Հունիսի 2-ին մեկնարկել է «Երեւանի գինու օրեր» փառատոնը, որն այս տարի ավելի ուրախ, գունեղ ու մարդաշատ է։ Սարյան, Մոսկովյան եւ Թումանյան փողոցներն այս օրերին լցված են գինեբույրով ու բարձր տրամադրությամբ։
GastroVino–ն զրուցել է «Արմենիա Վայն» ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանի հետ, ով պատմել է, թե ինչ է սպասվում փառատոնի մասնակիցներին ընկերության տաղավարում։
«Որպես հայկական գինեգործության ավանդույթների ու մշակույթի կրող ընկերություն՝ պատիվ ունենք այդ մշակույթը ներկայացնել մեր բոլոր հյուրերին եւ փառատոնի մասնակիցներին։ Այս տարի ունենք բացառիկ նորույթներ, որոնք իսկապես հայկական 6000-ամյա գինեգործության հետնորդներն են, եւ արդեն արժանացել են բարձր գնահատականի միջազգային ամենահեղինակավոր հարթակներում: Գինու օրերը կլինեն ընկերության նոր ուլտրա-պրեմիում դասի «Թարիրի Կարասում» եւ «Թարիրի Ռեզերվ» գինիների յուրօրինակ շնորհանդեսը։
Կարեւոր ու հաճելի նորություն ունենք նաեւ օրգանական գինեգործության ոլորտում. ընկերության առաջին օրգանական գինին ՝ «ԲիոՆէ»-ն ստացել է ամերիկյան սերտիֆիկատ «ԷկոՍերտ» ընկերության կողմից եւ նույնպես ներկայացված կլինի մեր տաղավարում»:
Տաղավարի ձեւաչափի մասին խոսելիս Քրիստինե Վարդանյանը նշել է.
«Այս տարի հետաքրքիր մոտեցում ենք ցուցաբերել նաեւ տաղավարի հարցում: Այն կարմիր սրբատաշ տուֆի գուներանգով է, ինչպես եւ «Արմենիա Վայն» գինեգործարանի համալիրը։ Տաղավարում առանձին ուշադրություն ենք դարձրել մեր գինիների 3 շարքերին։
Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»
«Թարիրի» շարքը ներկայացնում ենք Թեյշեբաինիի պեղումներից արխիվային կադրերով, ինչպես նաեւ ուրարտական եւ հելենիստական ժամանակաշրջանի խեցեղենով: Կարասների եւ թասերի բեկորները պատմում են կարասում գինի պահելու հայկական մշակույթի եւ կարասագործության մասին։ Բեկորները բերված են Արտաշատ մայրաքաղաքի հնավայրից։
Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»
«Տակառ» շարքի մասին պատմում ենք կաղնեփայտե տակառների պատրաստման ընթացքի կադրերով եւ ցույց ենք տալիս տակառի բացվածքը, որի մեջ հնանում են շարքի գինիները։
«Բիոնէ» գինին իր էությամբ բնության շրջապտույտի ներդաշնակությունն է եւ խորհրդանշում է օրգանական խաղողագործությունն ու դրա բնօրրանը համարվող Արենի քարայրը»։
Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»
Ի՞նչ տոն առանց երաժշտության։ «Արմենիա Վայն» ընկերությունը Երեւանին իսկական գինետոն է պարգեւելու. տաղավարի բեմում 3 օրերի ընթացքում ելույթ կունենան լավագույն արտիստները՝ Երվանդ Երզնկյանի ջազ բենդը, Ֆորշը, Նեմրան, Հայաթ Փրոջեքթը, Լավ էլի-ն, Կամի Ֆրենդզը եւ Արամ Մուլտին։
Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»
Հայտնի ու սիրված գինիներից բացի՝ տաղավարում հյուրերը կարող են վայելել նաեւ գինու հիմքով հեղինակային կոկտեյլներ, կբացահայտեն գինու տուրիզմի եւ գաստրո աշխարհը եւ հայկական գինու պատմությունն ու մշակույթը։
Հայկական խաղողագործության ու գինեգործության մասին կներկայացնի Հայաստանի գինու պատմության թանգարանն իր յուրատեսակ տաղավարով։
Թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանը պատմում է. «Թանգարանը նպատակ ունի նորարարական լուծումներով հանրահռչակել գինու պատմությունը: Այս տարի հանդես ենք գալիս պատմության պահպանման եւ վերականգնման կոչով. մեր հյուրերը տաղավարում կտեսնեն ինչպես բնօրինակ էքսպոնատներ, այնպես էլ ռեստավրացիոն գործընթաց, որը կատարվելու է հենց տեղում»։
Լուսանկարը՝ «Արմենիա Վայն»
«Արմենիա Վայն» ընկերության յուրօրինակ անակնկալներից մեկն ընկերության լաֆետն է, որը 16:00-ից 21:00-ը հյուրերին կսպասի Մարտիրոս Սարյանի այգու շրջակայքում եւ անվճար շրջայցի կտանի Երեւանի կենտրոնում:
«Մեզ համար շատ կարեւոր է նաեւ փառատոնի տեղեկատվական բնույթը, այդ պատճառով այս տարի հնարավորություն ենք ընձեռել հյուրերին ունենալ բացառիկ վարպետության դաս մեր ընկերության գլխավոր խորհրդատու, ֆրանսիացի գինեգործ Ժան-Բատիստ Սուլայի հետ»,- նշում է Քրիստինե Վարդանյանը։
«Արմենիա Վայն» ընկերության հագեցած ծրագրի ականատեսն ու մասնակիցը կարող եք դառնալ հունիսի 3-ին եւ 4-ին՝ Սարյան-Պուշկին խաչմերուկում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: