Գինի ընտրելիս հաճախ առաջնորդվում ենք պարզ կողմնորոշիչներով՝ երկիր, գին, ծանոթ անուն կամ խորհուրդ։ Բայց որքան բազմազան է դառնում առաջարկը, այնքան բարդանում է ընտրությունը։
Քանի որ շատերը ուրբաթ երեկոյան գինի են վայելում, այսուհետ ամեն ուրբաթ կներկայացնենք մեկ գինի։
InVino-ի համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանն այս շաբաթվա համար առանձնացրել է Ֆրանսիայի Շամպայն շրջանից Chavost Blanc d’Assemblage Brut Nature գինին։
Ինչո՞ւ ենք սկսում այս շարքը
Արդեն 14 տարի է, որ գինու ոլորտում եմ։ Սա այն ոլորտներից է, որտեղ անվերջ կարող ես սովորել։ Հիշում եմ ժամանակ, երբ ընդամենը մոտ 10 հայկական որակյալ գինի կար, որը կարելի էր հյուրերին առաջարկել: Մնացածը փորձում էինք ներկրված լավագույն տարբերակներից հավաքել՝ մոտ 600 տեսակ։ Այսօր արդեն InVino-ում մոտ 1800 տեսակ գինի կա, որից շուրջ 600-ը հայկական է, եւ ամեն օր նոր գինիներ են հայտնվում։
Մարիամ Սաղաթելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Նրանք, ովքեր ուզում են տեղյակ լինել շուկայի նորություններից, պետք է ունենան վստահելի աղբյուր։ Ես ուզում եմ ներկայացնել հետաքրքիր գինիներ ու հիշեցնել, որ գինին մեր մշակույթի մասն է, եւ եթե մենք դրա կրողն ենք, պետք է նաեւ տեղեկացված լինենք, թե ինչ է կատարվում շուկայում։
Ի՞նչ է շամպայնը
Գինին բաժանվում է երկու հիմնական խմբի՝ հանգիստ եւ փրփրուն (խաղուն)։ Երկուսն էլ կարող են լինել սպիտակ, վարդագույն կամ կարմիր։ Շամպայնը փրփրուն գինի է, բայց շամպայն կարող է կոչվել միայն Ֆրանսիայի Շամպայն տարածաշրջանում արտադրված գինին։ Դրա համար էլ ասում ենք՝ «բոլոր շամպայնները փրփրուն գինի են, բայց ոչ բոլոր փրփրուն գինիներն են շամպայն»։
Շամպայնի պատրաստման համար հիմնականում օգտագործվում է խաղողի երեք սորտ՝ Շարդոնե, Պինո Նուար եւ Մենիե, որոնք լավ հարմարված են այդ տարածաշրջանի կլիմային։
Ինչպե՞ս է ծնվում շամպայնը
Շամպայնի համար նախ ստանում են բազային գինի։ Որոշ տներ ստեղծում են խառնուրդ տարբեր տարեթվերի գինիներից (non-vintage), իսկ հաջող տարվա դեպքում պատրաստում են միայն այդ տարվա գինուց եւ նշում տարեթիվը (vintage)։
Այնուհետեւ բազային գինին լցնում են շշի մեջ, ավելացնում խմորիչ եւ շաքար ու փակում ժամանակավոր մետաղական խցանով։ Շշի ներսում տեղի է ունենում երկրորդային խմորում, որը տեւում է ամենաքիչը 12 ամիս, առաջանում է ճնշում, իսկ խմորիչի նստվածքը գինուն հաղորդում է հացային ու ընկուզային բույրեր։
Մարիամ Սաղաթելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հետո նստվածքը հավաքվում է շշի վզիկում, սառեցվում եւ հեռացվում (դեգորժման)։ Դրանից հետո շիշը փակում են հիմնական խցանով եւ մյուզլեով։ Պատրաստման բարդ գործընթացի պատճառով շամպայնը սովորաբար ավելի թանկ է, քան մյուս փրփրուն գինիները։
Ինչո՞ւ հենց Chavost
Փրփրուն գինիների դարակաշարը մեզ մոտ տարեցտարի մեծանում է, դրանց թվում ինձ համար առանձնահատուկ տեղ ունի Chavost Blanc d’Assemblage Brut Nature Champagne-ը։ Այն պատրաստված է երկու սորտից՝ Շարդոնեից եւ Մենիեից։ Շարդոնեն տալիս է թթվայնություն եւ թարմություն, իսկ մենիեն՝ մարմին եւ ծաղկային նոտաներ։
Արտադրողը աշխատում է օրգանական խաղողագործությամբ եւ չի ավելացնում սուլֆիտներ, ինչը ցույց է տալիս հնարավորինս բնական արտադրանք ստանալու մոտեցումը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բնորոշ են դեղին հասած խնձորի եւ սպիտակ ծաղիկների բույրերը, ինչպես նաեւ կանաչ խնձորի, լայմի ու լիմոնի թթվայնությունը։ Պղպջակները մանր ու նուրբ են եւ տալիս են հավասարակշռված կառուցվածք։
Մատուցման ջերմաստիճանը՝ 6-8°C։ Բարձր թթվայնության պատճառով լավ համադրվում է ճարպային ուտեստների հետ՝ յուղոտ ձուկ, սերուցքային պաստաներ, նույնիսկ խոզի միս։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Փրփրուն գինիները տարբերվում են քաղցրության աստիճանով՝ դա կախված է վերջում ավելացվող շաքարի քանակից (դոզաժ)։ Կան extra brut, brut, extra dry եւ ավելի քաղցր տարբերակներ, իսկ այս շամպայնը brut nature է՝ առանց ավելացված շաքարի։
Ու վերջում՝ ինչպե՞ս բացել ու ո՞ր բաժակով խմել
Շամպայնը բացելիս մյուզլեն մի հանեք եւ խցանը միշտ պահեք բութ մատով, շշի ներսում բարձր ճնշում կա, եւ այն կարող է անսպասելի դուրս թռչել։ Ամուր բռնեք խցանն ու դանդաղ պտտեք շիշը, բացեք հանգիստ՝ առանց «պայթեցնելու»։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Շամպայնի համար սկզբում օգտագործվում էին լայն գավաթներ (coupe), որոնցում պղպջակները արագ էին ցնդում։ Հետո ստեղծվեցին նեղ ու բարձր բաժակները (flute), որոնք պահում են պղպջակները, բայց թույլ չեն տալիս ամբողջությամբ բացել բույրն ու համը։ Այսօր առավել ճիշտ են համարվում կակաչի ձեւ ունեցողները (tulip)՝ ներքեւում լայն, վերեւում նեղ, որոնք պահպանում են պղպջակները եւ կենտրոնացնում բույրը։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի


×




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: