Տերյան 3Ա հասցեում գրադարան է գործում, բայց դարակաշարերին ոչ թե գրքեր են, այլ՝ գինիներ։ DV WINE Library-ն ստեղծվել է նրանց համար, ովքեր գինու գավաթում բույրերի ու համերի հետ ուզում են գտնել դրա ծագումն ու պատմությունը։ DV-ն նաեւ աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող գինիների ու Gabriel-Glas ընկերության բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում։
Գրադարան-բարի գաղափարի ու գործունեության մասին GastroVino-ին պատմել է ավագ կավիստ Լիլիա Հովսեփյանը։
Գաղափարի շուրջ հավաքված թիմը
DV-ի հիմնադիրները Սանկտ Պետերբուրգից են։ Մի քանի տարի առաջ տեղափոխվել են Հայաստան եւ ցանկացել են գինու հետ կապված հյուրընկալության վայր ստեղծել։
Որոշել են եւ սկսել այս գաղափարի շուրջ մասնագետներ հավաքել։ Ես էլ կյանքիս մեծ մասն ապրել եմ Սանկտ Պետերբուրգում: 22 տարի աշխատում եմ գինու հետ, 8 տարի առաջ տեղափոխվել եմ Երեւան ու որոշեցի միանալ այս գաղափարին։
Լիլիա Հովսեփյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
DV-ն, նախևառաջ, զբաղվում է գինիների ներմուծմամբ, ապա՝ վաճառքով եւ հյուրասիրությամբ։ Դրա համար էլ սկզբում հիմնադիրները գտել են այն մարդկանց, որոնք միջազգային շուկայում գինիներ կընտրեն եւ կներմուծեն Հայաստան։ Այս առումով DV-ն Հայաստանի համար գինի ներմուծող նոր կազմակերպություն է։ Որպես գինու բար ներկայանալուց առաջ երկու 2 տարի աշխատել ենք գրասենյակում՝ ընտրել ենք գինիներ, որոշել տարածքի դիզայնը, վերանորոգել, պահեստ ստեղծել։ Այժմ ահռելի պրոֆեսիոնալ սառնարան-պահեստ ունենք, որտեղ գինիները պահվում են +14 աստիճանում։
2 տարվա ընթացքում թիմը կրթվել է, պատրաստվել սպասվող աշխատանքին։ DV-ն բացվել է 2024 թվականի դեկտեմբերին։ Կոչվում է «գինու գրադարան», որովհետեւ ինչպես գրադարան են այցելում նոր գիտելիք ստանալու, հետաքրքիր գրքեր ընթերցելու, այնպես էլ մեզ մոտ են գալիս նոր բացահայտումներ անելու։ Անգամ փոքր վաճառքի դեպքում փորձում ենք գիտելիք փոխանցել, որպեսզի մարդիկ հասկանան՝ իրենց գնածը պարզապես ալկոհոլ չէ, այլ արվեստի, պատմության, որեւէ մեծ գաղափարի մի մաս։ DV WINE Library-ի մասնագետները պատրաստ են օգնել նրանց, ովքեր ուզում են ավելին իմանալ գինու մասին։ Համտեսներ, թեմատիկ հանդիպումներ ենք կազմակերպում
հաճախորդների համար։ Հայաստանի համար սա հատկապես կարեւոր է, որովհետեւ ապրում ենք գինեգործության բնօրրանում, այդ ինֆորմացիայի կրողն ենք եւ հայերը պետք է գինի խմելու ու հասկանալու բարձր մշակույթ ունենան։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Թեեւ ներմուծող ընկերություն ենք, բայց մեր սրահում նաեւ հայկական գինիներ ունենք։
Եթե ներմուծվող գինիների ընտրությամբ զբաղվում է երկու մասնագետ, ապա տեղական գինիների ընտրությունն անում է ամբողջ թիմը՝ կույր համտեսով։ Գնահատում ենք գինիները եւ անցողիկ շեմը հաղթահարածներն ընդգրկվում են ցուցակում, որից հետո էլ կարող են հայտնվել դարակաշարերին։ Ամեն անգամ, երբ պետք է թարմացնենք դարակաշարերը, վերադառնում ենք այդ ցուցակին, մասնագետները նորից քննարկում են գինին եւ կապ հաստատում արտադրողի հետ։ Հայաստանում մարդկային կապերն ամուր են, կույր համտեսներով խուսափում ենք սուբյեկտիվ կարծիքից ու թողնում օբյեկտիվ ընտրությունը։ Արդյունքում ունենք հայկական փոքրիկ, բայց հրաշալի գինիների կոլեկցիա։
Գրադարակ հիշեցնող պատեր ու «խոսող» քարտեզներ
Մեր շեֆ կավիստ Ալեքսանդրի գաղափարով փորձել ենք գրադարանային մտածողությունն ընդգծել նաեւ դարակաշարեր ստեղծելիս։ Ամեն գինու տեսակ կցված է որոշակի քարտեզի։ Դասավորությունը հնարավորություն է տալիս ամեն ինչ հեշտությամբ վիզուալ հիշել։ Քարտեզին նայեք ու միանգամից կհասկանաք՝ գինին որ տարածաշրջանում է պատրաստվել, գետի որ ափին, խաղողի որ տեսակից, ինչ մեթոդով։ Քարտեզները խմբավորում են միեւնույն տարածաշրջանում պատրաստված նույն տեսակի գինիները։
DV-ն ներմուծում է եզակի գինիներ, այդ թվում՝ ավստրիական ice wine (սառցե գինի)։ Այն պատրաստվում է սառեցված խաղողից։ Այս ավանդույթը եկել է Գերմանիայից եւ Ավստրիայից, որտեղ ձմեռները խիստ են լինում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հասունացած խաղողը չեն քաղում, թողնում են, որ ձմռանը սառի վազի վրա, ապա հավաքում են, ճզմում, ջրային մասը թափում ու թողնում քաղցր հյութը, ապա սիրոպային մասից սկսում գինի պատրաստել։ Սառցե գինի հիմնականում պատրաստում են Գերմանիայում, Ավստրիայում ու Կանադայում։ Մենք դեռեւս ներկայացնում ենք սառցե գինու մեկ տեսակ՝ ավստրիական։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Ներմուծման վերջին խմբաքանակից հետո մոտ 400 տեսակի գինի ունենք։ Նոր գինու դարակաշարին հայտնվելուց առաջ թիմը նվազագույնը 2-3 անգամ համտեսում է, ուսումնասիրում պատմությունը, համն ու բույրը, եւ միայն դրանից հետո հանում ենք վաճառքի, որպեսզի ամեն աշխատակից կարողանա վստահ պատմել գինու մասին։
DV-ն՝ պաշտոնական ներկայացուցիչ
Մեր ներմուծած բոլոր գինիների բացառիկ ներկայացուցիչն ենք Հայաստանում։ B2B ալիք ունենք ռեստորաններում, հյուրանոցներում, սրճարաններում ու ակումբներում՝ ինչպես Երեւանում, այնպես էլ՝ Դիլիջանում ու Գյումրիում։ Մեր ներմուծած գինիները հեշտ է տարբերել՝ շշի դիմային հատվածին DV-ի նշանն է, հետեւի հատվածում՝ յուրաքանչյուր գինու համար մեր դիզայներների պատրաստած պիտակը (контрэтикетка)։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հայաստանում նաեւ ավստրիական Gabriel-Glas գինու սպասքի ընկերության բացառիկ ներկայացուցիչն ենք։ Առաջին հարկի սրահում մի հատվածն առանձնացված է նրանց բաժակների, դեկանտերների ու գինու մյուս աքսեսուարների վաճառքի համար։ Նրանց փիլիսոփայությամբ՝ բոլոր գինիները կարելի է խմել մեկ բաժակով։ Իհարկե, խոսքը պատահական գավաթի մասին չէ։ Ընկերության հիմնադիր, գինու փորձագետ Ռենե Գաբրիելը երկար փորձարկումներից հետո ստեղծել է մի բաժակ, որը կբացահայտի բոլոր գինիները։ Մենք այդ փիլիսոփայության հետեւորդն ենք եւ ոչ միայն վաճառում ենք նրանց սպասքը, այլ նաեւ օգտագործում մեր սրահում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մինչ Gabriel-Glas ունիվերսալ գավաթն օգտագործելը, կարծում էի, յուրաքանչյուր գինու կատարյալ համը բացահայտելու համար պետք է օգտագործել հենց այդ գինու տիպին բնորոշ գավաթ։ Զարմացել էի, երբ ասացին, որ DV-ում օգտագործելու ենք ունիվերսալ բաժակներ։ Ասացին՝ «կմարզվենք ու կհասկանանք՝ աշխատո՞ւմ է, թե՞ ոչ»։ 2 տարի է՝ այս բաժակներից եմ խմում եւ պետք է ասեմ, որ գինիների բոլոր համերն ու բույրերը ճշգրիտ զգում եմ։
Կոլեկցիոն գինիներ՝ պատմություններով
DV-ի առաջին հարկում խաղուն, փրփրուն, թնդեցված, իսկ երկրորդ հարկում՝ հանգիստ գինիներն են։ Մեզ մոտ գինիների գները սկսում են 3300 դրամից եւ հասնում մինչեւ 1 900 000 դրամի, որը 18 լիտր տարողություն ունեցող շիշ է։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վաճառքի չհանվող, պահեստում պահվող գինիներ ունենք, որոնք մեծ ներուժ ունեն եւ մենք հասկանում ենք, որ տարիների ընթացքում լավանալու են, արժեքը բարձրանալու է։ Այդ հատվածի պատասխանատուն շեֆ կավիստ Ալեքսանդրն է, միայն նա կարող է որոշել՝ գինին երբ է վաճառվում, ում եւ ինչ արժեքով։
Ներկայացնում ենք կոլեկցիոն գինիներ, որոնք ոչ միայն յուրահատուկ պատմություն ունեն, այլեւ կարեւոր իրադարձություն են եղել ու նշանակալի ազդեցություն են ունեցել գինու աշխարհի համար։ Դրանցից մեկը Hospices de Beaune-ի գինին է՝ միջնադարից եկած հայտնի բարեգործական կառույցի արտադրանքը, որի շահույթը դարերով ուղղվել է հիվանդանոցների ու բարեգործական ծրագրերի աջակցմանը։ Կոլեկցիոն գինիները ներմուծում ենք շշերով, այստեղ մեր դիզայներները յուրաքանչյուրի համար հատուկ տուփ են պատրաստում, որն արտացոլում է գինու էությունը, պատմությունն ու կարեւորությունը։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Օրինակ՝ Hospices de Beaune-ի գինու տուփի վրա պատկերել են միանձնուհի՝ ձեռքում խաղող, սա խորհրդանշում է բարեգործության դարավոր ավանդույթը, որը ձուլվել է գինու պատմությանը։ Այս գինուց ներմուծվել է 12 շիշ, մի մասն արդեն վաճառվել է։ Կոլեկցիոն շարքում մարդկային պատմություններ էլ կան։ Օրինակ՝ Գրացիանո Պրան, որ հեղափոխություն է արել Իտալիայի Վենետո շրջանի Սուավե քաղաքում Amarone-ի ոճի գինու պատրաստման մեջ։ Նա բոլորովին նոր մոտեցմամբ է սկսել արտադրել այդ գինին եւ հաջողությունը նրան բերել է «Սուավեի թագավոր» կոչումը։
DV-ի շռայլությունն ու տվյալների բազան
DV-ի երկու հարկերում էլ հարմարավետ անկյուններ կան, որտեղ այցելուները կարող են հաճելի ժամանակ անցկացնել։ Տեղում գինի համտեսելու համար «խցանի գումար» չենք վերցնում՝ այցելուները վճարում են միայն վաճառքի արժեքը։ Քանի որ մենք ենք ներմուծել գինիները՝ կարող ենք մեզ նման շռայլություն թույլ տալ։ Նույնը վերաբերում է նաեւ բաժակով մատուցվող գինիներին։ Դեմոկրատական այս մոտեցմամբ ուզում ենք նպաստել, որ այցելուները հնարավորինս շատ գինի կարողանան համտեսել մեզ մոտ։
Լիլիա Հովսեփյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
DV WINE Library-ն աշխատում է ամեն օր, առանց ընդմիջումների եւ հանգստյան օրերի՝ 12։00-ից 24։00-ը։ Կարծում եմ՝ մարդիկ մեզ մոտ գալիս են մի քանի պատճառով, նախ՝աչքին հաճելի է դիզայներական միջավայրը, սրան զուգահեռ՝ գալիս են շփման համար։ Գինու մասին խոսելիս հաճախ անցնում ենք Հայաստանի հետաքրքիր վայրերին, պատմությանը, երբեմն անգամ քաղաքականությանը, եթե այցելուները տեղացիներ չեն, օգնում ենք կողմնորոշվել տարբեր հարցերում։ Տվյալների բազա ունենք, որտեղ նշում ենք, թե հաճախորդը երբ է այցելել, ինչ գինիներ է համտեսել, ինչ է հավանել, ինչով է հետաքրքրվել։ Սա նման է արհեստական բանականության՝ փոքրիկ թիմի ներսում, մեկս մյուսին անընդհատ տեղեկություն ենք փոխանցում հաճախորդների նախասիրությունների մասին ու սա նաեւ օգնում է թեմատիկ համտեսներին պատրաստվելիս։ Պարզ է, որ աշխարհին ենք դրանց մասին հայտարարում, բայց այս բազայի շնորհիվ նաեւ կարող ենք հատուկ տեղեկացնել նրանց, ովքեր հենց այդ տեսակի գինիներով են հետաքրքրված կամ ավելի վաղ նման համտեսի մասնակցելու ցանկություն են հայտնել։ Սա վկայում է, որ մեր միջեւ հաստատվում են մարդկային, ընկերական հարաբերություններ։
Սնունդն ու DV Kitchen & Wine-ը
Սննդի առումով յուրօրինակ մոտեցում ունենք. այն ամենը, ինչ մատուցում ենք գինու հետ, պատրաստվում է մեր արտադրությունում։ Երեւանում, հավանաբար, միակ գինու բարն ենք, որտեղ պանիր չեք գտնի։ Եթե երբեւէ մեր մենյուում պանիր տեսնեք, ուրեմն շեֆ խոհարարը սովորել է պանիր պատրաստել։ Ապխտած մսերի տեսականի ունենք, ֆիրմային չիպսեր, բրիոշ, սպիտակ շոկոլադով պատված ու ձեռքով նկարազարդված պաշտետ, «ուտելի մենյու», որը յուրահատուկ մոտեցում ունի։ Այն ցորենից պատրաստված ուտելի «թուղթ» է՝ ուտեստների նկարագրությամբ, մատուցվում է կիտրոնի կրեմով։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Վերցնում են թուղթը, ընկղմում կրեմի մեջ եւ ուտում, չնայած վրան տպագրված ուտեստների պատկերներին՝ բրնձե թերթիկները նույն համն ունեն, սոուսն է յուրահատուկ համ տալիս դրանց։ Խոհարարական զվարճալի միտք է, մեր խոհարարը անսովոր մտածողություն ունի, դեռ շատ կզարմացնի հյուրերին։ Շուտով Սարյան փողոցում կբացվի երկրորդ DV-ն՝ DV Kitchen & Wine-ը, որտեղ ավելի շատ շեշտը կդրվի ուտեստների վրա։ Ռեստորանը կղեկավարի մեր շեֆ խոհարարը ու մեր ներմուծած գինիների հետ համտեսելու շատ հետաքրքիր ուտեստներ կներկայացնի այցելուների համար։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: