×

Մարիամ Սաղաթելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Արգենտինական գինու տարբեր ոճերը՝ Մարիամ Սաղաթելյանի մեկնաբանությամբ

Հայաստանում գինու սիրահարների ճաշակային քարտեզը երկար ժամանակ ձեւավորվել է Հին Աշխարհի երկրների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Գերմանիայի շուրջ։ Վերջին տարիներին, սակայն, գինու գիտակներն ու համարձակ էնտուզիաստները սկսել են ավելի հաճախ հայացք նետել Նոր Աշխարհին՝ բացահայտելով Չիլին, Միացյալ Նահանգները, Նոր Զելանդիան եւ այլ երկրներ։ Հաճախ ուշադրությունը տեղափոխվում է նաեւ Հարավային Ամերիկա՝ հատկապես Արգենտինա։

InVino-ի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանը «Շաբաթվա գինին In Vino-ից» շարքի այս նյութի համար առանձնացրել է հենց արգենտինական գինիներ ու պատմել խաղողագործական առանձնահատկությունների մասին։

Արգենտինան ու Հայաստանը՝ «նույն դիրքում»

Արգենտինան գտնվում է Հարավային կիսագնդում եւ այդ փաստը փոխում է մեզ ծանոթ գինեգործական ժամանակացույցը, երբ Հյուսիսային կիսագնդում այգիները պատրաստվում են ձմռանը, այստեղ խաղողը հասունանում է, իսկ բերքահավաքը սովորաբար տեղի է ունենում մարտ-ապրիլ ամիսներին։ Երկրի կլիման հիմնականում մայրցամաքային է, սակայն գինեգործության իրական գաղտնիքը թաքնված է աշխարհագրության մեջ։ Խաղողի այգիների մեծ մասը տեղակայված է Անդեր լեռնաշղթայի հարակից տարածքներում՝ ոռոգվող օազիսներում, որոնք շրջապատված են գրեթե անապատային լանդշաֆտով։ Այգիների զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից 600 մետրից բարձր, իսկ Սալտայի տարածաշրջանում հասնում է մինչեւ 3000 մետրի։

Հարավային կիսագնդում Արգենտինան հայտնի է որպես բարձրադիր այգիներ ունեցող գինեգործական երկրներից մեկը։ Եվ այս փաստը հետաքրքիր զուգահեռ է ստեղծում մեզ համար։ Հյուսիսային կիսագնդում նման դիրք զբաղեցնում է Հայաստանը՝ իր լեռնային տեռուարներով եւ բարձրադիր խաղողագործությամբ։

Արգենտինայի գինեգործական ինքնությունը հիմնականում կառուցված է երկու սորտերի շուրջ՝ Տորոնտես (Torrontés) եւ Մալբեկ (Malbec)։ Տորոնտեսն արոմատիկ խաղողի սորտ է, որը պատկանում է մուսկատների ընտանիքին։ Այն սովորաբար ունի ինտենսիվ մրգային եւ ծաղկային բույրեր, միջին մարմնեղություն եւ թթվայնություն՝ կորիզավոր մրգերի եւ սեխի համային նոտաներով։ Մալբեկը հաստ կեղեւով սորտ է, որը շատ լավ է աճում տաք կլիմայական պայմաններում։ Դրանից ստացվում են մուգ ռուբինագույն, մարմնեղ գինիներ՝ սեւ մրգերի հարուստ բույրերով եւ արտահայտված, բայց հավասարակշռված տտիպությամբ։ 

Zuccardi Torrontés

Այս գինին պատրաստվում է Familia Zuccardi ընտանեկան գինեգործարանում, որը հիմնադրվել է 1963 թվականին եւ այսօր ղեկավարվում է Սեբաստիան Զուկարդիի կողմից։ Այն հայտնի է գինիներով, որոնք արտահայտում են Անդեր լեռնաշղթայի տարածքի առանձնահատկությունները։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սերիե Ա (Serie A) շարքի Տորոնտեսը պատրաստվում է բարձրադիր խաղողի այգիներից՝ Սալտայի Կաֆայատե շրջանում ՝ մոտ 1800 մետր բարձրության վրա։ Այստեղ տաք օրերն ու զով գիշերներն օգնում են պահպանել թթվայնությունը եւ զարգացնել արտահայտիչ բույրեր։

Zuccardi Torrontés-ը չոր, արոմատիկ սպիտակ գինի է՝ արտահայտված ծաղկային նոտաներով, ինչպիսիք են նարնջի ծառի ծաղիկը, վարդի թերթիկները եւ հասմիկը, ինչպես նաեւ մրգային բույրերով՝ դեղձ, լիչի, տանձ եւ ցիտրուսային կեղեւ։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այն ունի թեթեւից միջին մարմնեղություն, թարմ թթվայնություն եւ թուրինջի, ծիրանի ու արեւադարձային մրգերի համային նոտաներ, որոնք Տորոնտեսին բնորոշ հատկանիշներ են։

Bodega del Fin del Mundo Malbec Reserva

Երկրորդ գինին Bodega del Fin del Mundo գինեգործարանի արտադրանք է։ Գինեգործարանը գտնվում է Նեուկեն նահանգի Սան Պատրիսիո դել Չանյար շրջանում՝ Պատագոնիայում եւ պատկանում է Էռնեկյանների ընտանիքին։ 

Նույն ընտանիքի ներկայացուցիչ Խուլիանա Դել Ագիլա Էռնեկյանը Հայաստանում հիմնել է «Կարաս» գինեգործարանը։ Էռնեկյանները համարվում են Հայաստանի վերջին մեծ թագավորական տոհմերից մեկի՝ Բագրատունիների ժառանգներ եւ իրենց գինիների շշերի վրա պատկերում են այդ տոհմի խորհրդանիշը՝ առյուծը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պատագոնիան Արգենտինայի ամենահարավային գինեգործական տարածաշրջաններից մեկն է։ Զով եւ չոր կլիման, ուժեղ քամիները, ավազոտ ալյուվիալ հողերը եւ օրվա ընթացքում ջերմաստիճանի մեծ տատանումները նպաստում են թարմությամբ, կառուցվածքով եւ էլեգանտ մրգայնությամբ գինիների ձեւավորմանը։ Ռեզերվա շարքի գինիները հնացվում են մոտ 12 ամիս ֆրանսիական եւ ամերիկյան կաղնե տակառներում, ինչի արդյունքում գինին ձեռք է բերում լրացուցիչ խորություն եւ փափուկ տանիններ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Bodega del Fin del Mundo Malbec Reserva-ն մարմնեղ կարմիր չոր գինի է՝ մանուշակի, հասած սալորի, մոշի եւ սեւ բալի բույրերով, ինչպես նաեւ երկրորդային նոտաներով՝ վանիլ, համեմունքներ, ծխախոտ եւ շոկոլադ, որոնք ձեւավորվում են տակառային հնացման ընթացքում։ Քիմքին այն հավասարակշռված է՝ փափուկ տանիններով, թարմ թթվայնությամբ եւ հագեցած մուգ մրգային համերով։ Հետհամը երկար է՝ համեմունքների եւ կակաոյի նուրբ երանգներով։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այսպիսով, Zuccardi Torrontés-ի եւ Bodega del Fin del Mundo Malbec Reserva-ի ներկայացնում են Արգենտինայի գինեգործության երկու տարբեր ոճերը։ Դրանց միջոցով հնարավոր է բացահայտել նույն երկրի սորտային եւ տարածաշրջանային առանձնահատկությունները եւ ձեւավորել ամբողջական պատկերացում արգենտինական գինիների աշխարհի մասին։

Պատրաստել է Անի Խչոյանը

Լուսանկարներ՝ Դավիթ Ղահրամանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին