Ուզբեկստա՞ն, թե՞ Չինաստան։ Իսկ գուցե Հնդկաստա՞ն։ Իսկ եթե բոլորը միասին ու միաժամանա՞կ։ Կարծում եք հնարավո՞ր չէ։ Իսկ դուք փորձեք Mao ze Duck ռեստորանի դուռը բացել։
Բարի գալուստ Mao ze Duck
Ներս մտնելուն պես պարզ է դառնում, որ այստեղ ոչ միայն գաստրո, այլեւ մշակութային ճանապարհորդություն է սպասվում Մետաքսի ճանապարհով։ Այն նույն ուղիով, որով ժամանակակից աշխարհ հասան ճապոնական, չինական, ուզբեկական, հնդկական, վիետնամական համեմունքներն ու սկսեց զարգանալ ժամանակակից խոհարարությունը։
Ռեստորանում մի քանի ազգային ինտերիեր է համադրված. այստեղ ե՛ւ ուզբեկական ձեռակերտ սյուներ են, ե՛ւ հնդկական մանրանկարչությամբ պահարաններ, ե՛ւ Շիայի արձանն է, ե՛ւ հաջողության փիղը մուտքի մոտ, պատերին չինական մանրանկարչությամբ հուշանվեր-ափսեներ են, առաստաղից բազմագույն ու բազմաձեւ լամպեր են կախված։
Սեղանների դիզայնն էլ չի հոգնեցնում։ Օրինակ, եթե պատվիրեք «Պեկինյան բադ» ու սպասեք պատրաստվելուն, կարող եք հնդկական ավանդական ու ժամանակակից արվեստների միքսն ուսումնասիրել սեղանի ապակուց այն կողմ։
Բադ պեկինյան ոճով
- Այստեղ ամեն բան մտածված է, որովհետեւ մանրուքները շատ կարեւոր են։ Բայց եւ ամբողջ տարածքը տարանջատված է, «զոնինգ է» արված։ Մի հատվածը խմբերի համար է, մեկ այլ հատվածը՝ ավելի ընտանեկան հանդիպումների, իսկ բոլորի աչքի դիմաց, բայց աչքից հեռու նաեւ բարն է։ «Իսկական» բար է, որն առանձնացված է սրահից եւ նախատեսված ռելաքս լինելու, կոկտեյլներ խմելու համար»,- պատմում է Mao ze Duck ռեստորանի հիմնադիրներից Արսեն Հովհաննիսյանը։
Արսեն Հովհաննիսյանը
Խոհարարները
- Ռեստորանի դիզայնը շատ կարեւոր է, բայց ռեստորանը նախ ուտելու մասին է,- ասում է Արսենն ու դիմում չինացի խոհարարին,- Մաո, խնդրում եմ, բադ պատրաստիր։
Չինացի Մաոն տասը ամիս է՝ այստեղ է։ Նախկինում հայ խոհարարների հետ գրեթե չի աշխատել ու հայկական խոհանոցին էլ մասամբ է ծանոթ։ Փոխարենը չինական խոհանոցի իսկական վարպետ է։
- Ճիշտ է, չինականը հայկական խոհանոցից շատ է տարբերվում, բայց երբ տեսնում եմ, որ իմ պատրաստած ուտեստը հայերը հավանում են, հաճույքով ուտում են, ինձ շատ երջանիկ եմ զգում,- ասում է Մաոն։
Մաոյի կողքին աշխատում են ուզբեկ խոհարարները, շուտով նրանց կմիանան նաեւ հնդիկները, ավելի ուշ՝ ճապոնացիներն ու գուցե նաեւ վիետնամցիները։ Ազգային ճաշատեսակ պատրաստելուց բացի, նրանք նաեւ օգնում են գնումներ կատարելու հարցում։
Վոքում տապակած ծնեբեկ
- Դրսից խոհարար ունենալը բավականին թանկ է, օրինակ՝ մեր ռեստորանում այն ծախսերի տեսակարար կշռի բավական մեծ տոկոսն է կազմում։ Բայց եթե ուզում ես իսկապես տվյալ երկրի ուտեստը մատուցել, պետք է աուտենտիկ խոհարար ունենաս: Նույնիսկ սննդամթերքները գնելիս մենք նրանց հետ ենք համաձայնեցնում, որովհետեւ իրենք գիտեն, թե իրենց երկրում ինչն է լավը,- պատմում է Արսենը։
Չայհոնա Փլով
Շատ են այն ուտեստները, որոնց բաղադրիչները՝ ավելի քան 20 տեսակ, ներկրվում են դրսից։ Այս շարքում ե՛ւ չինական հատուկ տերեւներն են, ե՛ւ բրնձի թերթիկները, ե՛ւ ուզբեկական փլավի համար պահանջվող բրինձն ու գազարը։ Պարզվում է, որ օրինակ, ուզբեկական փլավի «բնօրինակը» պատրաստվում է միայն բաց դեղին գազարով եւ լազառ կամ ալամբիա տեսակի բրինձներով։ Երեքն էլ աճում են միայն Ուզբեկստանում։
Բարմենը
Առաջին հայացքից անտեսանելի բարում միանգամից նկատվում է խմիչքների բազմազանությունը։
- Այստեղ ալկոհոլային խմիչքների տեսականիով չէ, որ ուզում ենք զարմացնել,-ասում է բարմենը՝ Զորայր Եղիազարյանը, ձեռքը վերցնում սեւ պնակը եւ սկսում կոկտեյլ պատրաստել։
Զորայր Եղիազարյանը
- 12 տեսակի հատուկ կոկտեյլ ունենք ու նաեւ բոլոր դասական կոկտեյլները։ Հատուկ կոկտեյլների շարքում են, օրինակ, զիրայովը եւ վասաբին։ Սուր համուհոտերով կոկտեյլներ են, բայց շատ համեղ են համեմունքների ճիշտ բալանսավորման շնորհիվ։ Ինձ դրանք պատրաստել սովորեցրել է այս երկրի լավագույն բարմեններից Ստեփան Աբրահամյանը։ Նա նաեւ մեր մենյուն է կազմել,- պատմում է Զորայրը։
Տնօրեններն ու մատուցողները
Ռեստորանում աչքի է ընկնում մատուցողների սպասարկման «թեթեւությունն» ու ժպիտը։
Արսենը պնդում է, որ դա այստեղ աշխատելու կարեւոր պայմաններից է։
- Մեզ մոտ կարեւոր է ընկերական վերաբերմունքը, մարդամոտությունը, լեզուների իմացությունը։ Մեր աշխատողները շարունակ «շրջապտույտի» մեջ են: Որոշ ժամանակ նրանց կարող եք տեսնել մեր «WineRepublic»-ում, հետո մեր «Ասադոր»-ում, հետո այստեղ։ Նման աշխատանքային գրաֆիկով մեր անձնակազմը կարողանում է մի ռեստորանի մթնոլորտը բերել մյուս ռեստորան։
Այդ մթնոլորտը շատ կարեւոր է, որովհետեւ ռեստորանային բիզնեսում կարող ես կրկնօրինակել ամեն ինչ, բայց ոչ մթնոլորտը,- բացատրում է Արսեն Հովհաննիսյանն ու ասում, որ ղեկավար կազմն էլ նույնն է, ինչ իրենց մյուս երկու՝ «WineRepublic»-ում եւ «Ասադոր»-ում,- մենք էլի նույն կազմով ենք՝ չորս ընկերով՝ Արտյոմը, որը գինիների ու ճաշացանկի համար է պատասխանատու, Իգորը՝ անձնակազմի ու սպասարկման համար, Գեւորգը՝ ընթացիկ կառավարման համար, եւ ես՝ ֆինանսների եւ մարկետինգի պատասխանատուս։
Մենյուն եւ ռիսկերը
Այստեղ կարելի է գալ ե՛ւ արագ սնվելու համար, ե՛ւ լանչի ժամին, ե՛ւ երեկոյան ընթրիքին, ե՛ւ հավաքույթներին։
Անգուսի միս մոնղոլական ձեւով՝ ոստրեի սոուսով
Պատվիրած ուտեստի արժեքը կախված է, թե տվյալ ուտելիքի բաղադրիչներից քանիսն են տեղական եւ քանիսը՝ ներկրված։ Գինը ձեւավորված է հենց այդպես։ Չի բացառվում, որ նաեւ առաքում ունենան, բայց դեռ այս հարցը քննարկման փուլում է: Արսենն ասում է, որ կան ուտեստներ, որոնք պետք է ուտել տեղում, նույն պահին, առաքման դեպքում դրանք կարող են կորցնել ե՛ւ համը, ե՛ւ տեսքը։
- Ռեստորանի պաշտոնական մեծ բացումը դեռ չի եղել։ Մեր տեղը գիտեն մեր մյուս ռեստորանների այցելուները, որոնք մեզ «հետեւում են»։ Այս ռեստորանը բացելիս ամենամեծ ռիսկն այն էր, որ հնարավոր է, որ չընդունվի, որովհետեւ չինական ուտեստները մեր քիմքին անսովոր են, ուզբեկականը շատ յուղոտ է մեզ համար, բայց որոշեցինք ռիսկի դիմել եւ ոչ մի դեպքում չտեղայնացնել ու պահպանել իսկական համը։
Ըստ Արսենի՝ ռիսկային է լինելու նաեւ հնդկական խոհանոցը, որը շուտով ներգրավվելու է այս նույն տարածքը։
- Ռեստորանն այս փուլում առաջնորդվում է հաճախորդների կարծիքներով, հետեւում ընդհանուր խորհուրդներին, կարծիքներին, առաջարկներին, ուզում ենք հասկանալ, ինչ ուղղությամբ պետք է աշխատենք, ինչը կատարելագործենք, ինչը փոխենք,- ասում է Արսեն Հովհաննիսյանը։
Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: