարեջուրը։ «Enoteca»-ի գինիների տեսականին շատ մեծ է՝ տեղականից մինչեւ արտասահմանյան գինիներ։
Լուսանկարը՝ GastroVino
«Malocco»-ի քաղցրեղենների ամբողջ տեսականին այստեղ է։ Հատուկ «Roomz»-ի համար պատրաստվում է «Red Velvet»-ը եւ բեզեով «Պավլովան»։
«Eat&Fit»-ում առողջ սնունդ է։
Լուսանկարը՝ GastroVino
Կա նաեւ «Cheat Meal», որի ճաշացանկից կարելի է պատվիրել պիցցա, բուրգեր, հավով աղցաններ ու անգամ իշխանով րափեր։
Լուսանկարը՝ GastroVino
«Դառգետի» գարեջուրները դեռ միայն «լցնովի» տարբերակով են, բայց շշալցվածն էլ չեն բացառում։
Սուրճի տեսականին էլ է մեծ, լիմոնադներն էլ տեղում են պատրաստվում։ Կա նաեւ կոկտեյլների մոտ 20 տեսակ, որի կեսը՝ հեղինակային է։ Տարածքը միանգամից կարող է ընդունել 80-90 մարդու, եւ եթե սովորական ռեստորանում մեկ կամ երկու ճաշացանկ է տրամադրվում, այստեղ միանգամից 5-ն է։
Էլ ի՞նչ կա այստեղ
Ցուցահանդես միջանցքում։ Այս օրերին այստեղ ցուցադրվում է շենքի հին բնակիչների ու շենքի մասին պատմող պատմական լուսանկարներ, որոնք Վահան Ստեփանյանի արխիվից են։ Ի՞նչ կլինի հաջորդը, դեռ չգիտեն, բայց պլանավորում են ամիսը մեկ՝ որեւէ արվեստագետի աշխատանքներ ցուցադրել, հետագայում նաեւ ցուցահանդես-վաճառք կլինի։
Լուսանկարը՝ GastroVino
Ամիսը մեկ անգամ նաեւ հատուկ երաժշտական միջոցառումներ են նախատեսում։
«Երաժշտության հարցում մեր բախտը բերել է, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր կան մեր նախագծում, լավ երաժշտական ճաշակ ունեն, եւ թե օրվա ընթացքում, թե շաբաթ օրերը հնչող երաժշտությունը հատուկ ընտրված է։ Մենք ունենք այնպիսի թիրախային խումբ, որը լսում է ճաշակով երաժշտություն, լավ երաժշտություն եւ հենց նրանք են լցնում մեր տարածքը», -պատմում է Գալուստը։
Ովքե՞ր են այցելուները
«Հաճախորդին գրավելու համար պետք է մտածես հաճախորդի տեսանկյունից։ Ես, օրինակ, հենց այդպես եմ անում՝ միշտ մտածում եմ, թե ինչ կուզեի ուտել սրճարանում, ինչպե՞ս կուզեի մատուցեին այդ սնունդը, ի՞նչ երաժշտություն հնչեր», -ասում է Գալուստը։
Տարածքում ծխել չի կարելի։ Այս հարցը խիստ է դրված։ Գալուստն ասում է, գուցե այս պատճառով հաճախորդների խումբ կորցնեն, բայց նաեւ հաճախորդների մեկ այլ՝ ավելի մեծ խումբ էլ ձեռք կբերեն։
Գալուստ Ստեփանյանը | Լուսանկարը՝ GastroVino
«Մենք այստեղ ենք 5 տարբեր ընկերներով։ Մեզանից յուրաքանչյուրն այստեղ է բերել իր ընկերախումբը, որոնք էլ հաստատ կբերեն իրենց ընկերներին։ Քաղաքում կան ընկերների խմբեր, որոնք սակայն փակ են օտարների համար, չեն սիրում շփվել անծանոթների հետ եւ նոր կապեր հաստատել, սիրում են միասին ժամանակ անցկացնել։ Այստեղ շատ են հավաքվում նման ընկերախմբեր ու շփվում», - ներկայացնում է Գալուստ Ստեփանյանն ու հավելում՝ «Roomz» կարող է գալ յուրաքանչյուրը՝ գրպանի ցանկացած պարունակությամբ։
Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: