×

Սուրեն Հարությունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Բանկային ոլորտից գինեգործություն՝ կարասներում խմորվող «Մարնուվա»-ի պատմությունը

Շուրջ մեկ տարի առաջ հայկական շուկայում նոր գինու արտադրող հայտնվեց, իսկ այսօր «Մարնուվան» գինեսերներին ներկայացնում է վեց տեսակի գինի։ Գինեգործ Սուրեն Հարությունյանը GastroVino-ին պատմել է գինի պատրաստելու առաջին փորձի, «Մարնուվայի» ստեղծման եղանակի ու տեսակների մասին։

Լավ գինի՝ առաջին փորձից
 
Գինեգործությամբ սկսել եմ զբաղվել 2018 թվականից։ Մինչ այդ ոլորտի հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել։ Խաղողի լավ ու գեղեցիկ այգի ունեմ, որտեղ Մուսկատ, Գառան դմակ եւ Արենի է աճում։ 2018 թվականին բերքն այնքան առատ էր, որ որոշեցի գինի պատրաստել։ Զարմանալիորեն հենց առաջին փորձից լավ ստացվեց, հաջորդ տարիների արդյունքն էլ ավելի լավ եղավ։ Առաջին տարիների գինիները ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերներն էին համտեսում, հենց նրանք էլ դրդեցին գինեգործությանն ավելի լուրջ մոտենալ։

Սուրեն Հարությունյանը


Քանի որ տան պայմաններում հնարավոր չէ գործարանային տիպի արտադրություն ստանալ՝ որոշեցի կարասների մեջ բնական գինի պատրաստել։ Բացի այդ, բնական գինին ավելի շատ է արտահայտում խաղողի համն ու բույրը։

Բնական գինին մյուսներից տարբերվում է խմորման եղանակով։ Կեղեւին եղած վայրի խմորիչները նպաստում են, որ խմորումը կատարվի, ոչինչ չի ավելացվում, որը կազդի համի վրա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Քանի որ գինու հետ միանգամից ասոցացվող բոլոր լավ անուններն արդեն գրանցված էին, որոշեցի գրքերում անուն փնտրել։ Գրականության մեջ մի տեղ հանդիպեցի «մարնուվա» բառին։ Այն անտիկ ժամանակաշրջանում գինու տեսակ է եղել, մոտ երեք տարի պահվել է կարասների մեջ, գետնի տակ, օգտագործվել է կայծակին, ամպրոպին նվիրված ծիսական արարողությունների ժամանակ։ Քանի որ մեր գինիների խմորումն ու հնացումը կարասների մեջ է լինում, որոշեցինք գինուն տալ «Մարնուվա» անունը։

Վեց տեսակի «Մարնուվա»

Այս պահին շուկայում կա վեց տեսակի «Մարնուվա» գինի, բոլորի խմբաքանակները դեռեւս փոքր են՝ ամեն տեսակից 1000-2000 շիշ։ Անցած տարի ընդհանուր 5 հազար շիշ էինք արտադրել, այս տարի՝ 10 հազարից ավելի։ Երկու տեսակի սպիտակ գինի ունենք՝ Ռկածթելի եւ Լալվար խաղողներից։ Առաջինը վրացական խաղողի տեսակ է, Հայաստանում դրանից քիչ գինիներ են պատրաստում։ Լալվարը էնդեմիկ հայկական սորտ է, աճում է Տավուշի մարզում, Նոյեմբերյանի տարածաշրջանից ենք գնում։ Խաղողի այս տեսակի հետ դժվար է աշխատել, քանի որ աճում է խոնավ կլիմայական պայմաններում՝ չի հասցնում բավարար չափով քաղցրանալ եւ շուտ է փչանում։ Այնուհանդերձ, Լալվարից հետաքրքիր գինի է ստացվում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Օրանժ գինի ունենք, որը եւս պատրաստում ենք Ռկածթելի տեսակի խաղողից՝ կարմիր գինու տեխնոլոգիայով։ Խաղողի կորիզն ու կեղեւը չենք առանձնացնում ընդհանուր զանգվածից, մոտ երկու ամիս խմորվում է, որից հետո գինենյութը հանում ենք։ Ի տարբերություն սպիտակ գինու՝ ավելի հարուստ համ է ունենում, ավելի մարմնեղ է։ Արենի խաղողից պատրաստում ենք մեկ վարդագույն եւ երկու տեսակի կարմիր գինի՝ դասական եւ ռեզերվ։ Այն 7 ամիս խմորվում է կարասներում, որից հետո մեկ տարի էլ պահվում է հայկական կաղնու տակառներում։

Կարասից «հոսող» գինին

«Մարնուվայի» բոլոր գինիները հնացվում են 50-100 տարեկան կարասներում, որոնք մի մասը նվիրել են, իսկ մյուս մասը ձեռք ենք բերել Հայաստանի տարբեր մարզերից։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կարասի դեպքում գինու օքսիդացումն ավելի շատ է լինում, քան մետաղական պահամաններում։ Արդեն գիտեմ, թե որ կարասից որքան գինի է օքսիդանում։ Կարասները մառանում են եւ տարածքը մշտապես գինու բույրով հագեցած է, բայց երկու տարի առաջ բույրը սովորականից ուժեղ էր, ես էլ կարծում էի՝ խաղողից է։ Ավելի ուշ կարասներից մեկը բացեցինք ու պարզվեց, որ 800 լիտր գինին փոքր, ասեղի չափ անցքով դուրս է հոսել, բայց, քանի որ պրոցեսը դանդաղ է եղել, անգամ գետնին չի հասել, ամբողջությամբ օքսիդացել է։ Որպեսզի օքսիդացիա չլինի՝ նախկինում մոմ կամ այծի յուղ են քսել պատերին, բայց ես նախընտրում եմ չանել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նախկինում կարասների բերանը մեղրամոմով են փակել, հիմա հատուկ ապակիով ենք ծածկում, որ տեսնենք՝ որքան գինի է պակասել օքսիդանալու արդյունքում եւ որքան պետք է ավելացնենք։ Որոշ կարասներում ամսական մինչեւ տասը լիտր գինի ենք ավելացնում։ Լավ պահպանված կարասներ էլ ունենք, որ ամբողջ ընթացքում նույնիսկ տասը լիտր ավելացնելու կարիք չի լինում։

«Աշխատում ենք գինու որակը բարձրացնելու ուղղությամբ»

Բանկային ոլորտի աշխատող եմ, գինեգործությամբ զբաղվում եմ աշխատանքից հետո, հանգստյան օրերին։ Քանի որ բուտիկային արտադրություն ենք՝ բոլոր գործերը կնոջս հետո միասին ենք անում։ Առօրյայում գրեթե ազատ ժամանակ չեմ ունենում, բայց հասցնում եմ գինեգործության մասին կարդալ, նոր գիտելիքներ ստանալ, այն պահերին էլ, երբ դժվարանում եմ որեւէ հարցում, գինեգործ ընկերոջս օգնությանն եմ դիմում։

Սուրեն Հարությունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այժմ աշխատում ենք գինու որակը բարձրացնելու եւ խմբաքանակները մեծացնելու ուղղությամբ։ Խաղող գնում ենք ֆերմերներից, ընթացքում այցելում ենք այգիներ, հետեւում մշակման ընթացքին։ Փորձում ենք հնարավորինս քիչ օգտագործել թունաքիմիկատներ եւ, ի վերջո, ամբողջությամբ հրաժարվենք դրանցից։

Պարարտացումը կատարվում է միայն բնական միջոցներով։ Ուզում ենք ապագայում մեր սեփական խաղողի այգիները հիմնել։ Կարճ ժամանակ անց նաեւ նոր մառան ու համտեսի սրահ կունենանք։ Առայժմ գինով լի կարասները պահվում են տան տարածքում գտնվող ոչ մեծ մառանում։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյան
    

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին