Անորակ հայկական կոնյակների բաժինը ռուսական շուկայում վերջին ստուգման արդյունքներով հասել է 85%-ի՝ 2025թ. մայիսի 80%-ի դիմաց:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասվում է Կոնյակի, սպիրտի և ալկոհոլային արտադրանքի արտադրողների միության («Սոյուզկոնյակ») և «Անտիկոնտռաֆակտ» ասոցիացիայի համատեղ հետազոտության մեջ:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ուսումնասիրված հայկական կոնյակի նմուշերի 85%-ը չի համապատասխանում կոնյակի և բրենդիի ԳՈՍՏ-երի պահանջներին, ինչպես նաև ՌԴ օրենսդրությանը: Բացի այդ, նմուշների 50%-ում հայտնաբերվել է ոչ խաղողի սպիրտի օգտագործում:
Նախորդ հետազոտությունների համաձայն՝ խախտումներով հայկական կոնյակների բաժինը 2024 թվականի օգոստոսին կազմում էր 90%, սահմաններում վերահսկողության ուժեղացման շնորհիվ 2025 թվականի մայիսին այդ թիվը նվազել էր մինչև 80%:
«Մենք արձանագրել էինք իրավիճակի որոշ բարելավում, սակայն այժմ այն կրկին վատանում է: Սա խոսում է այն մասին, որ անբարեխիղճ արտադրողներն արագ հարմարվում են վերահսկողության ցանկացած միջոցներին»,- նշել են «Սոյուզկոնյակ»-ում:
«Անտիկոնտռաֆակտ» ասոցիացիայի նախագահ Վլադիսլավ Ռեզնիկը հավելել է, որ իրենք հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի հետ:
«Հայաստանի իշխանությունները գիտեն խնդրի մասին և մեզ հաղորդում են կոնկրետ լուծումներ: Բայց մենք արդյունքներ չենք տեսնում: Ավելին, մեր ունեցած տվյալների համաձայն՝ ներկայումս աճում է ինչպես Հայաստանից Ռուսաստան ուղարկվող անորակ կոնյակի ծավալը, այնպես էլ դրա մասնաբաժինը մատակարարումների ընդհանուր քանակի մեջ»,- հայտարարել է նա:
Հետազոտության արդյունքներով «Սոյուզկոնյակ»-ը դիմումներ է ուղարկել ՌԴ Ալկոհոլային շուկայի կարգավորման դաշնային ծառայություն, Դաշնային մաքսային ծառայություն, ՌԴ Գլխավոր դատախազություն, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի համապատասխան նախարարություններ:
«Անտիկոնտռաֆակտ»-ը սկսել է համագործակցել Վրաց-ռուսական բիզնես ասոցիացիայի հետ: «Անտիկոնտռաֆակտ»-ը վրացական կողմին է փոխանցել տվյալներ Վրաստան-ՌԴ սահմանով մուտք գործած կեղծ և անորակ արտադրանքի մասին:
Հաղորդվում է, որ հետազոտվել է 71 նմուշ կոնյակ հայկական 8 արտադրողներից՝ «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ, «Արաքսի կոնյակի գործարան» ՍՊԸ, «Արարատի գինու գործարան» ՍՊԸ, «Արկոն Թրեյդ» ՍՊԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն ՍՊԸ, «Պրոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ, «Սամկոն» կոնյակի գործարան ՍՊԸ եւ «Հայասի Գրուպ» ՍՊԸ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: