×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Հայտնի է «Հայաստանի լավագույն սոմելիե» մրցույթի հաղթողը

Երեւանում առաջին անգամ կայացել է «Հայաստանի լավագույն սոմելիե» մրցույթը։ Այն կազմակերպել էր Հայաստանի սոմելիեների եւ փորձագետների ասոցիացիան (ASEA)՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աջակցությամբ։

Մինչ մրցույթի բուն փուլը՝ մասնակիցներն անցել են նախապատրաստական դասընթացներ։ Հունիսի 26-ին՝ մրցութային առաջին օրվա ընթացքում, մասնակիցները ներկայացրել են իրենց հմտությունները եւ պայքարել եզրափակիչ փուլ անցնելու համար: Եզրափակիչ փուլին հետեւել են ոչ միայն ժյուրիի անդամները, այլեւ գինու ոլորտով հետաքրքրվող հանդիսատեսը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մրցույթին դիմողների թիվն ավելի մեծ է եղել, սակայն տարբեր պատճառներով ընտրական փուլին մասնակցել է 8 սոմելիե։ Հայաստանի սոմելիեների եւ փորձագետների ասոցիացիայի տնօրեն Լուիզա Մաթեւոսյանը GastroVino-ի հետ զրույցում ասել է, որ մրցույթը նախատեսված է գինու ոլորտում աշխատող բոլոր մարդկանց համար․ կա երկու չափորոշիչ՝ լինել գինու ոլորտում, ապրել եւ աշխատել Հայաստանում:

Լուիզա Մաթեւոսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ընտրական փուլի ընթացքում մասնակիցներն անցել են կույր համտեսներ, թեստավորում, որը բաղկացած է եղել Հայաստանի եւ համաշխարհային գինեգործությանը վերաբերող 64 հարցից։ Մասնակիցներն ուժեղ կողմեր ունեին, մեկն ուժեղ էր կույր համտեսի փուլում, մյուսը՝ տեսական գիտելիքների ստուգման։ Հետաքրքիր էր նայել, թե ինչպես են հաղթահարում այդ փուլերը։ Մրցույթի օրերի ընթացքում ժյուրիի անդամները փոփոխվել են եւ մասնակիցների գիտելիքները, հմտությունները գնահատել բալային համակարգով։ Եզրափակիչ փուլ անցել են ամենաբարձր բալեր հավաքած երեք մասնակիցները»,- ասել է նա։

Տարոն Ջահուկյանը, Միխայիլ Յակովլեւը եւ Մարիամ Սաղաթելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Եզրափակիչ փուլում պայքարում էին Տարոն Ջահուկյանը, Միխայիլ Յակովլեւը եւ Մարիամ Սաղաթելյանը։ Այս փուլում նրանց եւս մի քանի փորձություն էր սպասվում։

Առաջին փորձության համար մասնակիցներն ունեին 12 րոպե ժամանակ՝ կարմիր գինի մատուցելու, ներկայացնելու, դեկանտացիա անելու եւ 7 րոպե՝ ալկոհոլային 8 ըմպելիք համտեսելու, բաժակում գտնվող ըմպելիքը, խաղողի տեսակը, պատրաստման տարեթիվը, տարածաշրջանը, սպիրտի քանակությունն ու մյուս մանրամասները կռահելու համար։ Այս փուլում մեկ մասնակից բեմում էր, մյուս մասնակիցները՝ այլ սենյակում։

Միխայիլ Յակովլեւը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հաջորդ փորձության ժամանակ մասնակիցները բոլորը բեմում էին, էկրանին հայտնվում էին գինու ոլորտի հետ առնչվող մարդկանց, գինիների, վայրերի լուսանկարներ եւ մասնակիցները պետք է ճիշտ գուշակեին, թե ով կամ ինչ է լուսանկարում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Վերջին փուլում մասնակիցները ստացան անակնկալ հանձնարարություն։ Եզրափակչի երեք մասնակիցներին տրվեց մեկական շիշ փրփրուն գինի՝ 1,5 լ․ տարողությամբ, հանձնարարվեց այնպես բաշխել ըմպելիքը, որ 15 բաժակում լինի հավասար քանակությամբ ըմպելիք եւ շիշը դատարկ մնա։ Բաժակը լցնելուց հետո մասնակիցը չէր կարող լրացնել կամ պակասեցնել ըմպելիքի քանակությունը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս հանձնարարությունից հետո ժյուրին գնաց խորհրդակցությունների սենյակ՝ մասնակիցների միավորները հաշվարկելու համար։ Վերադառնալուց հետո հայտարարվեցին մասնակիցների զբաղեցրած տեղերը։ Երրորդ հորիզոնականում Տարոն Ջահուկյանն էր, երկրորդում՝ Միխայիլ Յակովլեւը, իսկ 2023 թվականի «Հայաստանի լավագույն սոմելիե» կոչմանն արժանացավ Մարիամ Սաղաթելյանը։

Մարիամ Սաղաթելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Երբ մենք հիմնադրեցինք Հայաստանում մասնագիտացված առաջին գինու խանութ- բարը՝ In Vino-ն, մարդիկ ասում էին՝ «փակվելու եք, ո՞վ է գինի խմում Հայաստանում»։ Երբ կայացավ Հայաստանում սոմելիեների մրցույթը, շատերն ասում էին՝ «ո՞ւմ է պետք»։ Մեզ է պետք, որ հասկանանք՝ ովքեր են ոլորտում եւ ինչ ուժեր ունեն։ Միգուցե, տասը տարի հետո մարդիկ կհասկանան այդ ամենը, բայց պետք է լինել առաջատար եւ վստահ այն գործում, ինչ անում ես։ Այս մրցույթի ժյուրիի անդամները, մասնակիցները, բոլորս աշխատում ենք ապագան կերտել ոչ միայն խոսքով, այլ՝ գործով»,- ասել է մրցույթի հաղթող եւ In Vino-ի համասեփականատեր Մարիամ Սաղաթելյանը։

Մարիամ Սաղաթելյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հայաստանի սոմելիեների եւ փորձագետների ասոցիացիայի հիմնադիր Արթուր Սարգսյանը նշել է, որ «Հայաստանի լավագույն սոմելիեն» իր հետ միասին կշրջի Ռուսաստանի գինեգործարաններում։ Մարիամ Սաղաթելյանը նաեւ ստացել է Սոմելիեների ասոցիացիայի ոսկե կրծքանշան, մեկ փոքր, անձնական գավաթ եւ մեկ մեծ գավաթ, որը յուրաքանչյուր տարի կփոխանցվի մի հաղթողից մյուսին։

Արթուր Սարգսյանը GastroVino-ի հետ զրույցում ասել է, որ մրցույթի մասնակից 8 սոմելիեները չեն վախեցել եւ պատրաստ են եղել մրցակցության։

Արթուր Սարգսյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Այս մրցույթով սկիզբ դրվեց Սոմելիեների ասոցիացիայի աշխատանքներին։ Սոմելիեների առաջին ազգային մրցույթը կայացավ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան: Սպասում ենք Սոմելիեների միջազգային ասոցիացիային անդամակցելուն, որպեսզի մեր հաղթողները կարողանան մասնակցել Եվրոպայի եւ Աշխարհի առաջնություններին»,- ասել է նա։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հայաստանի սոմելիների եւ փորձագետների ասոցիացիայի հիմնադիրը նաեւ նշել է, որ կան բոլոր նախապայմանները՝ Հայաստանում այս մասնագիտությունը զարգացնելու համար․

«Գինեգործությունը Հայաստանում այնքան լուրջ զարգացում է ապրում, որ այն ճիշտ ներկայացնող մասնագետների թիվը չի բավարարում։ Գինու հետ աշխատող մարդկանց գրագիտությունը պետք է հասցնել առավելագույնի, որպեսզի նրանք կարողանան պատմել խաղողի սորտերի, գինու արտադրության, տարածաշրջանի մասին»։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին