×

Վարդան Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

VOGIS. 80-ականների մոռացված բաղադրատոմսով հայկական ջինը

1980-ականներն էին, երբ գիտնական Վարդան Յավրույանը պատրաստում էր հայկական ջինը, որը, սակայն, այդպես էլ մեծ արտադրություն չունեցավ: Ինժեներ-տեխնոլոգ պապի նոթատետրը երկար ժամանակ «քնած էր» տան հին գրապահոցում, մինչ մի օր Վարդան Յավրույանի թոռը՝ Վարդան Կարապետյանը, պատահաբար գտավ այն։ Նոթատետրը կրտսեր Վարդանին ոչ միայն ծանոթացրեց ջին ստեղծելու գիտական պրոցեսին, այլեւ միտք տվեց ավարտին հասցնել պապի կիսատ թողած գործը:

Վերջերս շուկա դուրս եկած VOGIS հայկական ջիների ստեղծման եւ արտադրության մասին ապրանքանիշի հիմնադիր Վարդան Կարապետյանը պատմել է GastroVino-ին։

Մոռացված նոթատետրը

Սննդի արտադրության ոլորտում մասնագիտական փորձ ունեցող Վարդան Կարապետյանն ասում է, որ աշխատանքային գործունեության ընթացքում մտքով անգամ չի էլ անցել, որ մի օր կսկսի ջին արտադրել՝ այն էլ հայկական բաղադրատարրերով։

Վարդան Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Տան մեծ գրապահոցի թղթերը դասավորելու ժամանակ պատահաբար գտա ինժեներ-տեխնոլոգ պապիս նոթատետրը, որտեղ գրված մի շարք ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային խմիչքների բաղադրատոմսերի թվում դասական ջինի պատրաստման մասին էր գրված: Զրուցեցի պապիս հետ, պատմեց, որ 1986 թվականին՝ Կուբա գործուղվելիս, թռիչքի ընթացքում կայանել է Լոնդոնում, որտեղ էլ առաջին անգամ փորձել է Խորհրդային Միության քաղաքացիներին անծանոթ ջինը: Խմիչքն այնքան է հետաքրքրել պապիս, որ վերադարձել է հայրենիք ու փորձել պատրաստել առաջին տեղական ջինը, բայց այն մնացել է զուտ գիտական աշխատանքների մեջ»,- պատմում է Վարդանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Պատմությունը լսելուց, շուկան ուսումնասիրելուց հետո Վարդանը որոշում է պապի կիսատ թողածը շարունակել. «2019-ի կեսից սկսեցին աշխատանքները, իսկ 2021-ի դեկտեմբերին արդեն VOGIS-ը հանվեց վաճառքի»:

Ջինի ամենակարեւոր բաղադրիչները

Ալկոհոլային խմիչքների շարքում իր թնդությամբ աչքի ընկնող ջինի պատրաստման  հիմքը ցորենի ալֆա տեսակի սպիրտն է, գիհին եւ համեմի սերմը։

Վարդանն ասում է՝ ընդհանրապես աշխարհում ջին արտադրողները հումքը հիմնականում ձեռք են բերում երեք երկրից՝ Իտալիայից, Մակեդոնիայից, Անգլիայից, իսկ իրենք որոշել են արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչները ստանալ միայն Հայաստանում աճող բույսերից, որոնց շնորհիվ խմիչքը կառանձնանար իր համահոտային հատկանիշներով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ջինի պատրաստման տեխնոլոգիան հեշտերից չէ, բայց, ինչպես Վարդանն է ասում, հաստատ ամենահետաքրքիրներից է։

«Ջինը պատրաստման մի քանի փուլ է անցնում։ Առաջին փուլի համար վերցնում ենք ցորենի ալֆա տեսակի բարձր որակի եւ թնդության սպիրտը, անալիզի ենք ենթարկում, կարգավորում ենք որակական հատկանիշներն՝ ըստ մեր պահանջների: Դրանից հետո գիհիի եւ համեմի սերմի հետ լցնում ենք պղնձե տարայում թրմելու՝ հատուկ ջերմաստիճանի, խոնավության եւ ժամանակային հարաբերակցությամբ: Կախված ջինի տեսակից՝ այս բաղադրիչներին կարելի է ավելացնել նաեւ այլ համեմունքներ՝ ռեհան, երիցուկ, անանուխ, մասուր»,- մանրամասնում է Վարդանը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Խմիչքի պատրաստման կուպաժավորման այսպիսի տեխնոլոգիան, որը ընտրել են Վարդանը եւ իր թիմը, ամենաբարդերից է, հիմքում գիտությունն է։

«Թրմումից եւ թորումից հետո գալիս է հանգստանալու պրոցեսը: Այն թույլ է տալիս որպեսզի մոլեկուլյար մակարդակով բոլոր նյութերը հավասարաչափ միախառնվեն եւ ապահովվի ընդհանուր բալանսը: Դրանից հետո գնում ենք շշալցման»,- նշում է նա։

VOGIS-ի 3 տեսակը

«Ջիներն ընդհանրապես classic dry եւ distilled տեսակի են լինում: Դասական ջինը, որի բաղադրատոմսը գտա նոթատետրի մեջ, բաղկացած է սպիրտից եւ առաջին անհարժեշտ համեմունքներից: Distilled-ը, ի տարբերություն dry-ի, իր մեջ կարող է տարբեր համեր ընդգրկել»,- ասում է Վարդանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


41.2 աստիճան թնդության VOGIS-ը բացի դասականից՝ ներկայանում է distilled տեսակի դեղձի եւ վայրի բալի բույրով ջիներով:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Վայրի բալը հավաքում ենք անտառներից, որը ոչ մի թունաքիմիկատով աճեցման չի ենթարկվում, այլեւ ունի շատ հետաքրքիր համային փունջ: Իսկ դեղձի համով ջինի պատրաստման համար օգտագործում ենք նաեւ ալպիական անանուխ, որը հետաքրքիր թարմություն է տալիս խմիչքին»,- ասում է Վարդանը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ի դեպ, ջինի համերը դարակներով դասավորված են: Ըմպելիս առաջինը պետք է գիհիի եւ համեմի սերմի համերը զգալ, հետո պետք է բացվեն մնացած խոտաբույսերի եւ մրգերի ենտահամերը: Լավ ջինի համար սա ամենակարեւոր ցուցանիշն է:

Վարդան Կարապետյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Անվան ընտրության համար Վարդանը երկու հանգամանք է հաշվի առել՝ էմոցիա արտահայտող եւ հեշտ արտաբերելի լինի արտասահմանցիների համար:

Երեւանում վաճառքից բացի՝ VOGIS ջիների նմուշներ են  ուղարկել ԱՄՆ, Դուբայ, Ռուսաստան:

«Մեր հավակնոտ նպատակներից մեկը աշխարհի բոլոր կետերում հայկական ջինի ներկայացված լինելն ու VOGIS-ի տեսականին ավելի բազմազան դարձնելն է»,- ասում է Վարդանը:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին