×

Լուսանկարը՝ Silk Hospitality

Tsinandali Estate. Խաղողի վազերը, գինու ծնունդն եւ դրա վայելքը՝ մեկ վայրում

Երբ հայտնվում ես Tsinandali Estate, A Radisson Collection-ի վերնահարկում, որից կարելի է անվերջ հիանալ Կովկասյան Մեծ լեռնաշղթայով, որոշ ժամանակ հետո ուշադրություն է գրավում մեկ այլ տեսարան՝ հյուրանոցից մի քանի հարյուր մետր հեռու գտնվող խաղողի հսկայական այգիները:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արեւելյան Վրաստանում ենք, Կախեթի տարածաշրջանի Ծինանդալի գյուղում, որը կրում է վրացական ամենահայտնի գինու տեսակներից մեկի անունը:

2007 թվականից ի վեր վրացական Silk Road Group հոլդինգի հիմնադիր Գեորգի Ռամիշվիլին եւ նրա գործընկերները 60 միլիոն դոլար են ներդրել Tsinandali Estate-ում,
որը ներառում է Ալեքսանդր Ճավճավաձեի տուն-թանգարանը, Tsinandali Estate, A Radisson Collection հյուրանոցը, Park Hotel հյուրանոցը, խաղողի այգիներն ու գինու գործարանը:

Լուսանկարը՝ Silk Hospitality


Իշխան Ալեքսանդր Ճավճավաձեն իր կալվածքում հիմնել էր Վրաստանի առաջին գինու գործարանը, որտեղ 1841 թվականին գինին շշալցվեց:

Կալվածքին նոր կյանք հաղորդելիս Silk Road Group-ի ղեկավարները նպատակ ունեին վերականգնել նախկին ավանդույթները եւ գինեգործությունն այդ իմաստով հիմնական բաղադրիչներից մեկն էր:

Լուսանկարը՝ Silk Hospitality


Այսօր Tsinandali Estate-ն ունի 40 հեկտարանոց խաղողի այգիներ, որտեղ աճում է 11 տեսակ ավտոխտոն խաղող. Սապերավի, Ռկածիտելի, Մցվանե, Քիսի,  Խիկվի, Ուսախելուրի, Ալեքսանդրուլի, Մուջուրետուլի, Ցոլիկուրի, Տետրա եւ Օջալեշի:

Այստեղ «հյուրընկալել» են նաեւ մեկ արտասահմանյան տեսակ՝ Պինո Նուառ:

Այգիների մի մասը բիոդինամիկ է եւ նպատակ կա դրանց քանակը տարեց տարի ավելացնել:

Լուսանկարը՝ Silk Hospitality


Այգիների անմիջական հարեւանությամբ գինեգործարանն է, որը 2022 թվականի աշնանը համալրվել է իտալական նորագույն կաթսաներով, որոնք հաշտ ու համերաշխ գոյակցում են հողի մեջ փորված քվեւրիների (կարասների հետ):

Լուսանկարը՝ Silk Hospitality


Ավանդույթների շարունակության կենդանի վկայություն է նաեւ Tsinandali Estate-ի գլխավոր գինեգործ Դավիթ Մայսուրաձեն: 1988-ից 1993 թվականները նա աշխատել է Ծինանդալիի գինու գործարանում, իսկ 2013-ին վերադարձել է Tsinandali Estate:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նա ասում է, որ հիմա ամեն ինչ այլ է. «Մենք ունենք լավագույն խաղողն ու բարձորակ տեխնոլոգիական սարքավորումները, ինչը հնարավորություն է տալիս բարձրակարգ գինի արտադրել»:

Լուսանկարը՝ Silk Hospitality


Tsinandali Estate-ի յուրահատկությունն այն է, որ Tsinandali Estate, A Radisson Collection հյուրանոցի Natella եւ Prince Alexander ռեստորաններում, գրադարան-բարում եւ Gaumarjos գինու բարում կարող եք խմել այն գինիները, որոնք ծնվել ու ստեղծվել են հենց այստեղ:

Լուսանկարը՝ Silk Hospitality


Իսկ փորձելու շատ բան կա. այսօր Tsinandali Estate-ում արտադրում են 3 տեսակ սպիտակ, 4 տեսակ կարմիր, 2 տեսակ վարդագույն, 3 տեսակ դեսերտային, 5 տեսակ քվեւրիներում հնեցված գինի, ինչպես նաեւ փրփրուն Extra Brut:

Tsinandali Estate-ի բոլոր գինիների մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ. https://tsinandaliestate.ge/wine

Tsinandali Estate-ում կան նաեւ գինիներ, որոնք փորձել, ցավոք, չեք կարող, բայց փոխարենը ձեզ կներկայացնեն դրանց պատմությունը:

Լուսանկարը՝ Silk Hospitality


Գինու մառանում պահպանվում է Ալեքսանդր Ճավճավաձեի հավաքածուն՝ 70 տեսակի 16 500 շիշ գինի: Այստեղ, մասնավորապես, կտեսնեք 19-րդ դարի ֆրանսիական Chateau Lafite, Chateau Margaux եւ Chateau d'Yquem գինիներ: Tsinandali Estate-ում արտադրվող յուրաքանչյուր գինու 100 շիշ ի պահ դրված մառանում՝ այս ավանդույթի հեղինակը եւս Ալեքսանդր Ճավճավաձեն է:

Արա Թադեւոսյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին