×

Զարուհի Մուրադյանը Լուսանկարը՝ ՀՀ խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ

Զարուհի Մուրադյանը մեկնաբանել է գինու արտադրության ծավալների նվազումը

2024 թվականը թեեւ խաղողագործների եւ գինեգործների համար վատ տարի չէր, բայց գինու արտադրությունը Հայաստանում նվազել է 29%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրից, ըստ որի՝ նախորդ տարի Հայաստանում արտադրվել է շուրջ 10 մլն լիտր գինի։

Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը GastroVino-ին ասել է, որ նվազումը կապած է ներքին շուկայում սպառման հետ։

«Վիճակագրության մեջ որպես արտադրություն ներկայացվում է շշալցված գինին։ 2024 թվականին մենք մթերման խնդիր չենք ունեցել, այնպես չէ, որ խաղողը մնացել է այգիներում։ Գինեգործները մթերումն արել են ըստ ծրագրածի, բայց, քանի որ ներքին շուկայում սպառումը ցածր է եղել, գինու որոշակի քանակ չի շշալցվել։ 2024 թվականը գինեգործության համար լավ տարի էր, շատ ծրագրեր ենք իրականացրել՝ շեշտադրումը դնելով որակյալ գինիների վրա»,- ասել է նա։

Զարուհի Մուրադյանի խոսքով՝ գինու ներքին սպառման առումով Հայաստանը մեծ կախում ունի հյուրերից եւ զբոսաշրջիկների թվի նվազումն ուղիղ ազդում է շուկայում գինու սպառման վրա։

«Մեզ թվում է, թե հայերը գինի շատ են խմում, որովհետեւ գինեխմությունը որոշ իմաստով ժամանցի ձեւ է դարձել, գինու բարեր են բացվում, բայց մեր ներքին սպառման ցուցանիշը շարունակում ցածր լինել։ Քանի դեռ մեր վարքագիծը չի փոխվել, ներքին շուկայում կայուն սպառում չի լինի։ Այն ամիսներին, երբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը մեծ է եղել, սպառումն աճել է, իսկ վերջին ամիսներին, երբ այցելությունները նվազել են, գինեգործներն էլ պահեստավորած գինին չեն շշալցրել,- նկատել է հիմնադրամի տնօրենը։

Զարուհի Մուրադյանը Լուսանկարը՝ ՀՀ խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ


Անդրադառնալով հայկական գինու արտահանմանը՝ Զարուհի Մուրադյանն ասել է, որ Ռուսաստանի շուկայում ծավալների նվազում կա, փոխարենը արտահանումն ավելացել  ԱՄՆ եւ եվրոպական երկրներ։ Այնուհանդերձ, հայկական գինու 81 %-ը արտահանվում է Ռուսաստան:

«Այս տարի առաջին անգամ հայկական գինին կներկայացնենք Ճապոնիայում, որտեղ շուկան կայուն է եւ նրանք էլ մեծ հետաքրքրություն ունեն աշխատելու նոր երկրների հետ։ Պետք է հստակ աշխատանք տանենք մեզ համար կարեւոր թիրախային շուկաներում»,- ասել է Զարուհի Մուրադյանը։

Հիմնադրամի տնօրենը կանխատեսում է, որ 2-3 տարվա ընթացքում հայկական գինիները լուրջ դիրքավորում կունենան եվրոպական եւ ասիական շուկաներում։

«Եվրոպական շուկայում փոքր քայլերով, բայց արդեն տեսնում ենք հաջողություններ։
Այս պահին ամենաշատն արտահանում ենք Մեծ Բրիտանիա ու Գերմանիա: Մրցում ենք շատ լուրջ ճանաչում ունեցող, գինի արտադրության հարուստ ավանդույթներ ունեցող երկրների հետ: Հայաստանն աշխարհին հետաքրքիր է իր տեղածին սորտերով, պատմությամբ։ ԱՄՆ արտահանման ծավալը կայուն աճում է։ Այժմ մեզ հետաքրքիր են նաեւ այն ամերիկյան այն նահանգները, որտեղ ապրող հայերի թիվը մեծ չէ»,- ասել է նա

Զարուհի Մուրադյանը նշել է, որ այս տարի պետք է շատ աշխատել, որպեսզի անցած երկու տարիներին պահեստավորված գինիները սպառվեն։

Անի Խչոյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին