×

Լուսինե Հայեսը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ubuntu. Ուգանդայի Բանտու լեզվի եւ Աղավնաձորի Թոզոտ խաղողի «դաշինքը»

Որոշ ժամանակ առաջ Լուսինե Հայեսի մասին պատնել էինք Մեդիամաքսի «մայր կայքում» հրապարակված Լուսինե Հայեսի տարբեր կյանքերը. Ուգանդան եւ Հայիթին, Տողն ու Թոզոտը հոդվածում եւ խոստացել էինք պատմել նրա Ubuntu գինու մասին:

Կիսամոռացված Թոզոտը

Իմ առաջին գինու համար ընտրեցի հայկական էնդեմիկ, բայց ներկայում այդքան էլ չտարածված Թոզոտ խաղողի տեսակը։ Այն ոչ միայն հետաքրքիր բնավորություն, այլ հինգերորդ համ ունի՝ ումամի, որն անվանում են նաեւ բարձրասպիտակուցային միացությունների համ: Թոզոտին գինեսերներն արդեն ծանոթ են Zulal-ից, որն այս խաղողից հնեցված գինի է պատրաստել։ Մեր տարբերակը Թոզոտից չհնեցված գինին է։ Գինին ծնվելու եւ մահանալու պահ ունի, ինձ շատ հետաքրքիր է, թե չհնեցված Թոզոտը քանի տարի կարող է ապրել շշում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Թոզոտը հիմնականում աճում է Վայոց ձորի Խաչիկ եւ Աղավնաձոր գյուղերում։  Խաչիկը դիրքով բարձր է, այնտեղ ուշ է հասնում խաղողը եւ շաքարը չի հասնում այն աստիճանի, որն ինձ պետք էր գինի արտադրելու համար: Դրա համար ընտրեցի Աղավնաձորի Թոզոտը: Գյուղացիների հետ միասին հատ-հատ ընտրել ենք խաղողը։ Կարծում եմ, որ լավ գինին ծնվում է հենց այգում, եթե խաղողը ճիշտ է աճեցվել, ջրվել, ճիշտ խնամք է ստացել, կարելի է համարել, որ գինին 90 տոկոսով պատրաստ է, մնացած 10 տոկոսը կախված է տեխնիկայից, մաքրությունից:

Լուսինե Հայեսը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինին պատրաստել ենք 2021 թվականի բերքահավաքից, շատ սահմանափակ քանակությամբ, կարմիր գինի պատրաստելու դասական տեխնոլոգիայով: Այն անցել է մասերացիայի իր ճանապարհը, լցրել ենք պահամանները՝ հասունանալու: Ընթացքում կուպաժ ենք արել, որ տեսնեք Մալբեկի կամ Արենիի հետ Թոզոտն իրեն ինչպես է պահում, բայց արդյունքում որոշեցի, որ այն պետք է լինի անարատ Թոզոտից: Խաղողի տեսակները մարդկանց նման են, բնավորություն ունեն եւ ամեն համաձուլում չէ, որ կարող է լավ արդյունքի հանգեցնել: Օրինակ՝ Արենին դոմինանտ է միշտ լինում, գերիշխող դիրք վերցնող է:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինու անուն եմ ընտրել Ուգանդայում տարածված Բանտու լեզվին պատկանող Ubuntu արտահայտությունը, որը նշանակում է I am because we are (Ես կամ, որովհետեւ մենք կանք) եւ իր մեջ միասնականության փիլիսոփայություն ունի: Այն այնքան էլ հեռու չէ իրականությունից, ինչին ես հավատում եմ: Գինու պիտակն էլ տղայիս ձեռքի աշխատանքն է, որը նկարել է փոքր տարիքում, երբ Ուգանդայում էինք։ Նկարը գրաֆիկ դիզայների օգնությամբ դարձել է պիտակ:

Աշխարհին պետք է բացահայտենք մեր գինեգործությունը

Գինու արտադրության ընթացքում սոցհարթակներում ակտիվ էի, գրում էի, թե ինչով եմ հետաքրքրված, ինչ եմ անում եւ Ֆրանսիայի գինեգործական ամենահայտի շրջաններից մեկում՝ Լուարում գործող գինեգործական ձեռնարկատիրություններից մեկից հրավեր ստացա ծանոթանալու իրենց աշխատանքին։ Երբ հայտնվեցի այնտեղ, հասկացա, որ Հայաստանը գրեթե չեն ճանաչում, չեն լսել մեր գինեգործության մասին, հասկացա, որ շատ գործ ունենք անելու մեր գինեգործությունն առաջ տանելու, գինեգործության պատմությունն աշխարհին բացահայտելու ուղղությամբ։

Լուսինե Հայեսը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ես այն գինեգործներից եմ, որոնք ուզում են ստեղծել իրենց գինին, բայց ո՛չ խաղողի այգի, ո՛չ գործարան ունեն եւ պետք է օգտվեն գինեգործության մեջ շատ տարածված մոդելից. ընտրում ես համագործակից, որն արդեն գինեգործության մեջ կայացած է եւ իրենց հետ համատեղ ստեղծում ես քո արտադրանքը: Այդպես աշխատեցի «Մառանի» թիմի հետ:

Ֆրանսիայում գտնվելու ընթացքում հասկացա՝ գինեգործության մեջ պիտի ընտանիքով լինես, մենակ չի ստացվում:

Լուսինե Հայեսը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հոկտեմբերին նախատեսում եմ շուկայում ներկայացնել արդեն Արենիից պատրաստված գինին՝ իմ տեխնոլոգիայով: Հետագայում ուզում եմ նաեւ փոքրիկ ռեստորան ունենալ, որտեղ գինու շուրջ կհավաքեմ մարդկանց այն բաղադրատոմսերով, որոնք ինձ փոխանցել են բոլոր այն երկրներից, որտեղ ապրել եւ աշխատել եմ։

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին