×

Վարդան Կարապետյանը Լուսանկարը՝ Vogis

Vogis-ի ձեռքբերումները եւ Հայաստանը ջինի քարտեզի վրա

2022 թվականին Հայաստանի անունը հայտնվեց ջին արտադրող երկրների ցանկում՝ The Gin Guide կայքում։ Հայկական Vogis ջինի շնորհիվ ուղեցույցում հատուկ բաժին է բացվեց նաեւ Հայաստանի համար։

2022 թվականի սկզբին Gastrovino-ն անդրադարձել էր շուկայում իր առաջին քայլերն սկսած Vogis հայկական ջինին, որն այօր ճանաչելի է ոչ միայն տեղական, այլեւ ամերիկյան եւ ֆրանսիական շուկաներում: Ապրանքանիշի հիմնադիր Վարդան Կարապետյանը պատմել է այս ընթացքում ունեցած ձեռքբերումների մասին:

Լուսանկարը՝ Vogis


«Վերջերս Vogis ջինը դարձավ Լոնդոնում կազմակերպվող «IWSC International Wine & Spirit (IWSC) Competition» միջազգային հեղինակավոր մրցույթի արծաթե մրցանակի դափնեկիր։ IWSC London-ը գործում է դեռ 1960-ականներից եւ բավականին հեղինակավոր է: Ժյուրիի անդամները հաշվի են առնում ամեն մանրուք՝ արտադրման տեխնոլոգիան, հումքը, համային հատկանիշները, ապրանքի արտաքին տեսքն ու գինը:

Իսկ 2023 թվականին մեզ հաջողվեց ջինի աշխարհի մրցույթում ոսկե մեդալ շահել, նաեւ ճանաչվել «country winner» եւ  հայտնվել The Gin Guide կայքում, որտեղ պատմում են ոչ միայն մեր արտադրանքի, այլեւ Հայաստանի մասին: Նույն թվականին ոսկե մեդալի արժանացանք նաեւ USA Spirits Ratings հեղինակավոր մրցույթում»,- պատմել է Վարդան Կարապետյանը:

Լուսանկարը՝ Vogis


Ներկայում Vogis ջինն արտահանվում է Միացյալ Նահանգներ եւ Ֆրանսիա, իսկ շուտով հասանելի կլինի նաեւ Կիպրոսում, Գերմանիայում եւ Անգլիայում։

Լուսանկարը՝ Vogis


Այս ընթացքում Vogis-ը տեսականու հետ կապված փոփոխություններ չի կատարել եւ շարունակում է ներկայանալ դասական, վայրի բալի եւ դեղձի համերով:

«Այս պահին պետք է կենտրոնանանք այս 3 համերի վրա ու լավ զարգացնելուց հետո միայն ունենանք այլ համային կատեգորիաներ: Բայց լաբորատոր մակարդակներում ունենք շատ հետաքրքիր պրոդուկտներ, որոնց մանրամասներն այս պահին հայտնել չեմ կարող», - որոշում է ինտրիգը պահել Վարդան Կարապետյանը:

Արփի Ջիլավյան


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին