×

Հայկական շոկոլադի առաջին թանգարանը՝ Աշտարակում

2007-ին հիմնադրված հայկական «Գուրմե-Դուրմե» շոկոլադի ապրանքանիշը 2018-ի հոկտեմբերին Աշտարակում ցուցասրահ-թանգարան է բացել: Այն առաջինն է Հայաստանում, որտեղ այցելուները «գործ ունեն» թե՛ շոկոլադի համի, թե՛ նախապատմության հետ:

Ի՞նչ է առաջարկում

««Գուրմե-Դուրմե»-ի ցուցասրահում այցելուն կարող է սեղմել պատին ամրացված կոճակը, եւ աշխատողը ներսից կբերի թարմ շոկոլադ՝ համտեսի համար»,- պատմում արտադրության համահիմնադիր տնօրեն Դիրան Բաղդադյանը:


Այստեղ կարելի է նաեւ աուդիո տարբերակով լսել շոկոլադի նախապատմությունը եւ ստեղծման փուլերը՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Նախատեսվում է նաեւ ապահովել ֆրանսերեն եւ իտալերեն թարգմանություն:

Մուտքի վճարը մինչեւ 15 տարեկանների համար 400 դրամ է, 15-ից բարձրերի համար՝ 600 դրամ:

Լայն աշխարհագրություն

Տարիներ առաջ Ավստրիայից հայրենիք վերադառնալով՝ Դիրան Բաղդադյանը որոշեց եղբոր հետ հիմնադրել այնպիսի արտադրանք, որը նորույթ կմատուցի շուկային:

Մեծացած լինելով փաթեթավորման բիզնես ունեցող ընտանիքում՝ կանգ առան հենց շոկոլադի արտադրության վրա՝ շեշտադրելով նաեւ թեմատիկ փաթեթավորումը:


«Մեր առաջնային նպատակներից էր մարզերում աշխատատեղեր ստեղծելը, այդ նպատակով արտադրամասը կենտրոնացրինք Աշտարակում: Այսօր «Գուրմե-Դուրմե»-ն խանութ-տաղավարներ ունի Երեւանում, Աշտարակում, Մոսկվայում եւ Արցախի սրճարաններից մեկում: Երեւանից հեռու գտնվող մարզերում դեռեւս չենք կարողանում խանութներ բացել, բայց մեր երազանքն է՝ խանութներ ունենալ Հայաստանի մյուս վայրերում»,- նշում է Դիրան Բաղդադյանը:

Շոկոլադ՝ Եվրոպայից բերված հումքով

Բիզնեսն իրականացնում են ինքնաֆինանսավորմամբ: Տնօրենի խոսքով՝ չեն ձգտում Հայաստանի նման փոքր երկրում արագ ընդլայնվել. ռիսկային են համարում:


Շոկոլադի հումքը ներմուծվում է Բելգիայից եւ Իտալիայից: «Գուրմե-Դուրմե»-ն համագործակցում է այդ պետություններում գործող շոկոլադ արտադրող ընկերությունների հետ:

«Ունենք 34% կաթնային, 54%, 72% եւ 96% սեւ շոկոլադ: Առհասարակ, շոկոլադ կարելի է արտադրել նաեւ զրոյից, բայց դա ավելի բարդ ու երկարատեւ գործընթաց է»,- ասում է Դիրան Բաղդադյանը:

Ստացված միջոցները հիմնականում ուղղվում են սեփական բիզնեսին՝ ներդրումների տեսքով:

«Գուրմե Դուրմե»-ն ունի նաեւ շոկոլադե սալիկներ՝ «Օգնենք քաղցկեղով հիվանդ երեխաներին» գրությամբ, որից ստացված միջոցներն ուղղվում են բուժվող երեխաների աջակցությանը:

Ձեռքի աշխատանքը՝ արտադրամասի առաջնահերթություն

«Գուրմե-Դուրմե»-ի արտադրամասն ունի մոտ 30 աշխատակից: Տնօրենի հավաստմամբ՝ եթե խանութների թիվն ավելանա, ընդհուպ 150 աշխատատեղ կարող է բացվել:

Նախատեսվում է ապագայում ցուցասրահ-թանգարանը համալրել 2-րդ հարկով:


Ձեռքի աշխատանքն էլ համարում են իրենց առաջնահերթությունը.

«Կանայք մեզ մոտ շատ հմուտ են, շուտ սովորող: Առաջին օրվանից նրանց համոզել ենք, որ Եվրոպայում ձեռքով շոկոլադ պատրաստողը ձեզնից լավը չէ: Մենք չենք ցանկանում սարքավորումներ բերել՝ ավելի արագ արտադրելու համար, թեպետ առաջարկներ ունենք՝ 2 րոպեում 1000 հատ»:

Տեղական արտադրանք եւ նորարարություն

«Գուրմե-Դուրմե»-ն գործում է «50% շոկոլադ, 50% նվեր» սկզբունքով: Յուրաքանչյուր տուփ ու փաթեթավորում ունի որոշակի ասելիք, մաղթանք, հայկական ավանդական որեւէ տարր: Կարգախոսն է «Շոկոլադ՝ 1-ից 90 տարեկանների համար»:


Արտադրանքը որեւէ սուպերմարկետում գտնել հնարավոր չէ: Կարելի է նաեւ պատվիրել՝ հիմնականում կորպորատիվ նպատակներով: Երեւանի տարածքում առաքում է գործում:

Դիրան Բաղդադյանը վստահ է՝ հաջողությունը նրանում է, որ անես այն, ինչ սիրում ես. «Երբ ես ու եղբայրս միավորեցինք շոկոլադն ու փաթեթավորումը, հաջողության տոկոսն ապահովվեց: Ամեն անգամ մտածում ենք՝ ինչ նորություն բերենք շուկա, եւ հենց դա էլ մեր հաջողության գրավականն է»:

Տեքստը եւ լուսանկարները` Նելլի Պետրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին