×

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»

«Արմենիա Վայն»-ի օրգանական գինին ոսկե մեդալակիր է դարձել միջազգային երկու մրցույթում

«Արմենիա Վայն» ընկերությունն օրերս Հայաստան է բերել 2 ոսկե եւ 2 արծաթե մեդալներ ՝ գերմանական «Organic Wine Awards International» եւ ֆրանսիական «Concours International des Produits Biologiques» մրցույթներից։

Գինեգործության ոլորտում տասնամյակների պատմություն եւ ճանաչում ունեցող մրցույթների շրջանակում ամեն տարի պրոֆեսիոնալ ժյուրիները փորձում են հարյուրավոր գինիներ, որպեսզի գտնեն լավագույն օրգանական գինին ՝ ամբողջ աշխարհում։

Այս հարթակներից «Արմենիա Վայն» ընկերության Բիոնէ օրգանական շարքի սպիտակ անապակ գինին առաջին անգամ Հայաստան բերեց 2 ոսկե մեդալ ՝ դասելով Հայաստանը լավագույնների շարքին նաեւ օրգանական գինեգործության ոլորտում:

Շարքի մյուս՝ կարմիր անապակ գինին, որն արդեն մի քանի տարի վայելում է թե՛ մասնագետների, թե՛ գինեսերների համակրանքը,  արժանացավ 2 արծաթե մեդալների։

Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»


««Organic Wine Awards International» եւ «Concours International des Produits Biologiques» մրցույթներում մասնակցության հենց առաջին փորձից ոսկե եւ արծաթե մեդալներ ստանալը իսկական պատիվ է ոչ միայն «Արմենիա Վայնի», այլեւ Հայաստանի համար, եւ վկայում է մեր գինիների որակի մասին»,- նշել է «Արմենիա Վայն» ընկերության գլխավոր խորհրդատու, ֆրանսիացի գինեգործ Ժան-Բատիստ Սուլան։

Այն հարցին, թե որն է ընկերության շարունակական հաջողության գաղտնիքը, Հայաստանում աշխատող ֆրանսիացի գինեգործը պատասխանում է․

«Հայաստանն օրհնված միջավայր է օրգանական գյուղատնտեսության համար. մեր նվիրված թիմին մաքուր գործելակերպի եւ Հայաստանի բերրի հողի միջեւ այս ներդաշնակ  հարաբերությունն է, որը թույլ է տալիս մեզ անվերջ զարգանալ։
Չեմ կարող չընդգծել մեր թիմի քրտնաջան աշխատանքն ու նվիրումը. նրանք հանդիսանում են «Արմենիա Վայն» ընկերության ողնաշարը. սա հենց այն է, ինչը իսկապես մղում է մեզ հաջողության։

Եվ եկեք չմոռանանք մեր բրդոտ ուղեկիցներին՝ 80 ոչխարներից բաղկացած թիմը, որոնք ամեն օր անխոնջ աշխատում են այգիներում՝ ապահովելով, որ մեր խաղողի այգիները մնան անարատ, նույնիսկ հանգստյան օրերին»:

«Արմենիա Վայն» ընկերությունը օրգանական խաղողագործության շրջափուլը մեկնարկեց 2017 թվականին՝ Արագածոտնի մարզում տնկելով առաջին օրգանական այգիները: Այսօր ընկերության օրգանական այգիների ընդհանուր մակերեսը հասնում է 80 հա-ի, որը խաղողի ամենախոշոր օրգանական այգին է Հայաստանում։

Իսկ ո՞րն էր շարժառիթն «Արմենիա Վայն» ընկերության համար՝ սկսել այս բարդ ու մարտահրավերներով լի փուլը․

«Մեր ընկերությունը միայն խոշորագույն արտադրող չէ, մենք խորը արմատավորված փիլիսոփայությամբ եւ մշակույթով շարժվող օրգանիզմ ենք եւ մեզ ավելին ենք համարում, քան պարզապես բիզնես. «Արմենիա Վայն» ընկերությունը սոցիալապես պատասխանատու կազմակերպություն է, որը գիտակցում է իր ազդեցությունը շրջակա միջավայրի, համայնքի եւ պետության վրա, ուստի մեզ համար օրգանական այգեգործության անցնելը բնական առաջընթաց էր։ Տարիներ անց, հպարտությամբ կարող եմ ասել, որ պատիվ ունենք լինել ECOCERT-ի կողմից օրգանական հավաստագիր ունեցող միակ արտադրողը Հայաստանում:

Մեր առաքելությունը դրանով չի ավարտվում. Մենք ձգտում ենք օրինակ ծառայել՝ ոգեշնչելով այլ արտադրողների սկսել օրգանական գինեգործություն: Մենք պատրաստ ենք նաեւ կիսել մեր գիտելիքներն ու փորձը՝ մեծ հույսով, որ միասին մենք կարող ենք ավելի առողջ եւ կայուն ապագա ստեղծել հայկական գինեգործության համար», - ասել է Ժան-Բատիստ Սուլան:

Կրկնակի ոսկե մեդալակիր ԲիոՆէ սպիտակ անապակ օրգանական գինին շուտով կլինի հայաստանյան լավագույն վաճառասրահներում: Ընկերության ֆրանսիացի խորհրդատուն մեծ հիացմունքով է պատմում ԲիոՆէ սպիտակ գինու մասին․

«Պետք է խոստովանեմ, որ այն բացառիկ որակը, որը մենք ստացանք Վիոնիե խաղողի ֆրանսիական սրտից,  ինձ զարմացրեց: Այս գինին պատրաստելիս՝ մենք կանխամտածված ընտրություն կատարեցինք՝ բերքը հավաքել վաղ փուլում: Այս որոշումը պայմանավորված էր ԲիոՆէ գինու թարմ դիմագիծը պահպանելու մեր ցանկությամբ՝ ծաղկային, մրգային փնջերով․ արդյունքում ստեղծեցինք գինի, որը մարմնավորում է գարնան էությունը: Մեծ հույս ունեմ, որ հայ գինեսերներին ԲիոՆէ սպիտակն այնքան դուր կգա, որքան դուր եկավ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիին»։

***

Organic Wine Awards International

Գերմանական մրցույթի տեսլականն հետեւյալն է․օրգանականն ավելին է, քան պարզապես պիտակ: Դա դիրքորոշում է եւ ապրելակերպ։

Այս մրցույթը պահանջում է մեծ պատասխանատվություն գինեգործներից, եւ դա հանգեցնում է այնպիսի արդյունքի, որը կարող է ստացվել միայն բնության հետ հարգալից եւ հմուտ շփումից:

 15 տարիների ընթացքում մրցույթը կարեւոր իրադարձություն է դարձել միջազգային խաղողագործության համար: Մրցույթի կազմակերպիչները գիտեն, թե ինչ է գինեգործությունը եւ որոնք են դրա մարտահրավերները։ Նրանք յուրաքանչյուր գինու վերաբերվում են անսահման հարգանքով եւ գնահատանքով, որին արժանի են մասնակից գինիները:

Concours International des Produits Biologiques

Օրգանական փիլիսոփայությունը գերազանցության հասցնող մրցույթ, որի մասնակիցներին գնահատում է  պրոֆեսիոնալ եւ անզիջում ժյուրին;

Ֆրանսիայում անցկացվող միջազգային մրցույթն ամբողջ աշխարհից հավաքագրում է օրգանական արտադրանքի լավագույն նմուշները, ոլորտի լավագույն փորձագետները որոշում են հաղթողներին։

Մրցույթն ունի 30 տարվա պատմություն եւ երաշխավորում է համտեսի անաչառ պայմաններ։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին