×

Վարուժան Մուրադյանը Լուսանկարը՝ Վան Արդի

Վան Արդին «արտակարգ պայմաններում» կներկայացնի Թոր Թորի գինիները

Արտակարգ իրավիճակից ցրվելու համար ապրիլի 1-ին Վան Արդի գինեգործարանն առաջարկում է միանալ իրենց ուղիղ հեռարձակմանը եւ հետեւել նոր Թոր Թորի գինիների ներկայացմանը։ Չնայած կարանտինին, Վան Արդին չի ցանկացել հետաձգել վաղուց պլանավորած միջոցառումը եւ այն տեղափոխել է օնլայն հարթակ. գինու սիրահարների հետ հանդիպումը կկայանա Վան Արդիի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ։ 


Վան Արդի գինեգործարանի գինեգործ եւ տնօրեն Վարուժան Մուրադյանն ասում է, որ գինու ծնունդը չես կարող հետաձգել. չէ՞ որ մի շարք գինու սիրահարներ սպասում են այդ օրվան։ «Մենք ավելի մարդաշատ ծնունդ էինք պատկերացնում, որոշել էինք երեւանյան գինու բարերից մեկում միջոցառում կազմակերպել, բայց իրավիճակից ելնելով, անցնում ենք «օնլայն ծնունդի»։ Դեռ անցած տարվա աշնանն էինք որոշել, որ 2020-ի գարնանն ենք ներկայացնելու մեր նոր Թոր Թորի ծրագիրը։

Լուսանկարը՝ Վան Արդի


Իհարկե, այժմ ռեստորանների եւ գինետների փակ լինելու պատճառով ընդհանուր վաճառքների նվազում ակնկալում ենք, բայց գինի սիրողը պետք է շարունակի գինի խմելու մշակույթը: Կյանքը շարունակվում է, խանութներում գինիներ պետք է լինեն, կարելի է նաեւ առցանց խանութներից պատվիրել։ Ինչպես մարդիկ սնունդ են պատվիրում, այդպես էլ հուսով եմ՝ գինի կպատվիրեն»,- GastroVino-ի հետ զրույցում ասում է Վան Արդի գինեգործարանի տնօրենը։

Վան Արդիի որոշ ընկերներ արդեն պատվիրել ու ձեռք են բերել Թոր Թորի գինիները, որպեսզի ուղիղ հեռարձակման ժամանակ Վան Արդիի ընտանիքի հետ միասին համտեսեն դրանք ու կարծիքներն անմիջապես փոխանակեն։

Վարուժան Մուրադյանը Լուսանկարը՝ Վան Արդի


Վարուժան Մուրադյանը պատմում է, որ ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումը կազմակերպելու են իրենց գինու մառանից, ներկա են լինելու մի քանի աշխատակից եւ ընտանիքի անդամներ, քանի որ Վան Արդին ընտանեկան ծրագիր է։ Գինի սիրողներին փորձելու են մանրամասն պատմել Թոր Թորի ծրագրի մասին ու պատասխանել դիտողների հարցերին։

«Թոր Թորին Վանի շրջանում հին էնդեմիկ կարմիր խաղողի տեսակ է, որը թեեւ հիշատակվում է գրականության մեջ, բայց ֆիզիկապես կորել է։ Ես շատ եմ կարդացել Թոր Թորի սորտի մասին։ Հույս ունեմ, որ մի օր այդ տեսակը կվերականգնենք, Արեւմտյան Հայաստանի խաղողներն ուսումնասիրելու եւ գենետիկորեն հետ բերելու համար մասնագիտական շատ աշխատանքներ են պետք։ Քանի դեռ չունենք այդ արդյունքը, որոշել ենք այս ձեւով հետ բերել Թոր Թորի տեսակը, որպեսզի պահպանենք դրա հիշողությունը»,- պատմում է Վարուժան Մուրադյանը։

Լուսանկարը՝ Sofia Bergmann


Թոր Թորին Վան Արդի գինեգործարանի երկրորդ «զավակն» է. նոր գինիները շատ չեն տարբերվում Վան Արդի գինիներից։ Թոր Թորիի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այս դեպքում փորձել են պահպանել մրգային բոլոր հատկանիշներն ու մինիմալ քիչ ներգործություն ունենալ խաղողն այգուց դեպի բաժակը հասցնելու գործընթացում։ Վարուժանը վստահեցնում է, որ այս գինին ըմպողները պետք է ավելի շատ համեր եւ բույրեր զգան, որովհետեւ սրանք ավելի քիչ են մնում տակառների մեջ։ Ըստ Վարուժանի՝ այսօր եվրոպական շուկան ավելի շատ նմանատիպ գինիներ է ակնկալում, Թոր Թորին էլ նախատեսված է հենց արտաքին շուկաների համար։

«Առայժմ ունենք մեկ սպիտակ եւ մեկ կարմիր գինի։ Սպիտակը Ոսկեհատ խաղողի սորտից է, որի հայրենիքը համարվում է մեր Արագածոտնի տարածաշրջանը։ Մենք օգտագործում ենք 70-80 տարեկան վազերի խաղող։ Գինին ֆրանսիական կաղնու տակառների մեջ ընդամենը 20 օր է մնացել. այն կաղնու որոշ թեթեւ նշույլներ ունի, բայց դա բացարձակ չի խանգարում, որ Ոսկեհատն իր բոլոր համերով արտահայտիչ լինի։ 

Թոր Թորի կարմիր գինին հիմնականում Արենի սորտից է, ունի նաեւ 10 % Սիրահ տեսակ։ Այս գինին կրկին տակառներում քիչ է պահվել, փորձել ենք Արենիի ողջ մրգային հատկանիշները պահպանել շշի մեջ։ Բավականին թեթեւ խմվող, ամենօրյա գինի է, բայց նաեւ մարմնեղություն ունի»,- ասում է Վարուժանը։

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին