×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Մագելանի ճամփորդությունը՝ պատմություն ու գինու բացահայտումներ

Ֆերդինանդ Մագելանը 1519-ին մեկնարկած իր շուրջերկրյա ճամփորդության ընթացքում երեք տարում հաղթահարել է երեք օվկիանոս եւ անցել ավելի քան 40 հազար կիլոմետր։ DV Wine Library-ում հուլիսի 15-ին ընդամենը երկու ժամվա ընթացքում գինեսերները մտովի անցել են նրա ճանապարհը, մի քանի կանգառ արել ու համտեսել յուրահատուկ գինիներ։ «Մագելանի լեգենդար արշավով» ոգեշնչված պատմական եւ գինու «արշավները» զուգահեռ ներկայացրել են պատմաբան, հնագետ Պավել Սապոժնիկովն ու գինու փորձագետ Եկատերինա Բուլգակովան։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պավել Սապոժնիկովն ասել է, որ ճամփորդության մեկնող նավերում պարտադիր ապրանքներ են եղել՝ սնունդ, համեմունքներ, գինի, ջուր եւ այլն, դրանք ինչպես սեփական սպառման, այնպես էլ առեւտրի մաս էին։

Պավել Սապոժնիկովն Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Նավերը լցնում էին հսկայական քանակությամբ գինով։ Լավ գինին պահվում էր առեւտրի համար, միջին որակինը՝ փոխանակման, ամենավատ տեսակը՝ նավաստիների խմելու համար»,- ասել է պատմաբանը։ 

Գինու նավարկության մեկնարկը փրփրուն գինով ազդարարելուց հետո Եկատերինա Բուլգակովան ասել է, որ DV-ում լավագույն գինին իրենց հետ ճամփորդության եկած հյուրերի համար է: 

Եկատերինա Բուլգակովան Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ավանդույթ կա` երբ նավը ջուրն են իջեցնում, փրփրուն գինու շշով հարվածում են։ Չկոտրվելը վատ նշան է համարվում։ Մենք եւս չենք շրջանցել այս սովորույթը, բայց ոչ թե կոտրել ենք շիշը, այլ դրա պարունակությունը բաժակների մեջ լցրել՝ ապահովելով մեր ճանապարհորդության հաջող ընթացքը»,- ասել է նա Vega Medien Cava Rosé-ը ներկայացնելիս։ 

Վարդագույն այս գինին պատրաստված է Իսպանիայում՝ Կավա տարածաշրջանում, որտեղ փրփրուն գինիները պատրաստում են դասական մեթոդով՝ ինչպես Շամպայնում։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մենք այսօր համտեսում ենք գինի՝ պատրաստված բացառապես Գարնաչա տեսակի խաղողից։ Գինին բազմաշերտ է, բույրի մեջ, բացի վառ մրգային երանգներից՝ հատկապես վարդագույն ու կարմիր մրգեր, ծաղկային նոտաներ, առկա է նաեւ թեթեւ խմորիչային երանգ, որը հուշում է շշային երկրորդային խմորման մասին, այսինքն՝ դասական մեթոդի կիրառման նշան է»,- ասել է նա։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մագելանի հետ ճամփորդության ընթացքում գինեսերները տեղափոխվել են դեպի Արգենտինա, համտեսել սպիտակ Trapiche Broquel Torrontes եւ կարմիր Trapiche Broquel Malbec գինիները։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Հաջորդ գինին՝ Casa la Tenca Carménère-ն, Մագելանի հետքերով մեզ տանում է Չիլի, որտեղ գինեգործական պատմությունը սկսվում է 16-րդ դարից՝ իսպանացիների միջոցով առաջին խաղողի վազերի ներմուծմամբ, սակայն ժամանակակից գինեգործության գլխավոր սիմվոլը դարձել է Կարմեներե խաղողի տեսակը, որը ժամանակին Ֆրանսիայում համարվում էր գրեթե վերացած, բայց Չիլին դարձել է այս տեսակի «երկրորդ հայրենիքը»։ Կարմեներեին բնորոշ են կանաչ երանգները, սեւ հաղարջի բույրը»,- ասել է նա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մագելանի ճանապարհորդությունն ու կյանքը ավարտվել է Ֆիլիպիններում՝ հեռու Պորտուգալիայից, որտեղ սկսվել էր նրա կյանքն ու ծովագնացի երազանքները։ Երեկոյի ընթացքում նրա հետքերով անցած գինեսերների վերջին կանգառը հենց Պորտուգալիան էր։ 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Մեր պատմության ավարտը մի քիչ տխուր է, այնպես որ՝ մինչ Մագելանի ճակատագրի մասին խոսելը, առաջարկում եմ մի քաղցր գինի՝ թեթեւանալու համար։ Սկզբում մտածում էի՝ պորտվեյն վերցնել նրա հայրենիքից, բայց հավանաբար արդեն փորձել եք։ Այդ պատճառով որոշեցի առաջարկել պակաս հայտնի, բայց շատ հետաքրքիր մի գինի՝ Quinta do Portal Portal Moscatel: 

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այն պատրաստվում է մուսկատ խաղողից։ Քաղցր, թնդեցված գինի է՝ խաղողի բնական շաքարով եւ ավելացված սպիրտով։ Այն պահվել է չժանգոտվող տարայի մեջ, որպեսզի պահպանվեն մուսկատի թարմ բույրերը։ Գինին ունի նարնջի ծաղկի եւ թարմ ցիտրուսի բույրեր, շատ լավ հավասարակշռված ալկոհոլը մոտ 17% է, բայց այն չի ճնշում, չի առանձնանում համից։ Սա հենց թնդեցված գինիների պատրաստման վարպետության նշան է։ Սա այն գինին է, որ մեկ բաժակից ավելի չես խմի, բայց դա էլ լիովին բավարար է՝ արժանապատվորեն ավարտելու ինչպես այս համտեսը, այնպես էլ Մագելանի պատմությունը»,- ասել է Եկատերինա Բուլգակովան։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին