Յուրահատուկ վարդագույն երանգ, վառ արտահայտված ազնվամորու, ելակի, դաշտային ծաղիկների թարմ բույր, հատապտուղների հաճելի համ, թեթև թթվություն եւ մորու երկարատև հետհամ ունի հայկական առաջին Պետ Նատ գինին։ Gevorkian Winery-ն առաջին անգամ այն արտադրել է 2020 թվականին: Գինեգործարանն այժմ պատրաստում է վարդագույն, սպիտակ եւ կարմիր Պետ Նատներ։
Լուսանկարը՝ Gevorkian Winery
Պետ Նատ գինիները տարբերվում են ինչպես իրենց պղտոր գույնով, այնպես էլ՝ պատրաստման եղանակով։
Gevorkian Winery-ի հիմնադիր տնօրեն Վահագն Գեւորգյանը նշել է, որ Պետ Նատը փրփրուն գինու պատրաստման առաջին մեթոդն է։ Pét Nat նշանակում է Pétillant Naturel (փրփրուն բնական)։ Հին ժամանակներում փրփրուն գինին պատրաստել են հենց այս եղանակով։ Իտալացիներն այն անվանում են «պապական մեթոդ»։
Նա նաեւ ասել է, որ Պետ Նատի արտադրությունն աշխարհում «վերածնվել» եւ նորից թրենդի մեջ է։
«Սիրում եմ հետեւել գինու միջազգային շուկային, հետաքրքրվում պատրաստման տարբերվող տեխնոլոգիաներով եւ փորձում հասկանալ, թե մեր խաղողներով ինչպիսի գինիներ կստացվեն։
Լուսանկարը՝ Gevorkian Winery
Պետ Նատի տեխնոլոգիան հետեւյալն է՝ երբ խաղողի քաղցուն (հյութը) տակառներում կամ չաներում խմորվում է եւ վերջում դեռ շաքար կա, գինին շշալցվում ու լիախմորումն անցնում է շշի մեջ։ Պատրաստման ընթացքում չի օգտագործվում ծծումբ, խմորասունկ, այլ խմորվում է աբորիգեն խմորասնկերով ու երբ շշի մեջ շաքարը վերածվում է ալկոհոլի՝ առաջանում է բնական CO2 գազ։ Շշի մեջ մնացած խմորասնկերն էլ բերում են նրան, որ Պետ Նատի կյանքը շատ կարճ է լինում։ Առհասարակ, խորհուրդ է տրվում այն թարմ խմել՝ մինչեւ 1-2 տարվա ընթացքում»,- պատմել է նա։
Լուսանկարը՝ Gevorkian Winery
Վահագն Գեւորգյանը նշել է՝ կա նաեւ Պետ Նատից խմորասունկը հանելու մոտեցում, բայց մասնագետները դասական են համարում այն Պետ Նատը, որի դեպքում խմորասունկը շշի մեջ է։
«Երբ Պետ Նատը դեգորժ ես անում, կյանքը բավական երկարացնում ես, որովհետեւ խմորասնկերը կորցնում են գինու թարմությունը եւ սկսում է դառնություն առաջանալ։ Մենք առաջնորդվում ենք դասական եղանակով եւ արտադրում այնքան, որ 1-2 տարվա ընթացքում սպառենք, երկար չմնա գինին»,- ասել է նա։
Լուսանկարը՝ Gevorkian Winery
Gevorkian Winery-ն այժմ արտադրում է նաեւ սպիտակ եւ կարմիր Պետ Նատ գինիներ։
«Սպիտակը պատրաստել ենք Մուսկատենի խաղողից, իսկ վարդագույնն ու կարմիրը՝ Արենիից։ Պետ Նատի համար Արենին շատ համապատասխան խաղող է»,- ասել է նա։
Վահագն Գեւորգյանը նաեւ պատմել է, որ նախկինում Հայաստանում պատրաստել են Պետ Նատի տիպի գինիներ, բայց անվանել այլ կերպ։
«Այս տեխնոլոգիայով պատրաստված գինիները Հայաստանում անվանել են «չոր մաճառ»։ Շշալցրել են նույն եղանակով, ինչ Պետ Նատը եւ օգտագործել որպես գազավորված գինի։ Կարեւոր է եղել, թե ինչ շաքարայնությամբ են շշալցրել, քանի որ երբ շաքարը շատ է եղել, ճնշումն էլ՝ բարձր, շշերը պայթել են։ Արդյունքում, մեկի մոտ ստացվել է պատրաստել այսպիսի գինի, մյուսի մոտ՝ ոչ»,- ասել է Gevorkian Winery-ի հիմնադիրը։
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: