×

Հայկականի եւ եվրոպականի միահյուսումը՝ Alexandrea-ի գինիներում

«Խաղալ» խաղողի սորտերի հետ, բացահայտել նոր համեր եւ ներկայացնել գինեսերներին՝ Alexandrea Winery-ում գինեգործությունն այսպես են պատկերացնում։ Ընկերությունը շուկայում ներկայացված է սպիտակ եւ կարմիր գինիներով։

«Ալեքսանդրեան» Հայաստանի տարբեր մարզերում ունի խաղողի երիտասարդ այգիներ, որտեղ աճում են ֆրանսիական, գերմանական սորտերի խաղողներ, բայց ապագայում պլանավորում են նաեւ հայկական սորտեր ունենալ:

GastroVino-ի հետ զրույցում գինիների ստեղծման մասին պատմել է Alexandrea Winery-ի մարքեթինգի եւ վաճառքների պատասխանատու Սիլվա Աթոյանը, ով գինու ոլորտում է 2015 թվականից, իսկ «Ալեքսանդրեայի» հետ աշխատանքը սկսել է 2022թ. տարվա հուլիսից։

Գինի պատրաստելու երազանքը

Alexandrea Winery-ի հիմնադիրը սփյուռքահայ գործարար Ադամ Կաբլանյանն է, նա ավելի հայտնի է տեխնոլոգիական ոլորտում։ Ադամը բնակվում է ԱՄՆ-ում եւ իր տան բակում ունեցել է խաղողի մի քանի վազ ու փորձել դրանից գինի ստանալ։ 2017-ին նա, վերջապես, որոշել է իրականացնել երազանքն ու, ընդհանուր առմամբ շուրջ 70 հեկտար հողատարածք է գնել Հայաստանում։

Ադամ Կաբլանյանը Լուսանկարը՝ «ԱլեքսԱնդրեա»


Այդ տարածքները բաշխված են երեք մարզում՝ 12 հեկտար հիմնված այգի ունենք Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, Արագածոտնի Նոր Եդեսիա գյուղում՝ 37 հեկտար եւ 20 հեկտարից մի փոքր ավելի էլ՝ Վայոց ձորի Ռինդ գյուղում։

Մեր այգիներում աճում են ֆրանսիական Շարդոնե, Պինո Նուար, գերմանական Ռիսլինգ սորտի խաղողներ։ Հայաստանում առաջին գործարանն ենք, որ այգիներում այս խաղողն ունի եւ պլանավորում ենք դրանից հետաքրքիր գինիներ ստանալ։

Սիլվա Աթոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Նոր Եդեսիայում ծրագրում ենք ունենալ Բորդո շրջանին բնորոշ սորտեր՝ Կաբերնե Սովինյոն, Կաբերնե Ֆրան, Մերլոն, Պետի Վերդո, քիչ քանակությամբ Սիրա ենք ուզում աճեցնել։ Աշխատելու ենք նաեւ տեղական սորտերի հետ։ Ռինդի հողատարածում ունենալու ենք հայկական ավտոխտոն սորտեր՝ Արենի, Ոսկեհատ, Խաթուն խարջի։

«Սպիտակ կուպաժ»

Երեք տարբեր տարածաշրջանում այգիներ ունենալով՝ «խաղում» ենք տարբեր բնակլիմայական պայմանների եւ խաղողի սորտերի հետ, հետաքրքիր է ստացվում, երբ հայկականն ու եվրոպականը միահյուսվում են։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեր առաջին գինին՝ սպիտակը, հենց այդպիսի միաձուլում է։ Այն անվանել ենք White Cuvée (սպիտակ կուպաժ)։ Գինին պատրաստված է տեղածին Ոսկեհատից (60%) եւ ֆրանսիական Շարդոնեից (40%)։ Ընդ որում, Շարդոնեն խմորվել եւ հնեցում է անցել հայկական կաղնե փայտի տակառներում։ Հետաքրքիր փունջ է ստացվել եւ տեղական շուկայում շատ է սիրվել։ Այստեղ դոմինանտը Ոսկեհատն է, բայց տակառացված Շարդոնեն շատ յուրահատուկ ոճ է հաղորդել եւ գինին բերանում ուրիշ տեսակ է պառկում։ Գինու մեջ ունենք փոքրիկ մարմին, հետաքրքիր բնավորություն, որը շատ տարբեր է այլ սպիտակ գինիներից։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Գինին շուկայում հայտնվեց 2022 թվականի հոկտեմբերի վերջին, 4 հազար խմբաքանակով։ Այն ժամանակ այն մեր միակ գինին էր եւ մի փոքր ռիսկային էր մեկ պրոդուկտով շուկա մտնելը, բայց, քանի որ լավ գինի էր ստացվել, ուզում էինք օր առաջ ներկայացնել սպառողին։

Ուրիշ Արենի

Ավելի ուշ շուկայում հայտնվեց մեր կարմիր գինին՝ 10 հազար շիշ խմբաքանակով, որը մոնոսեպաժ է՝ 100% Արենի է։ Հայկական շուկայում առկա են հրաշալի արենիներ, բայց մենք փորձել ենք յուրահատուկ մի բան անել։ Երբ Արենին տակառի ազդեցության տակ շատ չի ընկնում, բավական հետաքրքիր, նուրբ, ծաղկային, մի փոքր վայրի վարդի, մանուշակի եւ գերակշռող ազնվամորու բույր է ունենում։ Գինին 6 ամիս հնեցրել ենք եւ շփումը եղել է ֆրանսիական կաղնե փայտի հետ։ Այս դեպքում փորձել ենք պահպանել թարմությունը, ծաղկային երանգները եւ տակառը չի փակել խաղողին, այլ՝ ողնաշար է տվել ու ամրացրել կառուցվածքը։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Այս գինին կարող է լավագույն ընկեր դառնալ նրանց համար, որոնք նոր են մոտենում գինու շշին։ Այն բարդ չէ, չի ստիպում իր հետ հատուկ ուտեստ ունենալ, հատուկ առիթով խմել։

Մեր գաղափարը շատ էքսպերիմենտներ անելն է՝ հայկականը՝ եվրոպականի, նորարարը՝ ավանդականի հետ, այսպիսի մոտեցումներով բազում գինիներ ենք ունենալու։

Մեր գինիները գնային միջին սեգմենտում են՝ ցանկանում ենք հնարավորինս հասանելի լինեն մարդկանց։

«Հավաքվում ենք մեր համտեսի սրահում ու փորձում գինիները»

Առայժմ մեր գործարանը չունենք։ Վարձակալում ենք գործարանի տարածք, բայց օգտագործում ենք մեր սարքավորումները, պահամանները, տակառները։ Մեզ հետ աշխատում է ամերիկացի խորհրդատու, ով տարվա ընթացքում երեք անգամ այցելում է Հայաստան։ Ունենք տեղացի երիտասարդ գինեգործ։ Ադամը նույնպես հաճախ գալիս է Հայաստան: Իր այցերի ժամանակ գործարանից բերում ենք բոլոր նմուշները, հավաքվում մեր համտեսի սրահում ու փորձում գինիները, քննարկում, վիճում, վերջում գալիս ենք ընդհանուր հայտարարի, որոշում կուպաժը, տակառից հանելու ժամանակը եւ այլ հարցեր։

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Կա հողատարածք, նախագիծ եւ պլանավորում ենք մինչեւ 2025 թվականը ոտքի կանգնեցնել մեր գինու գործարանը։ Երբ մեր երեք այգին լիարժեք բերքատվության մեջ մտնի, հնարավորություն կունենանք արտադրությունը հասցնել տարեկան մինչեւ 600 հազար շիշ։

Սիլվա Աթոյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


«Ալեքսանդրեայի» կոնցեպտը հիմնված է ընտանիքի նվիրվածության ու հայրենիքի հանդեպ սիրո գաղափարի վրա։ Ադամը բրենդն անվանել է իր երեխաների՝ Ալեքսի եւ Անդրեայի անունով։ Երբ խաղողի այգի ես հիմնում, վազ ես տնկում, այդ գործը կարող է հարյուրամյակներով շարունակվել։ Միգուցե Ադամը փորձել է այդ տարբերակով նաեւ իր երեխաներին կապել հայկական հողի հետ, քանի որ նրանք ապրում են արտերկրում։

Անի Խչոյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Alexandrea Winery-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին