×

Վարուժան Մուրադյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ինչ է փոխվել Վան Արդիում եւ ինչն է մնացել նույնը. պատմել է Վարուժան Մուրադյանը

«Գինին խմելիս պետք է հասկանաս՝ ինչ ուղերձ է տալիս, ինչ պրոցեսներով է անցել, ում ձեռքեր են կպել, ինչ երաժշտություն է լսել, ինչ քամիներ է տեսել, ինչ անձրեւների, կարկուտների տակ է մնացել»,- In Vino-ում գինեսերների հետ հանդիպմանն ասել է «Վան Արդի» ընկերության հիմնադիր եւ գինեգործ Վարուժան Մուրադյանը։

Գինեգործը նշել է, որ 3-4 տարի է, ինչ համտես-քննարկում ձեւաչափով հանդիպում չի ունեցել Վան Արդի գինեգործարանից դուրս։ Պատմել է, թե այս ընթացքում ինչ է կատարվել գինեգործարանում, ինչ է փոխվել եւ ինչն է մնացել նույնը։ Հանդիպման ընթացքում մասնակիցները համտեսել են «Վան Արդի» հնացված եւ համեմատաբար նոր «Թոր Թորի» շարքի գինիները:

«Վան Արդին մնացել է իր ուղու վրա»

Վան Արդիում ամենակարեւորը չի փոխվել՝ մնացել ենք մեր ուղու վրա։ Մեր կենտրոնացումը գինին է՝ որպես ապրելակերպ, եւ սա ամենակարեւորն է մեզ համար։ Այս ընթացքում Վան Արդի ընտանիքում ծնվել են «Թոր Թորի» գինիները՝ որպես փոքրիկ բրենդ։ Մեր խաղողի այգիներն ավելացել են 9 հեկտարով եւ Վան Արդին դառել է զբոսաշրջային ցանկալի կենտրոն Հայաստանում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Շարունակում ենք գինին որպես ապրելակերպ ներկայացնելու սոցիալական բազմաթիվ միջոցառումներ կազմակերպել։ «Վան Արդին» ունի օրգանական սերտիֆիկացված այգիներ, նաեւ օգտագործում ենք բիոնատուրալ մոտեցումներ, որից ամենակարեւորը երաժշտության եւ զանգի վիբրացիաների միջոցով խաղողի եւ գինու մոլեկուլյար համակարգի վրա ազդելն է։

Սպիտակ «Թոր Թորի»

«Թոր Թորին» հին կարմիր հայկական էնդեմիկ խաղողի տեսակ է, որը կորել է Վանի շրջանում։ Հույս ունենք, որ մի օր կհայտնաբերվի, բայց մինչ այդ կփորձենք պահպանել այսպես։ «Թոր Թորին»՝ որպես արտադրության գիծ, ավելի քիչ ներգործական է, փորձում ենք այնպես անել, որ խաղողն ինքն իրեն փորձի ներկայացնել գինեգործի ավելի քիչ միջամտություններով։ Բայց կարեւոր է այնպիսի միջավայր ստեղծել այդ խաղողի համար, որ կարողանա ճիշտ դրսեւորվել։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Սպիտակ գինին պատրաստվել է Ոսկեհատ խաղողից։ Մեր այգում այդ տեսակի խաղող նոր եմ տնկել։ Այս խաղողի հայրենիքը համարվում է Աշտարակի շրջակայքը, բայց չկա այնպիսի այգի, որ ամբողջությամբ Ոսկեհատ լինի, դրա համար այցելում ենք գյուղացիների այգիներ, ընտրում վազերը, հավաքում խաղողները, որ վստահ լինենք՝ մեր ուզածն է։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս գինի 25-30 օր մնացել է ֆրանսիական տակառի մեջ, այն երկրորդ շիշն ուզելու գինի է, առաջին շիշը շատ հանգիստ «գնում» է եւ միանգամից պատվիրում ես երկրորդը։

Կարմիր «Թոր Թորի»

Այս գինին 90% Արենի է, 10%՝ Սիրա։ Աշտարակի իմ այգիներում ունեմ Արենի տեսակի խաղող, բայց գինին պատրաստվել է Վայոց ձորից բերված Արենիով։ Սիրան իմ այգիներից է։ Շատ եմ սիրում այս խաղողը, դրա համար փորձեցի տնկել մեզ մոտ։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Հասկանում էի, որ իրեն լավ կզգա եւ երրորդ ծնունդ կունենա Հայաստանում։ Սիրայի առաջին ծնունդը Ֆրանսիայում էր, երկրորդը՝ Ավստրալիայում, երրորդը, կարծում եմ, պիտի լինի Հայաստանում։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Թոր Թորի» կարմիրն ամենօրյա խմելու գինի է, բայց նաեւ ունի բավարար բնավորություններ, որ թույլ են տալիս շատ հանգիստ համադրել տարբեր ուտելիքների հետ։ Արենին ընդհանրապես տակառի մեջ չի մնացել, իսկ Սիրան՝ 12 ամիս։

Ռեզերվներ

Նախկինում մեր ռեզերվ գինիները տարբեր էին, տարբեր խաղողների բլենդ էի անում, բայց այժմ ունենք չորս ռեզերվ եւ բոլորն էլ մոնոսեպաժ են՝ 100%-ով պատրաստված մեկ խաղողից՝ Սիրա, Միլաղ, Հաղթանակ, Արենի։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կարծում եմ՝ սա ավելի լավ է ներկայացնում այդ խաղողների բոլոր հնարավորությունները։ Մեր բոլոր կարմիր գինիներն ունեն մեծ ներուժ, շշի մեջ կարող են մնալ շատ երկար։

Վարուժան Մուրադյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Վան Արդին ունի մոտ 14 տարվա պատմություն, ամեն տարի հետեւում ենք, թե ինչպես են զարգանում մեր կարմիր գինիները եւ դեռ չեն հասել իրենց գագաթնակետին։ Շատ լավ մասնագետներ իմ գինիները խմելուց հետո ասել են, որ «կարմիր ռեզերվները առնվազն 20 տարի կարող են շշի մեջ լավացնել իրենց որակը»։ Սա ոչ թե գինեգործի կատարած կախարդանքն է, այլ՝ տերուարի։

Անի Խչոյան

Լուսակարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին