×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

Սպիտակ Արենին ոչ թե «քրդի խաղող» է, այլ սեւ Արենիի «աղջիկը»

Սպիտակ Արենի՞, թե՞ «քրդի խաղող»: Հայաստանում խաղողի գենետիկայի ոլորտում արված հետազոտությունները հանգել են այն եզրակացության, որ Վայոց ձորում մշակվող «քրդի խաղող» անունը կրող սորտն իրականում Սպիտակ Արենի է:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Փետրվարի 2-ին «Մարան» ընկերությունը խաղողագործության եւ գինեգործության ոլորտի ներկայացուցիչների համար Սպիտակ Արենի խաղողի սորտին նվիրված հանդիպում-քննարկում էր կազմակերպել, որի ընթացքում ներկայացվեց Սպիտակ Արենի տեսակի գենետիկական անձնագրավորման համար արված ուսումնասիրությունների արդյունքը:

GastroVino-ն հատվածներ է ներկայացնում հանդիպումից:

Սպիտակ Արենիի մասին առաջին ակնարկը՝ 1947թ.-ին

Քրիստինե Մարգարյան, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող

Դեռ 2017 թվականին Հայաստանում խաղողի տեղածին, կորած սորտերը գտնելու ծրագիր սկսեցինք, որի հիմքը հայ-գերմանական նախագիծն էր, եւ ի շնորհիվ գերմանական JKI հետազոտական ինստիտուտի (Institute for Grapevine Breeding Geilweilerhof) հնարավոր դարձավ հսկայածավալ եւ ֆինանսական լուրջ ներդրում պահանջող ուսումնասիրությունների իրականացումը: Ուսումնասիրության առաջին նպատակն էր այդ սորտերի կենսաբազմազանության պահպանությունը, երկրորդը՝ փորձել վերհանել դրանց ներուժը:

Քրիստինե Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ուսումնասիրությունները մեզ հիմք են տվել որոշակի հիպոթեզներ կամ գիտական կարծիքներ առաջ քաշել սպիտակ Արենի սորտի մասին: Դրանք կատարելու համար հետ ենք գնացել դեպի ամպելոգրաֆիաներ (գիտություն խաղողների ձևաբանություն մասին), արխիվային նյութեր: Սպիտակ Արենիի որեւէ լուսանկար հին գրական տվյալներում չկա, միայն նկարագրություններ են:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Առաջին նկարագրությունը արել է ակադեմիկոս Մ. Թումանյանը՝ 1947 թվականին: Այնուհետեւ 1962 թվականին Ս. Պողոսյանը ամպելոգրաֆիայի 2-րդ հատորում նկարագրել է «քրդի խաղողը» եւ ասել, որ հայտնաբերվել է Եղեգնաձոր գյուղում՝ ընդամենը մի քանի վազ, որոնք արդեն իսկ եղել են 20-30 տարեկան: Երբ համեմատում ենք այս մորֆոլոգիական նկարագրությունը Սպիտակ Արենի տեսակի մորֆոլոգիական նկարագրության հետ, տեսնում ենք, որ շատ համընկնումներ կան:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Արխիվային ուսումնասիրություններից զատ՝ եղել ենք բոլոր այն մարդկանց մոտ, որոնք ասում էին, որ իրենք «քրդի խաղող» են մշակում: Շուրջ 2000 նմուշ գենոտիպավորել, սեկվենավորել ենք:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Երբ հետազոտությունները ամփոփեցինք, հասկացանք, որ «քրդի խաղող» անունը կարելի է դիտարկել որպես հոմանիշ Սպիտակ Արենիին: Այն արդեն անձնագրավորվել է եւ թե՛ մեր, թե՛ եվրոպական եւ չինական տվյալների բազաներում:

Լուսանկարը՝ Մեդիամաքս


Ուսումնասիրությունները մասամբ հերքում են շրջանառվող այն թեզը, թե խաղողի այս սորտը տնայնացվել է Մերձավոր Արեւելքում: Տնայնացումը եղել է շուրջ 11 հազար տարի առաջ, եւ եթե Մերձավոր Արեւելքում տնայնացվել է սեղանի սորտերը, ապա մեր տարածաշրջանում տնայնացվել է հենց գինու խաղողը:

Սպիտակ Արենիի «ծնողները»

Հետազոտությունն ավարտելու հետո Հայաստանի խաղողի սորտերի ծնողական ձեւերի ատլաս ստեղծեցինք եւ գտանք նաեւ Սպիտակ Արենիի «ծնողներին»: Հայրը Սեւ Արենին է, մայրը՝ Թոզոտը: Շատերի մոտ հարց կառաջանա, թե ինչու է երկու սեւ սորտից սպիտակ տեսակի խաղող ստացվել: Սրա հիմքում պտղամաշկի գունավորումը որոշող գեներն են: Ստացվել է այնպես, որ երբ բնության մեջ խաչասերվել են Սեւ Արենին եւ Թոզոտը, իրենց ոչ ֆունկցիոնալ ալելներն են համընկել եւ առաջացել է Սպիտակ Արենի սորտը:

Քրիստինե Մարգարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մեկ կարեւոր փաստ եւս արձանագրեցինք ուսումնասիրության արդյունքում՝ Սպիտակ Արենիի ծննդավայրը Վայոց ձորն է, ոչ թե Արարատյան դաշտավայրը: Պատճառն այն է, որ այս սորտի ծնողական ձեւերը տեղածին են Վայոց ձորի համար, հետեւաբար Արտաշատից հավաքած նմուշները, որոնց մշակողները վստահ ասում էին, թե դրանք «քրդի խաղող» են, գենոտիպավորումը պարզեց, որ այն Ճիլար սորտն է, որը հենց Արարատյան դաշտավայրին է բնորոշ:

Չորրորդ ամենատարածված սորտը

Ֆրունզ Հարությունյան, «Մարան» ընկերության գինեգործ

Սպիտակ Արենին Վայոց ձորում չորրորդ ամենատարածված սորտն է՝ երկու Խարջիից, Սեւ Արենիից ու Թոզոտից հետո: Սպիտակ Արենիի 30-40 տարվա տնկարկներ կան Աղավնաձորում:

Ֆրունզ Հարությունյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս


Մյուս կարեւոր բանն այն է, որ այս խաղողն ունի անուն, որը շատ հեշտ կարելի է բրենդավորել, քանի որ Հայաստանից երեւի ամենաշատը Արենի անունն է գինեգործական աշխարհին հայտնի է: Իսկ հիմա էլ արդեն գենետիկորեն ապացուցված է, որ այն Սեւ Արենիի «աղջիկն» է:

Արփի Ջիլավյան

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին