Սարյան փողոցի թաքնված հատվածում՝ շենքերի բակերի հարեւանությամբ, գաստրոնամիկ վայրերի թիվն ավելացել է եւս մեկով: Hummus-Kimchi սրճարանի անմիջապես հարեւանությամբ բացվել է Shin բարը: Մինչ բարի հիմնադրի հետ զրուցելը՝ հասցնում ենք նկատել, որ միջավայրով ու տրամադրությամբ Shin-ը տարբերվում է մյուս բարերից:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բարի հիմնադիրն Ալեքսանդրա Պառավյանն է, ով իր այցելուներին դիմավորում է հարմարավետ միջավայրում՝ թեթեւ ջազ երաժշտության ուղեկցությամբ:
«Բարն աշխատանքը սկսում է երեկոյան 18:00-ից, բայց ես ավելի շուտ եմ գալիս, որպեսզի հասցնեմ ամեն ինչ իմ ձեռքով կարգի բերել՝ մինչ այցելուների գալը»,- GastroVino-ի հետ զրույցում ասում է Ալեքսանդրան:
Հայաստանի հետ Ալեքսանդրայի կապը նոր չէ սկսվել: Հայ ամուսնու շնորհիվ հասցրել է ճանաչել, սիրել Հայաստանը.
«Արդեն հինգ տարի է ամուսնացած ենք: Ամուսնուս ընտանիքն այստեղ է ապրում, իմը՝ Մոսկվայում: Մենք էլ, կարելի է ասել, եւ այնտեղ ենք, եւ այստեղ»:
Ալեքսանդրա Պառավյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հիմնադիրն ասում է՝ Shin-ը Hummus-Kimchi-ի շարունակությունն է:
«Եղբայրս շեֆ-խոհարար է, եւ սովորաբար, երբ ընտանիքում այսպիսի մեկը լինում է, սեփական ռեստորան կամ սրճարան բացելու խոսակցություններն անխուսափելի են: Համավարակի սահմանափակումների ժամանակ որոշեցի, որ ուզում եմ փորձել: Ֆինանսներս հաշվեցի եւ հասկացա՝ այդ բյուջեով Երեւանում կարող եմ սկսել:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Եղբորս առաջարկեցի, որ միասին սրճարան բացենք, համաձայնվեց: Ծնվեց Hummus-Kimchi-ն: Դրանից մեկ տարի անց, երբ ազատվեց այս տարածքը, այն եւս վարձակալեցինք ու որոշեցինք փոքրիկ, հարմարավետ բար բացել»,- պատմում է Ալեքսանդրան:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բարի անվան հիմքում Ալեքսանդրայի պապի Շինգարյով ազգանունն է, որը կրճատվելով՝ դարձել է «Շին».
«Բարը նվիրել ենք մեր պապիկին, ով գնահատում էր լավ խմիչքը եւ սիրում էր խմել, բայց երբեք մենակ չէր խմում: Նրան միշտ ընկերների, հարազատների շրջապատ էր պետք: Բարի անունն էլ մեր պապիկի պատվին ենք դրել: Շինգարյովը բելառուսերենից թարգմանաբար նշանակում է «պանդոկի տեր», ինչն էլ մեր օրերում կարելի է նմանեցնել բարմենին»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բարում ոչ մի մանրուք հենց այնպես չի ընտրվել: Ալեքսանդրայի խոսքով՝ ամեն ինչ պետք է նպաստի, որ հաճախորդն իրեն հանգիստ, հարմար զգա.
«Ուզում էի այնպիսի վայր, որտեղ կգան ոչ միայն պարզապես ինչ-որ բան խմելու, այլեւ գավաթի շուրջ նստելու, զրուցելու, շփվելու համար: Այստեղ ամեն մանրունք պետք է նպաստի դրան՝ մոմեր, ոչ բարձր ջազ երաժշտություն եւ հատկապես գրքեր, քանի որ հնարավոր է ինչ-որ մեկը մենակ է գալիս, որոշում է վերցնել եւ կարդալ»:
Shin-ում փոքրիկ «գրադարանի» ստեղծմանը օգնել են նաեւ այցելուները՝ իրենց հետ գրքեր նվեր բերելով. «Մեր գրադարանն արդեն ապրում է իր ինքնուրույն կյանքով: Ամենատարբեր գրքերը կան՝ դասական գրականությունից մինչեւ Արցախի հուշարձանների մասին պատմող գիրք»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Shin-ում գրքերից բացի՝ այցելուների ուշադրությունը կգրավի նաեւ բարի միջավայրին ոչ այդքան բնորոշ ծաղիկների առկայությունը՝ ինչն էլ հուշում է հիմնադրի մյուս աշխատանքի մասին:
«Մասնագիտության կաշվե իրերի ինժեներ-կոնստրուկտոր եմ: Այսինքն՝ կոշիկների, պայուսակների եւ ձեռնոցների տեխնոլոգիայի ու դիզայնի մասնագետ: Այս մասնագիտությամբ ընդամենը երկու տարի եմ աշխատել, որից հետո քրոջս հետ Ռուսաստանում հիմնել ենք մեր ընկերությունը, որը զբաղվում է միջոցառումների ձեւավորմամբ եւ ֆլորիստիկայով: Բարի գործին զուգահեռ շարունակում եմ նաեւ այդ աշխատանքը»,- պատմում է նա:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Բար-մենյուին անդրադառնալիս Ալեքսանդրան խոստովանում է՝ կոկտեյլներ պատրաստել չգիտի եւ շատ քիչ է խմում:
«Երկու բարմեն եւ երկու բարմենի օգնական ունենք: Շեֆ-բարմենն Անդրեյն է, ով մշակել է մեր մենյուն, որն այս պահին ներկայանում է 8 հիմնական հեղինակային կոկտեյլով: Ունենք շամպայնի, ջինի, գինու հիմքով կոկտեյլներ, ինչպես նաեւ Ararat կոնյակի հիմքով: Մենյուի հիմնական կոկտեյլներից է Peach de Wine-ը, որի հիմքը վարդագույն գինին է, իսկ իմ ամենասիրելի կոկտեյլը՝ Negroni Style-ը՝ ջինի եւ չոր վերմուտի հիմքով»:
Լուսանկարը՝ Մեդիամաքս
Հիմնական մենյուից զատ՝ հաճախորդն այստեղ կարող է ցանկացած դասական կոկտեյլի պատվեր կատարել կամ խնդրել պատրաստել իր նախընտրած բաղադրիչներով:
«Մենք հարմարվում ենք, նոր առաջարկները միշտ սիրով ենք ընդունում»,- ասում է Ալեքսանդրան:
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: