Գինու համաբուրային հատկանիշներին մի կում թարմ օդ ու անտառի տեսարան խառնեք, տպավորություններն անկրկնելի կլինեն։ Երեւանի առաջին մասնագիտացված գինու խանութ-բարը՝ InVino-ն, իր նոր նախագծով այցելուներին այսպիսի փորձառություն ունենալու հնարավորություն է տալիս։
6100 գինու բարը քաղաքի աղմուկից մի փոքր հեռու է, տեղակայված է Ջրվեժի ազգային պարկի դիմաց՝ Woods կենտրոնում, գործում է նույն սկզբունքով, ինչ InVino-ն, բայց ավելի ընդարձակ է։ Քանի որ նոր վայրը շատ խնամք է պահանջում՝ այստեղ հաճախ կարող եք հանդիպել համահիմնադիր Մարիամ Սաղաթելյանին, ով ամեն ինչ գիտի դարակաշարերին դրված բազում գինիների, դրանց ստեղծողների ու խաղողի սորտերի մասին։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մարիամ Սաղաթելյանը GastroVino-ին պատմել է նոր բարի, համտեսի սպասող գինիների ու հայկական գինեգործության մասին։
Հանգիստ «շնչել»՝ գինու հետ
Երկու տարի առաջ մեր խումբը «սթեյք հաուս» էր բացել՝ «Սթեյքարարը», եւ դեռ նոր վայր հիմնելու մտադրություն չունեինք։ Առաջարկեցին եւս մեկ InVino բացել Ջրվեժում գտնվող Woods կենտրոնում ու քանի որ մեզ համար ամեն նախագիծ իր յուրահատուկ դեմքն ունի, չցանկացանք նույնությամբ կրկնել։ Սկսեցինք մտածել գինու բարի նոր գաղափարի մասին եւ հասկացանք, որ ոչ թե ամբողջությամբ նոր միտք է պետք, այլ մի բան, որ արդեն կա, պարզապես Սարյանի ակտիվությունից քիչ հեռու։ Որոշեցինք բացել 6100-ը, որը նույն InVino-ի գաղափարն ունի՝ գինու խանութ եւ բար։
Մարիամ Սաղաթելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Մեր թիմի համար 6100-ը մարտահրավեր է, կարող էինք եւս մեկ բար բացել քաղաքի կենտրոնում, բայց մեզ համար հետաքրքիր է զարգացնել այն տարածքները, որտեղ դեռ նման վայրեր չկան։ InVino-ին շարունակում ենք ուշադրություն հատկացնել, որովհետեւ առաջին երեխայի պես է, բայց այն արդեն մեծ է եւ կարող է ինքն իրեն պահել։ Հիմա 6100-ին ամեն կերպ աջակցելու ժամանակն է։
Գինեգործության մասին պատմող անվանում
Դեռ պաշտոնական բացում չի եղել, բայց արդեն երկու ամիս է՝ հյուրեր ենք ընդունում։ Պլանավորում ենք մեծ համտեսներ, միջոցառումներ անցկացնել։ Տարածքը նաեւ հարմար է «թիմբիլդինգների» համար, միաժամանակ կարող ենք 50 հյուր ունենալ։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
6100-ը եւս մեկ հարթակ է ոչ միայն գինու ոլորտի ներկայացուցիչների, այլ այն մարդկանց համար, ովքեր ուզում են գալ, շփվել, խոսել գինու մասին։ Մեր կյանքում իրական շփման պակաս կա, գինին բացում է մարդուն ու շփման համարձակություն տալիս։ Գինու մասին խոսելիս չպետք է ամաչել, վախենալ որեւէ սխալ բան ասելուց, մտածել, թե մեկը կքննադատի։ Բոլորս սովորում ենք։ Աշխարհն անծայրածիր է, գինու մասին սովորելու շատ բան կա, ես էլ անընդհատ նոր վայրեր եմ այցելում, գինիներ փորձում ու գիտելիքներ ստանում, հետո նաեւ փորձում փոխանցել մեր այցելուներին։ Գինու մշակույթը տարածելու միակ տարբերակը մարդկանց կրթելն է, սովորեցնելը, բայց ոչ թե դասախոսության, այլ՝ համտեսի միջոցով։ Հասկանալով գինի խմելն ուրիշ հաճույք է։
Մարիամ Սաղաթելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
6100-ը Գառնի-Գեղարդ տանող ճանապարհին է, այս տարածքի համար, կարելի է ասել, օազիս է, զբոսաշրջիկներն արդեն հնարավորություն կունենան քաղաք վերադառնալու ճանապարհին կանգառ անել, գինի կամ սուրճ խմել, թեթեւ խորտիկներ համտեսել, ծանոթանալ գինիներին։ Մեր վառարանում իսպանական հաց, կրուասաններ ենք թխում։ Գինու հետ խամոն, պրոշուտո ենք առաջարկում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս վայրը, նաեւ մեզ համար, մի մեծ գրավչություն ունի՝ դիմացը գտնվող անտառն է։ Մարդիկ կարող են փողոցն անցնել ու հայտնվել ծառաշատ հատվածում։ Հյուրերն ամռանը կարող են գինի խմել նաեւ տեռասայում, որտեղից հրաշալի տեսարան ու աննման մայրամուտներ են երեւում։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Woods կենտրոնը հիմնել է տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպություն, շենքում էլ հենց այդ ոլորտի մարդիկ են աշխատում ու երբ մտածում էինք՝ ինչպես անվանել նոր բարը, մտածեցինք՝ «այթիշնիկների» համար թվերն ավելի ընկալելի կլինեն (ծիծաղում է-խմբ.)։ Մյուս կողմից՝ 6100-ը հայկական գինեգործության պատմությունը խորհրդանշող սիմվոլիկ թիվ է եւ այցելուների մոտ հարցեր է առաջացնում, ուրախ եմ, որ ամեն անգամ կարողանում եմ պատմել մեր երկրի գինեգործության մասին։
Համտեսվող գինիների անկյունը
Հայաստանում, կարելի է ասել, ամեն օր նոր գինի է թողարկվում, ստեղծողները բերում են մեզ մոտ համտեսի եւ որեւէ գինի առանց մեր թիմի համտեսի չի հայտնվում դարակաշարին։ Ընտրությունը բարդ է, մեծամասամբ արդեն որակի խնդիր չի լինում, գրեթե բոլորն էլ լավն են։ Լավ է, որ Հայաստանում գինեգործության զարգացում կա եւ մեծ քանակությամբ լավ գինիներ ունենք։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Աշխարհում ավելի շատ գինի է արտադրվում, քան հասցնում է սպառվել։ Հայաստանն այս միտումից հետ չի մնում, շատ ենք արտադրում եւ դժվարությամբ ենք սպառում։ Բարդ է հատկապես ներքին շուկայում, դրսի շուկաներն էլ չափազանց մրցակցային են, քանի որ, երբ հայկական գինին որեւէ երկրում հայտնվում է դարակաշարին, չեն դնում վրացականի կողքին, այլ՝ Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, ԱՄՆ-ի գինիների կողքին։ Հարց է առաջանում՝ գինեսերն ինչո՞ւ պետք է հենց հայկականն ընտրի։ Մենք մարդկանց բացատրում ենք, որ մի փոքր Հայաստան ենք, ընդամենը 17 հազար հեկտար խաղող ունենք տնկած, դրանից էլ ընդամենը մոտ 30 տոկոսն է օգտագործվում գինեգործության համար։ Այստեղ եւս մեկ հարց է առաջանում, եթե, օրինակ, բոլոր Արենիները լավն են, ինչպե՞ս է պետք տարբերել մեկը մյուսից։ Այստեղ պետք է կարողանալ տարածաշրջանային տարբերակում դնել ու բնորոշել, թե որ տարածաշրջանի Արենին ինչ առանձնահատկություն ունի։
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Արտերկրում գինին դիտարկվում է որպես բիզնես։ Մարդը գնում է գինի, շշալցնում, փակցնում գեղեցիկ պիտակ ու հետաքրքիր պատմությամբ մատուցում։ Հայաստանում մարդն աճեցնում է խաղողը, պատրաստում գինին եւ քանի որ հնարավորություն ունենք անմիջապես շփվել հայ գինեգործների, խաղողագործների հետ՝ փորձում ենք նրանց շատ աջակցել։ Մենք մեր արտադրանքն ունենք, բայց ես ինձ համարում եմ հայկական գինիների «ամբասադոր» ու փորձում եմ հնարավորինս շատ տեղեկություն փոխանցել Հայաստանում պատրաստված գինիների մասին։
Խմիր գինի՝ առանց շիշը բացելու
Երբ խոսում ես գինու ոլորտի նորարարությունների մասին, մարդիկ լավ չեն պատկերացնում, թե ինչ կարող է լինել։ Կորավին կոչվող սարք կա, որը թույլ է տալիս առանց շիշը բացելու գինի վայելել։ Այն աշխարհում շատ է կիրառվում, Հայաստանում՝ դեռ ոչ այնքան։ Մի փոքր հետ ենք ընկել նորարարությունից, բայց արդեն ներկրում ենք և մեր այցելուներն էլ կկարողանան գավաթով վայելել իրենց ցանկացած գինին:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս սարքի ստեղծումը հետաքրքիր պատմություն ունի։ Հեղինակը բժշկական սարքերի գյուտարար, գինու էնտուզիաստ Գրեգ Լամբրեխտն է։ Երբ կինը հղի է եղել եւ գինի չի խմել, իսկ ինքը չի ցանկացել մեկ գավաթի համար ամբողջ շիշը փչացնել, որոշել է ստեղծել սարք, որը թույլ կտա առանց խցանը հանելու շշից գինի դուրս բերել։
Մարիամ Սաղաթելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Այս սարքը կիրառվում է բնական խցան ունեցող գինիների դեպքում, ասեղի միջոցով խցանը ծակվում է, ներարկվում իներտ գազ՝ արգոն, եւ դուրս բերվում ցանկացած քանակության գինի։ Դրանից հետո գինին կարելի է շարունակել պահել, բայց պառկած վիճակում, որ խցանը միշտ թաց լինի։ Սա լավ հնարավորություն է, որ մարդիկ կարողանան շատ տարբեր գինիներ համտեսել։ 6100-ում այս ուղղությունն ուզում ենք ավելի շատ զարգացնել։
Կարեւոր է թարմացնել քիմքը
Մեր առանց այդ էլ խիտ շուկայում նոր ներկրողներ են հայտնվել, որոնք փորձում են Հայաստանում խթանել դրսի գինիների սպառումը։ Որքան էլ մեծ շեշտ ենք դնում հայկական գինիների վրա, բայց ուզում ենք նաեւ արտասահմանյան գինիները ներկայացնել։
Մարիամ Սաղաթելյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Կարեւոր է մեր քիմքի համը փոխել, թարմացնել, թե չէ ամեն ինչ կսկսի նույնը թվալ։ Պետք է կարողանանք համեմատվել մրցակիցների հետ։ Օրինակ՝ հայերը շատ են սիրում նորզելանդական Սովինյոն Բլան, այն արոմատիկ, թարմ, թթվային հաճելի խմվող գինի է, բայց շատերը չգիտեն, որ նույն Սովինյոն Բլանը Լուար տարածաշրջանում ուրիշ դրսեւորում ունի, Իտալիայում՝ բոլորովին այլ։ Պետք է մեր քիմքը լավ զարգացնենք։ Տասը տարուց ավելի է անցել InVino-ի բացումից եւ մարդիկ, որ այն ժամանակ գինուց գրեթե ոչինչ չէին հասկանում, հիմա սկսել են ավելի լուրջ մոտենալ, անգամ տարանջատել խաղողի սորտերը։
Երբ հետ եմ գնում դեպի InVino-ի բացում ու հիշում եմ այն ժամանակվա Սարյանը, հասկանում եմ, որ 6100-ի այսօրվա տեղակայման վայրը նման է այն օրերի ոչ ակտիվ Սարյանին։ Ժամանակի ընթացքում այստեղ էլ շատ այցելուներ կգան։ Ջրվեժի այս հատվածը ոչ միայն ամառանոցային գոտի է, այլ մարդիկ են ապրում եւ կենտրոն հասնելու փոխարեն կնախընտրեն այցելել այս գինու բար։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: