×

Լուսինե Հայեսը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ubuntu սպիտակ. Հալիվորուկից ստացված «փափուկ» գինին

Միասնականության փիլիսոփայությունը խորհրդանշող Ubuntu անունով գինիները գինեսերներին ներկայանում են նոր սպիտակ գինիով: Գինեգործ Լուսինե Հայեսի Ubuntu կարմիր գինիներին GastroVino-ի ընթեցողներն արդեն ծանոթ են մեր նախկին հրապարակումներից: Նոր գինու շնորհանդեսից առաջ գինեգործը մեզ պատմել է սպիտակ Ubuntu-ի մասին:

Լուսինե Հայեսը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«2022 թվականին Էրազմուսի երիտասարդ ձեռներեցների փոխանակման ծրագրով գնացել էի Ֆրանսիա՝ ծանոթանալու այնտեղի գինեգործական մշակույթին: Չորս ամիս անցկացրեցի Ֆրանսիայի Լուար հարթավայրում: Շատ բախտավոր էի, որ այնպիսի գինեգործարանում եղա, որը բիո եւ օրգանիկ գինիներ էր պատրաստում, քանի որ շատ էի ուզում հասկանալ, թե ֆրանսիացիները ինչպես են պատրաստում սպիտակ գինին: Այնտեղ նաեւ այգեգործության հմտություններին ծանոթացա: Երբ հետ եկա, արդեն վստահ էի, որ պատրաստ եմ Ubuntu-ի սպիտակը սարքել»,- ասում է Լուսինե Հայերսը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինեգործը, հավատարիմ մնալով իր բնավորությանը եւ սկզբունքներին, ինչպես կարմիր գինու դեպքում, այս անգամ էլ ընտրել է խաղողի այնպիսի տեսակ, որը շատ տարածված չէ եւ որից շատ գինի դեռ չի պատրաստվել:

«Այն էնդեմիկ, vitis vinifera ընտանիքի խաղող է, գինեգործության մեջ ավելի շատ հայտնի է իր առաջին անունով՝ գառան դմակ, բայց ես ընտրեցի նրա երկրորդ, ոչ այդքան հայտնի՝ հալիվորուկ անունը: Խաղողն իր առաջին անունը ստացել է խաղողի ողկույզի տեսքի համար՝ արտաքինից այն կլորիկ եւ փամփլիկ է, իսկ խաղողի հատիկները շատ «լուսավոր» եւ ոսկեգույն են»,- ասում է Հայեսը:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինին պատրաստվել է Արմավիրում աճեցված հալիվորուկի 2022 թվականի բերքից:

«Ubuntu սպիտակը դասական գինի է, դասական խմորումներով անցած, սակայն ես այն չեմ հնեցրել, մինչեւ հասունանալը պահել եմ պահամաններում: Այնուհետեւ անցել է ֆիլտրացման գործընթացը, հետո մի որոշ ժամանակ հանգստացել շշի մեջ եւ արդեն պատրաստ է գինեսերներին դատին հանձնելուն»,- նշում է նա:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինու սպիրտայնությունը 14% է, բայց գինեգործի խոսքով, այն շատ թեթեւ է՝  շնորհիվ այս խաղողի տեսակի բույրերի. «Հալիվորուկը շատ փափուկ տեսակ է գինու համար, բայց միեւնույն ժամանակ նրան շատ հարուստ բույրեր է տալիս: Հալիվորուկից բավականին կոմպլեքս գինի է ստացվում, որը երկարատեւ հետհամ է ունենում»:

Ինչպես կարմիր Ubuntu-ից, սպիտակից եւս ընդամենը հազար շիշ գինի է թողարկվել: «Չնայած քիչ խմբաքանակին՝ կարմիրից նաեւ Ֆրանսիա եմ ուղարկել, հուսով եմ, որ սրանից էլ կկարողանամ ուղարկել»,- ասում է գինեգործը:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին